▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային դափնեկրի կոչմանն արժանացած առաջին հայ երաժիշտը, ում նկարը երկար ժամանակ չի իջեցվել Հրապարակից

«Նրան մոռացել են Հայրենիքում, բայց շատ լավ հիշում են արտերկրում»,- մասնագիտությամբ թուրքագետ, ասպիրանտ Սերգեյ Մանվելյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ դասական կատարողական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ, լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի մասին  գիրք է գրել, որտեղ ամփոփված են նրա կյանքի և բեմական գործունեության վերաբերյալ արժեքավոր նյութեր՝ հուշեր, հոդվածներ, լուսանկարներ, նամակներ:

«Առաջին մասում Մեդեայի հուշերն են. ներկայացված են մարդիկ, ովքեր մեծ դեր են խաղացել նրա ստեղծագործական հասունացման գործում: Սկսում եմ նրա մանկությունից:  Տիկին Մեդեան խոսում է նաև իր անվան մասին՝ նշելով, որ իրեն այդպես տատիկն է կոչել՝ դերասանուհի  Սաթենիկ Աբրահամյանը, ով 1920-30-ական թվականներին խաղացել է Հայաստանի նորաստեղծ Առաջին պետական թատրոնին կից ստուդիայում(այժմ՝ Գ.Սունդուկյանի անվան ազային ակադեմիական թատրոն), մասնակցություն ունեցել «Մեդեա» ներկայացման մեջ:

Անդրադարձ կա պատմական մի իրադարձության՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել 1957 թվականին:

Մեդեա Աբրահամյանն ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան, որպես մենակատար հրավիրվել է Հայֆիլհարմոնիա և մայրը որոշել է թավջութակի հարցով դիմել Վազգեն Առաջինին, ով խոստացել է նամակ գրել իր մեծահարուստ ընկերոջը: Մեկ ամիս անց նրանք նամակ են ստացել.պարզվել է՝ գործիքն արդեն գնված էր:

«Ճաշից հետո սենյակ բերվեց ֆարոտի գործիքը: Երբ այն հանեցին պատյանից, ինձ թվաց, թե Իտալիայից պետք է բերած լինեին հին և չգիտեմ ինչու՝ սև գործիք, բայց այդպես չէր: Հանդիպման ավարտին Վեհափառն ինձ ու մայրիկիս մեկական ժամացույց նվիրեց, մետաքսյա շարֆ և արտասահմանից ուղարկված գործվածքներ՝ բեմական զգեստների համար»,-հիշում է տիկին Մեդեան:

Թավջութակահարուհու կյանքում մեծ դեր է ունեցել նաև Մստիսլավ Ռոստրոպովիչը՝ ժամանակի մեծագույն երաժիշտներից մեկը, ով 1953 թվականին Ռումինիայում հանուն խաղաղության և բարեկամության երիտասարդության և ուսանողության 4-րդ փառատոնի ժամանակ  գնացել է ետնաբեմ ու խնդրել, որ Մեդեան սովորի Մոսկվայի կոնսերվատորիայում:

Գրքի երկրորդ մասում լուսանկարներ, ազդագրեր են, հոդվածներ: Երրորդում նամակներ են ծնողներից, արտերկրի երաժիշներից: Իսկ վերջում նվագացանկն է»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերգեյը:

Նրա փոխանցմամբ՝ գրքում 21 լեզուներից թարգմանված նյութեր կան: Անդրադարձել է  հոդվածների, որոնք գրվել են թավջութակահարուհու՝ այս կամ այն երկիր այցելության ժամանակ:

«Այսօր մոռացված անուն է, բայց ժամանակին շատ մեծ  հեղինակություն է եղել: Արգենտինայում մինչ օրս պաշտում են նրա երաժշտությունը: Ուկրաինայի ֆիլհարմոնիայի տնօրենը, դաշնակահարներից մեկն ու ևս մեկ կոմպոզիտոր վերջերս նամակ էին գրել նրա անունով բացված ֆեյսբուքյան էջին, որը ես եմ վարում: Հետաքրքրվում էին, թե ինչպե՞ս է, ի՞նչ է անում:

Նա եղել է 1950-90-ական թվականների հայ կոմպոզիտորների մուսան: 100-ից ավելի երաժշտություններ գրվել են միայն նրա համար:  Թավջութակը, որը մինչ այդ եղել է նվագախմբային՝ Մեդեա Աբրահամյանի շնորհիվ լայն տարածում է ստացել որպես առանձին գործիք: Նա առաջին հայ երաժիշտներից մեկն է, ով միջազգային դափնեկրի կոչմանն է արժանացել՝ 1955 թվականին՝ Պրահայում: Ու այդ առիթով իր ուսուցչի՝ Լևոն Գրիգորյանի հետ 1952 թվականին արված լուսանկարը կախվել է Հանրապետության Հրապարակում և երկար ժամանակ չի իջեցվել: Այն ժամանակ միջազգային մրցույթում հաղթելն այսօրվա նման հեշտ չի եղել»,-ընդգծեց գրքի հեղինակը:

Քանի որ Սերգեյ Մանվելյանը, 23-ամյա այս երիտասարդը նաև  «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» գրքի հեղինակն է, հետաքրքվեցինք, թե ի՞նչ տվեց նրան երկու կյանքերի ուսումանսիրությունը.

«Երկուսի մարդկային որակներն ինձ գրավել են: Տիկին Մեդեան ինձ խորհուրդ է տվել ապրել արժանապատիվ կերպով, կյանքը ծառայեցնել ինչ-որ մի արժեքի ստեղծմանը, իզուր չանցկացնել այն: Նա ինձ սովորեցրել է թվիստ պարել: Մի անգամ էլ Կասկադի աստիճանները այդ տարիքում գերադասեց ոտքով իջնել, քան օգտվել շարժասանդուղքներից: Շատ օրինակելի է…. »,-նկատեց Սերգեյը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին