▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կա հայկական եկեղեցու տակ

Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու հիմքի ուսումնասիրման ժամանակ գաղտնարան է հայտնաբերվել: Այդ թաքստոցը եկեղեցու ներսում՝ հարավային պատիկ տակ է: Այդ գաղտանարանը զմռսված էր, և մինչ այժմ այն ուսումնասիրված չէ,-օրեր առաջ գրել էին լրատվամիջոցները:

Հնագետ Համլետ Պետրոսյանը, ում ղեկավարությամբ իրականացվել են պեղումները, զմռսված գաղտնարանի մասին տեղեկությունը անհիմն է համարում:

-Այո՛, խիստ ուշագրավ կառույցի մի հատվածն է պեղվել, բայց առայժմ վերջնական եզրակացությունների համար բավարար արդյունքներ չունենք: Մենք 2017 թ. օգոստոսին հետազոտել ենք Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու ներսում պատահականորեն հայտնաբերված ստորգետնյա կառույցը: Պարզելու համար հիմքերի վիճակը՝ վերականգնող մասնագետները հորատներ են փորել եկեղեցու անկյուններում դրսից, և հարավային պատի հիմքին զուգահեռ՝ նրա միջնամասում դրսից և ներսից: Ներսում պատի հիմքը ստւգելիս բացվել է այդ հիմքին զուգահեռ կառուցված գետնուղու մի հատվածը, ինչն էլ հիմք է հանդիսացել ներկա հնագիտական հետազոտության համար: Տասնօրյա պեղումների ընթացքում բացվել են գետնուղու ներքին ծավալը (0,70*0,50*6,50 մ), նրան հյուսիսից հարող աղոթասրահի հատվածը (մակերեսը՝ 2*2 մ, խորությունը՝ 1,10 մ), եկեղեցու հարավ-արևմտյան անկյունը դրսից (2,50*1,0*1,0 մ), հյուսիսային պատի միջնամասին կից հատվածը ներսից (1,50*0,80*0,80 մ): 

Պեղումները երևան բերեցին եկեղեցու կառուցման որոշ մանրամասներ.պարզվեց՝ եկեղեցին կառուցվել է արհեստականորեն ստեղծված ընդարձակ հարթակի վրա, հարավային եզրին: Հարթակը կազմված է սովորական հողի և քարերի խառնուրդից, և տոփանման կամ ամրացման որևէ հետք չի կրում: Եկեղեցու հյուսիսային պատն էլ հիմքեր չունի: Սա խիստ արտառոց էր. պատն ու կանստրուկտիվ կարևորություն ունեցող սյունն ուղղակի հիմքեր չունեն: Հարավային պատը, ինչպես պարզեցին պեղումները, դրված է բուն պատի համեմատ ավելի լայն քարուկիր հիմքի վրա, ընդ որում հիմքը շատ ավելի կանոնավոր շարված ու սվաղված է, քան բուն պատը: Կարելի է ենթադրել, որ կամ հատուկ ուշադրություն են դարձրել հարավային պատին, քանի որ այն դարավանդի եզրին է, կամ էլ հիմքը, որի վրա դրված է հարավային պատը, կառուցվել է եկեղեցուց անկախ և մինչև եկեղեցին, որպես ընդարձակ դարավանդ-հարթակի այդ մասն ամրակայող եզրապատ: Եվ հետագայում, եկեղեցին կառուցելիս, ուղղակի օգտագործել են այն, և նրա  վրա դրել հարավային պատը:

Գետնուղին իրենից ներկայացնում է նեղ խրամատանման մի միջանցք, որը ձգվում է այդ եզրապատ-հիմքին զուգահեռ (խորությունը՝ մոտ 0,50 մ, լայնությունը՝ 0,50 մ, երկարությունը՝ 6,50 մ), անցնում է հարավային պատկից սյան տակով, միանում արևելյան և արևմտյան պատերին ներսից: Գետնուղին կառուցելու համար դարավանդի եզրապատին զուգահեռ կրաշաղախով միաշար պատ է դրվել: Գետնուղին ծածկվել է կոպտատաշ տափակ սալերով, ընդ որում հիմքի և բուն պատի միացման տեղում պահունակային եղանակով կրաշաղախի օգնությամբ ավելի փոքր քարեր են շարել, ինչը հնարավորություն է տվել ավելի փոքր ծածկասալեր օգտագործել: Այս մանրամասները փաստում են, որ գետնուղին կառուցվել է եկեղեցու կառուցման հետ միաժամանակ: Գետնուղին պեղված հատվածում որևէ մուտք (կամ ելք) չի ունեցել, չի միացել կամ չի առաջնորդել դեպի մի որևէ մի այլ կառույց: Նրանում նյութական մշակույթի որևէ առարկա չի հայտնաբերվել: Այն հիմնականում դատարկ էր, միայն արևելյան ու արևմտյան ծայրամասերում առկա էին միջին մեծության քարերի կուտակումներ՝ տեղ-տեղ մինչև առաստաղ: Փլուզման վտանգը թույլ չի տվել պարզել, թե ինչպե՞ս են ավարտվում գետնուղու արևելյան և արևմտյան ծայրերը: Միայն ենթադրելի է, որ դրանք հանգում են համապատասխան պատերին: Այսպիսով, մենք գործ ունենք պլանավորված կառուցված ստոգետնյա մի անցքի հետ, որը որևէ իր չի պարունակում՝ այսինքն թաքստարան չէ, որևէ տեղ չի տանում, թվում է մուտք ու ելք չունի: Ցավոք, հայ եկեղեցական ճարտարապետության պատմության մեջ կառույցի հիմքերը, ստորգետնյա կառույցներն ու բաղադրիչներն այնքան էլ լավ չեն ուսումնասիրված: Առավել հայտնի են աղոթասրահների ու բեմերի տակ գտնվող դամբարանները, հատկապես վաղ քրիստոնեական, նաև Արցախում, ներառյալ Դադիվանքը (նկատի ունենք Դադիին վերագրվող և դամբարան համարվող ստորգետնյա կառույցը): Մենք չգիտենք, թե ի՞նչ կա հայկական եկեղեցու հատակից ներքև: Անցած տարի եկեղեցիների բեմերի ներքո 3 դամբարան գտանք: Հնագիտությունը երբեք չի զբաղվել եկեղեցական կառույցների ստորգետնյա հատվածներով:

Դադիվանքի անցքը կառուցված է արհեստական դարավանդի անմիջապես եզրին, որից դեպի հարավ հաջորդում է մոտ չորս մետրանոց անկում, որտեղ տեղադրված է 13-րդ դարի սկզբին (համաձայն արձանագրության՝ 1211 թ.) կառուցված այսպես կոչված տաճարը, մենք ավելի հակված ենք այստեղ տեսնել դրենաժային կառույց, որով պիտի հեռացվեին վերին հարթակում՝ եկեղեցու տակ կուտակվող ստորգետնյա ջրերը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հնագետը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին