▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկարան ու Բաքուն Վրաստանին «ներքաշում» են ռազմական դաշինքի մեջ

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սեպտեմբերի 25-ին Վրաստանում այդ երկրի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնում (JTEC) մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի Eternity-2017 համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունը: Նպատակը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովման գործողությունների մշակումն է: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Վրաստանի և Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբների ղեկավարմամբ անցկացվող զորավարժությունը կավարտվի սեպտեմբերի 29-ին: Վարժանքների սցենարը «հենվում է խաղաղապահական գործողությունների» վրա, որոնք ենթադրում են ճգնաժամային իրավիճակներում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի պաշտպանության ապահովում:

Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է: Ինչպես հայտնել է Վրաստանի ազգային վիճվարչությունը, նախորդ տարի Ադրբեջանը Վրաստանի տնտեսության մեջ ներդրել է 550 միլիոն դոլար, ինչը կազմում է ուղիղ ներդրումների 35%-ը: Թուրքիան նույն վիճվարչության տվյալներով՝ 73 միլիոն (5%) ներդրումներ է կատարել: Այսինքն՝ թուրք-ադրբեջանական ընդհանուր ներդրումները վրացական տնտեսության մեջ գոնե նախորդ տարվա տվյալներով կազմել են ուղիղ ներդրումների 40%-ը, ինչը զգալի թիվ է:

Թուրք-ադրբեջանական ներդրումները վրացական տնտեսության մեջ նաև քաղաքական լծակներ, ազդեցություն ստեղծելու նախապայման են. ադրբեջանական ներդրումները տրանսպորտային՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրացական հատվածը կառուցվում է ադրբեջանական վարկով, էներգետիկ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, TANAP և այլ նախագծեր, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամրջի նախագծերը հագեցնում ու հարստացնում են Թբիլիսի-Բաքու, Բաքու-Թբիլիսի-Անկարա հարաբերությունների օրակարգը:

Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնք, որը Բաքվի կողմից ազդեցության՝ այս անգամ դեմոգրաֆիկ ազդեցության լծակ է: Ադրբեջանական իշխանությունները ներդրումներ են կատարում ադրբեջանաբնակ շրջաններոմ՝ Քվեմո-Քարթլի և այլն, որպեսզի տեղի ադրբեջանցիները չարտագաղթեն, բնակվեն Վրաստանում, հետադարձ կապ պահպանեն Ադրբեջանի հետ. կառուցվում են մզկիթներ, որպեսզի այդ բնակչության մեջ պահպանվի թյուրքական, իսլամական գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ պահին օգտագործվելու է թե՛ տեղի հայերի (Քվեմո-Քարթլիում կան նաև հայաբնակ գյուղեր կան), թե՛ ՀՀ-ի դեմ (ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին):

Վրաստանի բնակչությունը ծերանում է, վրացիների մոտ ժողովրդագրական ճգնաժամ է, որը շուտով աղետի է վերածվելու: Թուրք-ադրբեջանական տանդեմն այդ ժամանակ օգտագործելու է թե՛ արտագաղթը Ջավախքից՝ այնտեղ թուրք-մեսխեթցիներ, մահմեդական աջարացիների, շինարարների անվան տակ ադրբեջանցիներ ու թուրքեր բնակեցնելով (Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությամբ հիմնականում զբաղվում են ադրբեջանցիները, շուտով հէկերի կառուցման ծրագրեր են կյանքի կոչվելու) բնակեցնելով, ինչի հետևանքով ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով՝ Աջարիայից, դեմոգրաֆիկ դեմքի փոփոխությունից հետո Ջավախքով մինչև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի ձգվելու է թյուրքական-մահմեդական առանցքը, այսինքն՝ ՀՀ-ի հյուսիսային դե-յուրե՝ հայ-վրացական սահմանը դե-ֆակտո վերածվելու է հայ-ադրբեջանա-թուրքական սահմանի:

Վրաստանի իշխանությունները դրան ոչնչով չեն կարող հակազդել, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ներդրումների պատճառով Թբիլիսին ընկնելու է մեծ կախվածության մեջ այդ երկու պետություններից ու սկսի գործել նրանց ուղեծրի, արտաքին քաղաքական ուղենիշների ներքո:

Այդ հարցին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ ՀՀ-ի ու Սփյուռքի ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում ղարաբաղյան հարցի ու Հայոց ցեղասպանության վրա, սակայն Վրաստանում հայաթափության, հայկական գործոնի տարեցտարի նվազման ու ադրբեջանա-թուրքական գործոնի ավելացման մասին քիչ է խոսվում, սակայն դա «չպայթած ռումբ» է ՀՀ-ի ազգային անվտանգության ու սահմանների անձեռնմխելիության համար:


Արտեմ Բալասանով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին