▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհեթեթ է ու անհիմն.Աստղադիտարանի տնօրենը՝ «Զորաց քարեր»-ի շուրջ բարձրացված աղմուկի մասին

«Հայաստանում վերջին տարիներին գիտության մեջ լուրջ փոփոխություններ չեն կատարվել: Հիմնականում նույն ծավալի ֆինանսավորումն է, ուստի պետք է փորձենք լրացուցիչ լծակներ օգտագործել, իսկ դա միջազգային ասպարեզում գիտության կարևորումն է:

Եթե որևէ աստղագետ լավ արդյունք է ստանում, բնականաբար, այդ մասին խոսում են բոլոր հարթակներում՝ միջազգային ամսագրեր, գիտաժողովներ: Աշխարհում գոյություն չունի այնպիսի փոքր պետություն, ինչպիսին Հայաստանն է, որ այսպիսի մակարդակի գիտություն ունի: Սա մեր առավելությունն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Նրա խոսքով՝  Աստղադիտարանն ունի  տեխնիկական հագեցվածության խնդիր: Սարքավորումների արժեքը շատ բարձր է:

Արեգ Միքայելյանն անդրադարձավ  նաև «Զորաց քարեր»-ի շուրջ ծավալվող խոսակցություններին.

«Բոլորս հասկանում ենք, որ նախկինում գիտությունը չէր կարող մասնագիտացված լինել: Ամեն ինչ միասին էր: Եգիպտական քրմերը նաև աստղագետներ էին, այսինքն, դա չէր կարող լինել մասնագիտացված աստղադիտարան, բայց այն, որ մեր նախնիներն ունեցել են աստղագիտական գիտելիքներ, ձգտում է եղել ուսումնասիրել երկինքը, այն, որ կրոնն առաջացել և կապվել է երկնքի հետ, դա նշանակում է, որ  առեղծվածային երկնքի նկատմամբ մարդիկ հետաքրքրություն ունեցել են,  փորձել են ուսումնասիրել, ավելին՝ մոլորակները կոչել են աստվածների անուններով: Եվ նրանք, ովքեր, որ պնդում են, թե «Զորաց քարեր»-ն աստղադիտարան չի եղել, հասարակ օրինակ եմ բերում.ենթադրենք նրանց ասածն է՝  անասունները քաշել են քարերը, դրա համար են անցքերը: Անհեթեթ տեսակետ է դա ինձ համար, բայց, ամեն դեպքում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ են քարերն այդ դիրքով, ինչո՞ւ հողի մեջ թաքցած չեն եղել: Ավելին, չե՞ք կարծում, որ անգամ հասարակ գյուղացին կգար, կտեսներ քարերն ու նրան կհետաքրքրեր, թե անցքից ի՞նչ է երևում: Ու նայողներից մեկը չէ՞ր նկատի, որ այդ ուղղությամբ աստղ է երևում: Դա կդրդեր, որ մարդիկ զբաղվեին աստղագիտությամբ, այնպես որ՝ պնդել, թե աստղագիտական նշանակություն չունի դա, անհիմն է»,-նկատեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

Asekose.am-ի թղթակցի հարցին՝  ինչո՞ւ աստղագետները չեն փորձում շարունակել ժամանակին սկսած, բայց ավարտ չունեցած ուսումնասիրությունները և ինչո՞ւ  հնագետների հետ չեն համագործակցում, պարոն Միքայելյանը պատասխանեց.

«Ցավոք, ոչ ոք ուշադրություն չի դարձնում Հայաստանում աստղագիտական մեծ ժառանգությանը: Աստղագետներն այսօր, իրոք, դեռ ոչ մի լուրջ ուսումնասիրություն չեն կատարել՝ օրինակ քարերի վրա առկա անցքերի ուղղությունների հետ կապված: Սա աստղաֆիզիկոսի գործը չէ, կան պատմաաստղագիտությամբ զբաղվող գիտնականներ, կարելի է այլ երկրներից էլ մասնագետների  հրավիրել»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին