▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերը մարդուն միշտ սխալ են թաղում

Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանի շուրջ  40 տարվա պրպտումները տվել են իրենց արդյունքը:

Նոր մեթոդի կիրառմամբ  նա  տարվա կտրվածքով  երեք օրվա ճշգրտությամբ կարողանում է պարզել, թե ե՞րբ են կատարել թաղումներ, ո՞րն է միաժամանակ մահանալու պատճառը:

«Սա բացառիկ հնարավորություն է: Իմանալով մարդկանց մահվան օրը՝ կարող ենք ասել, թե ի՞նչ ողբերգական դեպքեր են կատարվել.ասենք՝ պատերազմներ, մասսայական մահվան դեպքեր, հիվանդություններ, համաճարակներ:

Համադրելով բրոնզեդարյան և ժամանակակից  արդյունքները կարող ենք իմանալ, թե այն ժամանակ կլիմայական պայմաններն ինչպիսի՞ն են եղել,  ինչպե՞ս են դրանք ազդել թույլ օրգանիզմների վրա:

Օրինակ՝ Վերին Նավերի դամբարանադաշտում (բրոնզի և վաղ երկաթի դարերի , մ․թ․ա․ 23-10-րդ դարեր, Աշտարակից 3 կիլոմետր արևմուտք, Արագածի հարավային ստորոտ) մարդկանց ամենամեծ մահացութունը տեղի է ունեցել փետրվար ամսին, այսինքն, այստեղ հստակ է կլիմայի ազդեցությունը:

Հիմա մեզ մոտ գիտենք, որ փետրվար-մարտ ամիսներին հատկապես մեծահասակների մոտ շատ են գրանցվում մահվան դեպքերը, օրգանիզմը երբ ձմռանը ձգված լինելուց հետո սկսում է հանգստանալ,  սթրես է տեղի ունենում, որից հետո մարդը մահանում է:

Բրոնզե դարում, եթե Հայաստանում կյանքի միջին տևողությունը 30 տարի էր,  հիմա կարծեմ 60, ուսումնասիրել ու տեսել ենք, թե ի՞նչն է եղել պատճառը, որ այն ժամանակ ու հիմա մահացել են փետրվարին: Պարզվում է՝ կլիմայի ազդեցութունն է, որովհետև  պատերազմները հիմնականում ամռանն են  տեղի ունեցել:

Ի դեպ, բրոնզե դարում մարդկանց կյանքը շատ կարճ է եղել. 35 տարեկանն արդեն պատկառելի տարիք էր համարվում: Կյանքի միջին տևողությունը՝ 27: Կյանքը դաժան է եղել, անընդհատ պատերազմներ, հիվանդություններ, բժշկության բացակայություն: Ամենաշատը մինչև 55-56 տարեկան են ապրել:

Եզրակացություններ  արվում են նաև ելնելով դամբարանների ձևից:  Դամբարանները տարբեր կողմնորոշումներ ունեն, դա արել են արևածագի օգնությամբ: Մենք կարող ենք որոշել՝ թաղվածները  նույն մշակույթի՞ն են պատկանել, թե՝ տարբեր, մարդիկ նույն էթնիկ ծագո՞ւմն են ունեցել, թե՝ ոչ,  որովհետև  աշխարհի տարբեր ծագերը էթնիկ կազմավորումների համար տարբեր են: Մի դեպքում  արևելքն է, մի դեպքում հյուսիսը, հարավը ու այս ամենի բացահայտումը  հնագիտության ու աստղագիտության միջոցով հետաքրքիր արդյունք է տալիս»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Սիմոնյանը՝ հավելելով.

«Մինչ օրս էլ, երբ մարդ է մահանում, որոշ գյուղերում քահանան ասում է, թե դեմքն ուղղեք արևածագի կողմը, բայց մարդիկ չեն մտածում, որ այն ամեն օր տարբեր կողմից է լինում: Ամենամեծ տատանումը լինում է ամռան ամենաերկար ու ձմռան  ամենակարճ օրերին: Պարզվում է՝ դամբարանները, որոնք ունեն  տարվա շեղվածություն, արևածագի հետևանքով են եղել: Նայել, ասել են՝ ահա այս կետը արևածագն է, բայց արևը վաղուց իր դիրքը փոխել է»:

Հնագետը նշում է՝ այսօր մենք  ունենք 500-ից ավելի դամբարաններ, որոնք այդ սկզբունքով ուսումնասիրվել են: Միայն Կարմիր բլուրում դրանք 300-ն են: 

«Առաջիկայում գիրք կհրապարակի.սա կարող են կիրառել բոլոր երկրներում, որտեղ կա զարգացած կրոնական համակարգ, ժամանակին ունեցել են քրմական դաս: Միայն նրանք կարող էին առավոտ զարթնել, որոշել արևածագը և այլն»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին