▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ աստղագետները հազվագյուտ տեսակի փոփոխական աստղ են հայտնաբերել

Տարին ամփոփեցին նաև աստղագետները: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը: Նրա խոսքով՝ կարևոր գիտական արդյունքներից է  հազվագյուտ տեսակի փոփոխական աստղի, մեծ հեռավորության վրա թզուկ ածխածնային աստղի, մեծ թվով փոփոխական ռադիոաղբյուրների հայտնաբերումը։

Տնօրենի փոխանցմամբ՝ տարվա ընթացքում 60-ից ավելի գիտական հրապարակումներ են եղել, 18 գիտաժողովներ, 27 սեմինարներ, 85 գիտական զեկուցումներ, աստղադիտարանում գիտահետազոտական բաժիններ են ստեղծվել, իրականացվել է արդյունավետ երիտասարդ գիտաշխատողների հավելավճարների ծրագիրը։ 2017թ.-ին Թուրքիան անդամակցել է Հայսատանում գործող տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին, ՀՀ բնապահպանության նախարարության եւ Բյուրականի աստղադիտարանի միջեւ ստորագրվել է համաձայնագիր աստղադիտարանի տարածքում դենդրոպարկ ստեղծելու նպատակով՝ բուսական լավագույն ծառատեսակներով:

Արեգ Միքայելյանի խոսքով՝ աստղադիտարանը հարուստ բուսաբանական այգի ունի և ամբողջ տարածքը բնապահպանական տեսանկյունից իրենից մեծ արժեք է ներկայացնում, ուստի նման որոշում են կայացրել:

Հիշեցնենք, որ մենք ավելի վաղ տեղեկացրել էինք Հայաստանում գործող տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին նոյեմբերի 17-ին պաշտոնապես Թուրքիայի միանալու մասին: Պայմանագիրը ստորագրելու նպատակով մեր երկիր էր ժամանել աստղագետ, Ստամբուլի համալսարանի դոցենտ, Ստամբուլի աստղագիտական ընկերության ներկայացուցիչ Սինան Ալիշը:

Asekose.am-ի թղթակցի՝ ինչպե՞ս կայացվեց նման որոշում, չէ՞ որ նախկինում Թուրքիան չէր ցանկանում համագործակցել Հայաստանի հետ հարցին պատասխանելով՝  Սինան Ալիշը ասել էր.

«Նախկինում եղել են անհատական համագործակցություններ, այսինքն, նեղ շրջանակներում, բայց, քանի որ ստեղծվեց տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, համագործակցությունն ավելի կընդլայնվի: Միջազգային աստղագիտական կենտրոնը կարելի է ասել՝ հովանավոր, միջնորդ կդառնա: Աստղագիտությունը նաև Թուրքիայում է զարգացած և հայերի հետ նախկինում մեծ կապ ունեցող Էրզրումում 4 մետրանոց աստղադիտակ է տեղադրվելու, որը տարածաշրջանում ամենամեծն է լինելու: Ի դեպ, Իրանն էլ 3,5 մետրանոց դիտակ է պատրաստում: Մի խոսքով՝ տարածաշրջանը հզորանում է: 2018 թվականին մեզ մոտ կլինի ամառային դպրոց, որին հնարավորություն կունենան մասնակցել նաև հայ ուսանողները: Ծախսերը կհոգա Թուրքիան»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին