▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայի ԱԳ նախարար. «Էրդողանի հայտարարությունից հետո կինս սպառնալիքներ է ստանում»

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ իր կինը վերջին օրերին սպառնալիքներ է ստանում: Գաբրիելի խոսքով այդ սպառնալիքները արդյունք են Էրդողանի այն հայտարարության, որով վերջինս գերմանաբնակ թուրքերին կոչ էր արել առաջիկա ընտրություններին չքվեարկել «Թուրքիայի թշնամի» կուսակցությունների, այդ թվում՝ Գաբրիելի գլխավորած ՍԴԿ-ի (Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցություն) օգտին:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ գերմանական «DPA» գործակալությանը տված հարցազրույցում Գաբրիելը ասել է. «Ակնհայտ է, որ Էրդողանի ոճը որոշ մարդկանց համար կնոջս սպառնալու և «նեղը գցելու» համար մոտիվացիա է հանդիսացել: ...Էրդողանը Թուրքիան հեռացնում է ժողովրդավարությունից: Մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձը վատ բան էր, սակայն այժմ Էրդողանն իր սեփական հեղաշրջումն է իրականացնում»:

Գերմանական մեկ այլ թերթին տված հարցազրույցում Գաբրիելը մանրամասներ էր հաղորդել՝ ասելով, որ ատամնաբույժ կնոջը սպառնալիքներ են հասցվում աշխատավայրի ընդունարանում թողնված նամակների միջոցով: Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դիմելով Գերմանիայի քաղաքացի հանդիսացող թուրքերին, մասնավորապես ասել էր. «Գերմանիայում ընտրություններից 25-30 օր առաջ Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալ դեմոկրատական ու Կանաչների կուսակցության մոտ այնպիսի տրամադրվածություն կա, թե Թուրքիայի վերաբերյալ ինչքան կոշտ արտահայտվեն, այնքան շատ ձայն կհավաքեն: Ես էլ Գերմանիայում բնակվող բոլոր ազգակիցներիս կոչ եմ անում, որ հանկարծ չսխալվեն ու այդ կուսակցությունների չաջակցեն՝ ո՛չ «Քրիստոնեադեմոկրատական կուսակցությանը», ո՛չ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, ո՛չ էլ կանաչների կուսակցությանը:

Դրանք բոլորը Թուրքիայի թշնամիներն են»: Հայտարարությանն ի պատասխան Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ասել էր հետևյալը. «Էրդողանը ցանկանում է Գերմանիայի ժողովրդին իրար դեմ հրահրել: Սա նախկինում նախադեպը չունեցող հարձակում է մեր երկրի ինքնիշխանության վրա»: Էրդողանն էլ իր հերթին պատասխանելով Գաբրիելին ասել էր. «Դու ի՞նչ քաղաքական անցյալ ունես: Քանի՞ տարեկան ես»:

 Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին