▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ բացառում` ամռանը կարող է ձյուն գալ. բնապահպանը` եղանակի փոփոխության, մարդկանց խուճապի մասին և ոչ միայն

Ձմռան երկրորդ ամիսն արդեն կիսվել է, սակայն եղանակն այս տարի դեռ աչքի չի ընկնում ձյան առատ տեղումներով: Մարդիկ, կարծես թե, բաժանվել են 2 մասի` ոմանք բողոքում են` սրտատրոփ սպասելով ձյան առատ տեղումներին, ոմանք էլ գոհ են ստեղծված եղանակային պայմաններից` հակառակ կողմին հիշեցնելով նախորդ տարվա ցուրտ ձմեռը: Asekose.am-ը զրուցել է բնապահպան Կարինե Դանիելյանի հետ` տեղումների պակասության  հետ կապված հավանական խնդիրների, մարդկանց շրջանում ստեղծված խուճապի մասին`կապված հնարավոր երաշտի, սպասվող չոր ամառվա, հնարավոր հրդեհների հետ, և ոչ միայն:

«Կարծում եմ` մարդկանց խուճապը հիմնավորված է, բայց ոչ միայն Հայաստանի համար, քանի որ դա կլիմայի գլոբալ փոփոխություն է` ամբողջ աշխարհով մեկ: Փառք աստծո, մեզ մոտ այդքան կոպիտ փոփոխություն չէ, չնայած, իհարկե, հիմա արդեն  ջերմաստիճանը վտանգավոր է այն առումով, որ ծառերը կարող են ծաղկել, իսկ հետո կարող է միանգամից ցուրտ լինել: Հիմա, կարծես թե, մի քիչ ցրտել է, և այդ վտանգը սուղ չէ»,-նշեց Կարինե Դանիելյանը:

Վերջինիս խոսքով` համաշխարհային քաոս է տեղի ունենում` կլիմայի հետ կապված, և դա պատահականություն չէ:

«Էկոլոգները վաղուց կանխատեսել են, որ ի վերջո, մոլորակը պետք է պատասխանի մարդու քայքայիչ գործունեությանը, հիմա մենք ստանում ենք այդ պատասխանը, որը գնալով սաստկանալու է: Աշխարհի գիտնականները մի քանի անգամ դիմել են աշխարհի քաղաքակրթությանը հենց այդ կոչով, որ եթե մենք այսպես շարունակենք, ապա շրջակա միջավայրն այնպես կփոխվի, որ մարդն այլևս չի կարողանա ապրել այդպիսի բնության մեջ, հիմա մենք ճաշակում ենք դա: Բնության նկատմամբ մարդու վերաբերմունքի մեջ կարդինալ փոփոխություններ են պետք, սպառող վերաբերմունքը, որը մեզնում արմատավորվել է, քայքայում է գլոբալ էկոհամակարգը: Կայուն զարգացման գաղափարը և դրա սկզբունքները պատահական չեն, որ առաջացել են, որ էկոլոգիական տարբեր տիպի խնդիրներ լուծելու համար պետք է հաշվի առնել էկոլոգիական սկզբունքները բոլոր մակարդակներով` սկսած նրանից, թե մարդը շենք  է կառուցում, ծառ  է կտրում, Սևանա լճի ջրի մակարդակն է իջեցնում, թե ինչ-որ ձևով վնասում ես պահպանվող տարածքները: Հիմա կայուն զարգացման 17 ծրագրերը կան, եթե մարդկությունը կարողանա ժամանակին բոլոր ջանքերը գործադրելով իրականացնել այդ ծրագրերը, միգուցե, մոլորակը մեզ ների, իսկ եթե `ոչ, ուրեմն մենք այն տեսակն ենք, որը խանգարում է մոլորակին, և ամեն ինչ պետք է արվի, որ մարդկությունը վերանա: Ըստ տվյալների` վերջին 50 տարվա ընթացքում բնական աղետների քանակը եռապատկվել է, տնտեսական վնասը, որը մարդկությանը հասցվում է, տարեցտարի ավելանում է: Ամեն տարի հայտարարվում է ռեկորդային այս կամ այն բնական աղետի, կլիմայական փոփոխության, եղանակային անոմալիայի առումով: Սա մոլորակի բնական պատասխանն է մարդու քայքայիչ գործունեությանը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Զրույցի ընթացքում բնապահպանն անդրադարձավ նաև մարդկանց մեջ արմատավորված այն կարծիքին, ըստ որի` եղանակային տաք պայմանները երկրաշարժի նախապայման կարող են լինել:

«Գիտական որևէ հիմնավորում չկա, որ կլիման կապված է սեյսմիկ վտանգի ռիսկի աճի հետ: Կարծում եմ, որ մարդիկ մտածում են, որ ընդերքում էներգիան է կուտակվում, ինչ պատճառով եղանակը տաքանում է, իսկ էներգիայի կուտակումը կարող է ժայթքել որպես երկրաշարժ: Կարելի է այսպես մտածել, բայց գիտականորեն սա հիմնավորված չէ»:

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հունվարի 19-ից սկսած նորից մեզ մոտենալու են հարավային տաք օդային հոսանքներ,և դիտվելու է մարտին համապատասխանող ջերմաստիճան:

«Ես շատ վստահում եմ Գագիկ Սուրենյանին, բայց մոլորակի վրա այնպիսի վիճակ է, որ կարծում եմ, որ կարճատև կանխատեսումներ կարելի է անել, բայց երկարատև կանխատեսումները ես հիմա բացառում եմ, քանի որ քաոսային վիճակ է, օրինակ` Կալիֆորնիայում անտառներն այրվում էին, հետո միանգամից հեղեղումներ եղան, իսկ Ավստրալիայում հիմա ամառ է , բայց ձյուն է եկել: Անկանխատեսելի վիճակ է մոլորակի վրա, ամառվա հետ կապված ոչինչ ասել չեմ կարող, մոլորակն ու տիեզերքն իրար հետ որոշում են. չեմ կարող բացառել, որ ամռանը կարող է ձյուն գալ»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին