▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես իմ արածն արեցի. քյավառցին «կլյուչով» ջախջախել է կնոջ գլուխը

1in.am-ը գրում է. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Կամո Ս.-ի գործի քննությունը:

Նախաքննական մարմինը 48 –ամյա Կամո Ս.-ին մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Կամոյի կինն էր:

Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Կամո Ս.-ն հանցավոր արարքը կատարել է հիվանդագին խանգարված վիճակում՝ ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ: Կամո Ս.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Դատարանը քննել է նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:

Ըստ սպանությունից հետո առաջադրված մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 7-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում Կամո Ս.-ն իրենց ննջասենյակում «մեքենաների ընթացամասերի նորոգման համար նախատեսված բանալիով»՝ «կլյուչով», իր կին Նինել Ս.-ի գլխին բազմաթիվ հարվածներ է հասցրել ու սպանել է:

Նախաքննության ընթացքում Կամո Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրն ինքն ու կինը պառկած են եղել ննջասենյակում: Ինքը վեր է կացել, իջել է նկուղ, վերցրել է «կլյուչը», վերադարձել է ննջասենյակ: Կինը անկողնում պառկած էր: Չգիտի՝ քնած էր, թե՝ ոչ: Ինքը աջ ձեռքում եղած «կլյուչով» միանգամից հարվածել է կնոջ գլխին: Քանի անգամ է հարվածել՝ չի հիշում: Տանը միայն իրենց հարսն էր, նա քնած էր կողքի ննջասենյակում, բայց չի լսել ու չի միջամտել:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված կնոջ մայրը, հայտնել է, որ դստերը վերջին անգամ տեսել է մայիսի 4-ին՝ Նինելն իրենց տուն էր եկել Կամոյի հետ:

Դեպքի օրը՝ մայիսի 7-ին, ինքն արթնացել է առավոտյան ժամը 6-ին, զբաղվել է տան գործերով: Իր որդին տուն է եկել ու, թաքցնելով ճշմարտությունը, ասել է՝ գնանք Նինելի տուն, Կամոն Նինելին ծեծել է: Երբ գնացել են, իմացել է, որ գիշերվա ժամը 3-ին Կամոն անկողնում պառկած Նինելի գլխին հարվածներ է հասցրել «կլյուչով» ու սպանել է: Ինքը տեղյակ է եղել, որ Կամոն 2014 թվականից հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում:

Սպանված Նինելի եղբայրը հայտնել է, որ գիշերն իրեն զանգել է եղբոր որդին ու ասել է՝ շտապ դուրս արի, գնում ենք Նինելի տուն: Գնացել են: Նկատել է, որ Կամոյի մեքենան, որը միշտ բակում էր լինում, այնտեղ չէր: Տան մուտքի դուռը բաց էր: Մտել են ներս, տեսել են, որ հյուրասենյակի լույսը վառած է: Նինելի ու Կամոյի ննջասենյակի լույսը վառած չէր, դուռն էլ կիսաբաց էր:

Ինքը բացել է ննջասենյակի դուռը, հյուրասենյակի լույսն ընկել է այնտեղ, ու իրենք տեսել են՝ ննջասենյակի մահճակալին կողքի վրա պառկած է Նինելը, նրա դեմքի շրջանը ամբողջովին արյունոտ էր: Անմիջապես զանգահարել են ոստիկանություն:

Եղբոր տղան արթնացրել է Նինելի հարսին, ով քնած էր ու՝ կատարվածից անտեղյակ:

Ինքը գիտեր, որ Կամոն հոգեկան հիվանդություն ունի: Իմացել է, որ սպանությունից հետո Կամոն մեքենայով հեռացել է տանից, կամովին ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին