▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ գույնը հողն է.Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է

«Չհավատաք, եթե ասեն, որ մահացել եմ։ Ես կմեռնեմ Ստամբուլի պատերի տակ»:

«Գույներով չեմ պատկանում այս կամ այն կուսակցությանը, իմ գույնը հողն է»:

«ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ Է եվ ՎԵՐՋ .... Ո′չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ո′չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել, ո′չ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումյան, Գետաշեն, Արցախի հանձնումը, ինչպես նաեւ մնացած ՀԱՅ հողերը.....»

Լ.Ազգալդյան

Այսօր Արցախյան ազատամարտի ամենանվիրյալ հերոսներից մեկի՝ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է: 

Ծնվել է 1942 թ. նոյեմբերի 22-ին քաղաք Թբիլիսիում (Վրաստան): 1947-1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան թիվ 25 դպրոցում:

1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը, որն ավարտել է 1966 թ.` ստանալով ռադիոֆիզիկոսի մասնագիտություն:

1966-1968 թթ. աշխատել է ՀԽՍՀ Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում,  «Էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, ԵՊՀ-ի  «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորումում` որպես համակարգչային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի բաժնի վարիչ:

Արցախյան շարժման առաջին օրից Լ. Ազգալդյանը պայքարի առաջամարտիկներից էր:

1989 թ.  «Անկախության բանակ»-ի հրամանատարն էր: Կազմակերպել է Վարդենիսի և Մեղրու շրջանների ինքնապաշտպանությունը: Մասնակցել է Նյուվադիի առաջին գրոհին:

1990 թ. վերջերից Լ. Ազգալդյանը մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, այնուհետև Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

1991 թ. հունիսին իր համախոհների հետ միասին ստեղծել է ՙԱզատագրական բանակ՚ ռազմական կազմակերպությունը և մինչև կյանքի վերջը եղել նրա գլխավոր հրամանատարը:

Լ. Ազգալդյանը զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մերձակայքում թշնամու դավադիր գնդակից: Նրա աճյունն ամփոփված է Երևան քաղաքի Թոխմախ կոչվող գերեզմանատանը` իր ծնողների աճյունների մոտ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին