▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորվել է երկու անձ` այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյան

 

Կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կ. Չ.-ն, Աբովյան քաղաքի բնակչուհուն վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունները «դրական» գնահատելու դիմաց, նույն բաժանմունքի առանձին ծառայողների հետ կաշառք է ստացել եւ պաշտոնեական կեղծիք կատարել, որի հետեւանքով  ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող անձը ստացել է վարորդական իրավունքի վկայական:

Այսպես, 2017թ. մայիսի 16-ին` Աբովյան քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ն, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ, «Աբովյան տեխնիկական դպրոց» ընկերության գործնական վարման վարպետ Ա. Կ.-ին, ով վստահեցրել է, որ իր միջնորդությամբ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքում քննությունները ձեւական բնույթ կկրեն:

Ն. Մ.-ն, հասկանալով, որ համապատասխան գիտելիքներ չունեցող անձին վարորդական վկայական տրամադրելը կարող է վտանգավոր հետեւանքներ առաջացնել, դրանք կանխելու նպատակով դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում հիշյալ քաղաքացին կաշառքի գումարը տվել է Ա. Կ.-ին եւ վերջինիս ուղեկցությամբ գնացել «Ճանապարհային ոստիկանության» Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունք: Այնտեղ կաշառքի գումարը փոխանցվել է ոստիկանության աշխատակիցներին, այդ թվում` Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կ. Չ.-ին: Ստացած կաշառքի դիմաց վերջինս, տեսական քննության ժամանակ Ն. Մ.-ի կողմից հարցերին սխալ պատասխանելուց հետո, ինքն է կատարել անհրաժեշտ շտկումները, այնուհետեւ նույն բաժանմունքի մեկ այլ տեսուչի անունից կազմել եւ ստորագրել է տեսական քննություն հանձնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառող արձանագրություն` այդ կերպ ապահովելով գործնական քննությանը Ն. Մ.-ի մասնակցությունը: Ընդ որում, չնայած Ն. Մ.-ի կողմից թույլ տված սխալներին, գործնական քննության արդյունքները նույնպես գնահատվել են «դրական»: Արդյունքում` նույն օրը, տեսական գիտելիքներ չունեցող եւ ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող Ն. Մ.-ին տրվել է «B» կարգի վարորդական իրավունքի վկայական: 

Այսպիսով, կաշառք ստանալու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կ. Չ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ կաշառքի միջնորդության համար Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Կ. Չ.-ի եւ Ա. Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին