▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրանից հետո 2-3 տրանսպորտ պետք է փոխենք, որ տեղ հասնենք

Հունվարի 18-ին կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որը մասնագիտական ուսումնասիրության է ենթարկվելու աշխատանքային խմբի անդամների կողմից և համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվելու է։

Նոր նախագծով առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը։ Ըստ այդմ, ներկայիս երթուղային 115 գծերի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Նոր ցանցի տրամաբանությամբ` տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։

«Ներկայացված նախագծով բացառվելու են կրկնվող գծերը։ Միևնույն ժամանակ տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում։ Ի պատիվ խորհրդատու կազմակերպության, պետք է նշեմ, որ իսկապես մանրակրկիտ աշխատանք է կատարվել նոր ցանցի նախագծման շրջանակում, որի շնորհիվ շուրջ երեք անգամ կրճատվում է առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը, որոնք նախկինում ձևավորվել էին իրավիճակային լուծումների հետևանքով և որպես այդպիսին տրամաբանական ցանց չէին կազմում։ Հարկ է նաև նշել, որ նոր ցանցի նախագծման համար այսօր առկա երթուղիները հիմք չեն հանդիսացել»,-նշել է Վահե Նիկոյանը։

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» Հ/Կ նախագահ Կարեն Չիլինգարյանին դուր են եկել արված առաջարկները:

«Կարևորն այն է, որ 3 անգամ կրճատվելու է տրանսպորտի քանակը: «Գազել» կոչված թյուրիմացությունները կվերանան, դրանց կփոխարինեն մոտ 150 տեղանոց ավտոբուսները, որոնք շարժվելու են կենտրոնական երթուղիներով: Սրանց կմիանան նաև միջին տարողությամբ ավտոբուսները: A կետից  B կետ տեղափոխելու համար օձաձև երթևեկելու, 1 ժամում տեղ հասնելու փոխարեն արագ ու հարմարավետ կհասնեն 2-3 տրանսպորտ փոխելու արդյունքում: Տոմսերը նախապես ձեռք կբերեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Չիլինգարյանը:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» Հ/Կ նախագահի փոխանցմամբ՝ ավտոբուսների ձեռքբերումից էլ կախված է գինը: Գուցե մի փոքր բարձրանա: Իսկ մինչ այդ՝ ավտոբուսներ բերելու համար մեծ վարկ են վերցնելու, որոշումը կընդունեն մինչև տարվա վերջ: Ավելին՝ միայն խոհրդատուին վճարելու են 800.000 եվրո՝ ամեն ինչ մշակելու, հաշվարկելու համար: Հիմա միայն ունենք 200 էջանոց հետազոտություն:

Հարցին՝ ինչո՞ւ չի քննարկվում մետրոյի հարցը,-Կարեն Չիլինգարյանը պատասխանեց.

«Մետրոյի նույնիսկ մեկ կանգառ կառուցելու համար մոտ 150 միլիոն դոլար է անհրաժեշտ»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին