▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

55.000 դրամ աշխատավարձի դեպքում մարդը նույնիսկ գործատուի դռան մոտ չի հասնի

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանն այսօր հանդիպել է լրագրողներին ու ներկայացրել Հարկային օրենսգրքի սահմանած դրույթներն ու այն, թե ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ դրանք վարձու աշխատողների աշխատավարձերի վրա:

Նրա փոխանցմամբ՝ եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը հօգուտ աշխատողի է լինելու, նվազում է մինչև 120.000 դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը՝ 24,4 տոկոսից դառնալով 23 տոկոս:

Իսկ 120.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում  26 տոկոսը կաճի՝ տատանվելով 28-ից 33 տոկոսի միջակայքում:

«Մինչև 2 միլիոն դրամն արել ենք հաշվարկ, որի դեպքում բացասական ազդեցությունը 34 420 դրամ է՝ ի վնաս եկամուտ ստացողի: 600.000 վարձու աշխատողների մոտ 90 %-ը այն տիրույթում է, որի վրա ազդեցությունը դրական է, այսինքն՝ մինչև 279 000 դրամը»,-պարզաբանեց Վահագն Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է գնաճին ու ընդդիմադիրների կողմից աշխատավարձը բարձրացնելու խնդրին, բանախոսը նկատեց.

«Պետությունը չի կարող գործատուներին կոչ անել, որպեսզի բարձրացնեն աշխատավարձը, դա պետք է իրավական ակտերով լինի: Միակ գործիքը նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումն է: Ես կողմ եմ դրան, քանի որ շատ ժամանակ մարդ է հանդիպում, երբ հարցնում ենք, թե որքա՞ն է նրա հայտարարագրված աշխատավարձը, պատասխանում է՝ 55.000 դրամ: Այդքան գումարի դեպքում նա մինչև այդ կազմակերպության դուռն էլ չի հասնի, ուր մնաց՝ 8 ժամ աշխատի»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին