▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր մեջ համարձակ տղա չկա…». Տավուշում կինը մտել է այրման հորը` շանը փրկելու և զրկվել է ոտքի մատներից

1in.am-ը գրում է. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Միքայել Եզեկյանի գործի դատական քննությունը:

28-ամյա Միքայել Եզեկյանը «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ տնօրենն է:

Գործով տուժող, 27-ամյա  Լիաննա Զ.-ն  «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ում որպես օպերատոր-մեքենավար աշխատել է 2015 թվականի հոկտեմբերից:

2016 թվականի հուլիսի 8-ին, առավոտյան ժամը 7-ի սահմաններում Լիաննան գործընկերներից իմացել է, որ ընկերության մասնաշենքի հարակից տարածքում գտնվող , գործարանի թափոնները ոչնչացնելու համար նախատեսված 4-6 մետր խորությամբ փոսի մեջ, որի մակերեսը մասամբ ծածկված էր մետաղե ճաղավանդակով, շուն է ընկել:

Ըստ մեղադրանքի՝ չգիտակցելով, որ փոսի մեջ հնարավոր է՝ թափոնների այրումից մնացած ջերմություն լինի, Լիաննա Զ.-ն ինքնակամ ցատկել է փոսի մեջ՝ շանը փոսից դուրս բերելու նպատակով, սակայն ինքը ստացել է երկու ստորին վերջույթների, , աջ նախաբազկի 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ, որոնք առաջացրել են նրա առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Դեպքի մասին նույն օրը անմիջապես իրեն զանգել ու հայտնել են: Ինքն ասել է, որ տուժածին անմիջապես տեղափոխեն Երևան: Իր աշխատողներն ասել են, թե հոսպիտալի բժշկի հետ խոսել են, նա հավաստիացրել է, թե տուժողի մոտ բարդություն չկա, քսան օրից նա կապաքինվի:

Երկու օր անց ինքը խոսակցություններից հասկացել է, որ տուժածի բուժումը նորմալ չի իրականացվում, նա ցավեր ունի: Ինքը նորից է ասել, որ Լիաննային տեղափոխեն Երևան: Տրանսպորտի հետ կապված խնդիր չի եղել:

Երկու-երեք օր անց հարազատների ու ՍՊԸ-ի համատեղ ուժերով Լիաննան տեղափոխվել է Երևան:

Ինքը գնացել է այրվածքաբանական կենտրոն, անձամբ խոսել է բուժող բժշկի հետ: Վերջինս ասել է, թե հիվանդին պլազմա, հեղուկ չի տրվել, նա ջրազրկվել է, ոտքերի այրված մասերը չորացել են, ոտքերը, հնարավոր է, ամպուտացիայի ենթարկվեն:

Ինքը խնդրել է հնարավոր ամեն բան անել: Հակագանգրենային դեղ է գնել, ներարկել են, Լիաննայի մոտ դադարելէ գանգրենայի վտանգը:

Ամբաստանյալը նշել է, որ արտադրական թափոններն այրվում են արտադրական տարածքից մոտ քսան մետր հեռավորության վրա գտնվող, 6 մետր խորություն ունեցող փոսում: Թափոնների այրման օրվա ու ժամի վերաբերյալ գրաֆիկը փակցված է արտադրամասի ամենատեսանելի մասում, ով մտնում է արտադրամաս կամ դուրս է գալիս, տեսնում է այդ գրաֆիկը:

Ամբաստանյալը նշել է՝ չափահաս մարդիկ են աշխատողները, անվտանգության մատյանում ստորագրելու ժամանակ պետք է հասկանային՝ ինչ են ստորագրում: Աշխատողներին հրահանգավորված է, որ 3 մետրից ավելի չմոտենան փոսին: Եթե աշխատողը այդ տարածությունից ավելի էր մոտենում, նկատողություն էր ստանում, տուգանվում էր…

Գործով տուժող Լիաննա Զ.-ն հայտնել է, որ դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 8-ի վաղ առավոտյան արտադրամասում իրեն է մոտեցել աշխատողներից՝ Ալվարդը ու ասել է, որ արտադրամասի կողքի փոսը շուն է ընկել, որը ոռնում է, խեղճին չեն կարողանում հանել փոսից: Ինքն Ալվարդի հետ դուրս է եկել արտադրամասից, , մոտեցել է փոսին: Փոսում շուն կար, փոսից կրակ կամ ծուխ չէր բարձրանում, այն լիքն էր, խորությունը չէր երևում, ջերմություն նույնպես չէր զգացվում, որ հասկանար, թե փոսում այրում է տեղի ունենում:

Շանը փոսից հանելու համար ինքը փորձել է տախտակի միջոցով իջնել, բայց սայթաքել ու ընկել է փոսը: Զգացել է, որ այրվում է, օգնություն է խնդրել: Ներկաները փայտի կտոր են բերել, ինքը դրա օգնությամբ բարձրացել է: Շտապօգնության մեքենայով իրեն տեղափոխել են Բերդի հոսպիտալ:  Երկու օր մնացել է այնտեղ: Բայց քանի որ բուժում չեն կատարել, եղբայրն իրեն տեղափոխել է Երևան: Ինքը վեց վիրահատություն է տարել, ոտքերի մատները ամպուտացիայի են ենթարկել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին