▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովո՞ւրդն է սպանություն, բռնաբարություն քարոզող սերիալներ պահանջում

1996-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 21-ը հռչակեց Հեռուստատեսության համաշխարհային օր։ Այս օրն անցկացվել է առաջին Համաշխարհային հեռուստատեսության ֆորումը։

«Հայկական հեռուստատեսության լավագույն տարիները 1950-60-ական թվականներն են եղել»,-վստահ է հիմնադիրներից լրագրող Համլետ Մանուկյանը, ում խոսքով՝ հիմա Հանրային հեռուստաընկերությունն ու մյուսներն ընդօրինակում են ռուսական ալիքների հաղորդումները և շատ ցածր մակարդակով մատուցում:

Հեռուստատեսությունում ավանդ ունեցած, հեռուստաֆիլմերի ու հաղորդումների սցենարիստ Էդուարդ Եդիկիսելյովը նույնպես դժգոհ է: Ասում է՝ գիտության, մշակույթի մասին գրեթե հաղորդում չկա.

«Ժամանակին մեր մեծերի մասին ֆիլմեր էինք նկարում, որոնք ուսուցանող էին, իսկ հիմա սերիալներ են, որտեղ սպանություն է, բռնաբարություն...Համամիտ չեմ, որ ժողովուրդն է պահանջում: Մենք պետք է պահպանենք մեր ավանդույթները»,-նշեց Էդուարդ Եդիկիսելյովը:

Ամեն մեկին եթեր տալու մասին էլ խոսեցին.

Համլետ Մանուկյանը հիշեց՝ ժամանակին Հրանտ Մաթևոսյանին են հրավիրել՝ չի եկել, նույնը նաև Փարաջանովի դեպքում.

«Մաթևոսյանը գյուղի մասին փոքրիկ պատմվածք ուներ: Ներկայացնում էր ժողովրդի տանջալի կյանքը: Որոշեցի հրավիրել հեռուստաընկերություն՝ աշխատելու: Եղբայրն ասաց, որ չի գա, զզվել է ամեն ինչից:  Ես պնդեցի ու զանգահարեցի: Հրանտ Մաթևոսյանն ասաց, որ առաջին մարդն է, ով իրեն ինչ-որ տեղ է հրավիրում ու հավելեց՝ գիտե՞ս, որ թույլ չեն տա ինձ գալ, հետո հավելեց՝ գրողը չի կարող լրագրող լինել:

Փարաջանովն էլ նոր էր բանտից ազատ արձակվել, եկել էր ֆիլմ նկարելու, զանգեցի, հրավիրեցի հյուր, որպեսզի զրուցեինք, ասաց՝ թույլտվություն վերցրե՞լ ես պետից, ասացի՝ կվերցնեմ: Գնացի՝ թույլ չտվեցին»:

Վստահ է՝ սխալ էր նման մարդկանց եթեր չտալը, իսկ հիմա ում ասես հնարավորություն են տալիս խոսելու: Անընդունելի ծայրահեղություն է:

Հետաքրքիր դեպքեր էլ են եղել.Էդուարդ Եդիկիսելյովը հիշում է՝

«Անուշ» օպերայի համար մի 15 ոչխար էինք պատվիրել, որ նկարեինք: Սարերն էինք բարձրացել ու, երբ պատրաստվում էինք գործի անցնել՝ ոչխարները փախան: Ամբողջ խումբը՝ օպերատոր, դերասան ու երաժիշտ, ընկել էին ոչխարների հետևից»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին