▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաշվետու լինենք, թե ի՞նչ ենք անում, ու՞ր ենք գնում, հիմնավորենք, որ ճիշտ ուղու վրա ենք. Վարչապետ

Ստեփանակերտում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:
Ողջունելով հյուրերին՝ ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու կառավարությունների միջև համագործակցության նման ձևաչափը՝ տարբեր ոլորտներում մոտեցումների համադրման և պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում: Արցախի պետնախարարը ներկայացրել է Արցախի տնտեսության ընթացիկ իրավիճակը՝ ընդգծելով, որ 2017 թվականի 9 ամսվա տվյալներով հանրապետությունում հաջողվել է աննախադեպ` 16.5 տոկոս աճ ապահովել: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարբեր ոլորտներում խոշոր նախագծեր են մեկնարկել, որոնք առաջիկա տարիներին պայմանավորելու են Արցախի Հանրապետության տնտեսության կայուն զարգացումը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շեշտել է, որ իրենց յուրաքանչյուր այցն Արցախ ոգևորիչ է: «Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշները շատ տպավորիչ են: Մեր կանխատեսմամբ, այս տարի մենք նույնպես կունենանք 2017 թվականի համար նախատեսածից ավելի բարձր ցուցանիշներ, թե տնտեսական աճի, թե տնտեսական ակտիվության, թե արտաքին առևտրի և թե արտահանման ու ներմուծման առումով, և կարծում եմ՝ ճիշտ հիմք կդնենք հետագա զարգացման համար: 2018 թվականի բյուջեն տարբերվում է 2017 թվականի բյուջեից նրանով, որ մեր կարողություններից ելնելով՝ հիմնական շեշտադրումը դրել ենք կայուն տնտեսական աճ ապահովելու համար հիմք ստեղծելու վրա», - նշել է ՀՀ վարչապետը:
Կարեն Կարապետյանն տեղեկացրել է, որ երեկ Մեղրիում պաշտոնապես բացվել է Ազատ տնտեսական գոտին և հրավիրել է Արցախի բիզնեսին նույնպես ներգրավվել այդ հարթակում՝ այն շատ հեռանկարային համարելով:
ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ օրակարգն Արցախի Հանրապետության հետ շատ լուրջ է ու բազմազան և ընդգրկում է մի շարք ոլորտներ, այդ թվում նաև` գյուղատնտեսությունը, տարածքային կառավարումը, առողջապահությունը, թվային օրակարգը: «Ձեզ հետ միասին մենք պետք է ֆիքսենք, որ չափազանց կարևոր է, որ այն բոլոր ժամանակակից միտումները, որոնք այսօր գործում են աշխարհում կառավարման համակարգում, պետք է Արցախում դառնան առօրյա: Դա խիստ անհրաժեշտություն է», - նշել է Կարեն Կարապետյանը:
ՀՀ վարչապետը նաև շատ տպավորիչ է համարել Արցախի բարեփոխումներն ու հաջողություններն էներգետիկ բնագավառում՝ վստահություն հայտնելով, որ Արցախը դառնալու է ինքնաբավ, էլեկտրաէներգիա արտահանող երկիր:
Խորհրդակցության ավարտին ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարներ Լևոն Ալթունյանն ու Կարինե Աթայանը ստորագրել են էլեկտրոնային առողջապահությունն Արցախում ներդնելու մասին հուշագիրը:

Նշենք, որ Կարեն Կարապետյանն Արցախում այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս: Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս: ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետը նախ այցելել է Շուշիում գտնվող Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան: Վարչապետին ներկայացվել են շինարարության և հարակից ոլորտներում ուսանողների համար ստեղծված տեխնիկական հնարավորությունները: Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել ուսումնարանի շենքում, որտեղ գործում է 6 արհեստանոց` հագեցած ուսուցողական բոլոր սարքավորումներով, առկա են տեխնոլոգիայի 6 լսարան, սպորտային դահլիճ, համակարգչային սենյակ, հանրակրթական դասընթացների սենյակներ, լաբորատորիաներ և գրադարան: Նշվել է, որ ԱՀ բոլոր շրջանների և ՀՀ մարզերի ավելի քան 50 աշակերտի տարեկան տրվում է կացարանի հնարավորություն` կառավարության հովանավորչությամբ: Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է 2015թ. ստեղծված Շուշիի տեխնոլոգիական համալսարան: Կարեն Կարապետյանին ներկայացվել են համալսարանի գործունեությունը և ձեռքբերումները, ինչպես նաև բուհի գիտահետազոտական լաբորատորիաներում կատարվող աշխատանքների արդյունքները: Համալսարանն ունի 3 ֆակուլտետ, 8 ամբիոն, որտեղ ուսում են ստանում բակալավրի, մագիստրատուրայի և միջին մասնագիտական առկա ուսուցման համակարգի ուսանողներ: ՀՀ վարչապետը ծանոթացել է նաև Մարտունու շրջանում գտնվող Թաղավարդ գյուղում գործող «Ռեպսիդ» ձեթի գործարանի արտադրատեսակներին: Վարչապետին ներկայացվել է, որ ձեռնարկությունն արցախյան մաքուր հումքով արտադրում է արևածաղկի, հլածուկի ու կտավատի ռաֆինացված և չռաֆինացված ձեթ, և ընթացիկ տարում դրա համախառն արտադրանքն անցել է 2200 տոննան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին