▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի համար արտագաղթելու նոր տեղ չի լինի՝ Մարսը սիրում է միայն ուժեղներին

«Մարսը սիրում է միայն ուժեղներին

Էն օրը մեկը գրել էր, թե հեսա, որ Մարսի յուրացումը, որ սկսվի, հայերի համար արտագաղթելու նոր տեղ կբացվի: Ցավոք չի բացվի: Էսօրվա հայաստանցուն, որին նրա կրթված, «առաջադեմ» խավը «դաստիարակում է» որպես դեպրեսիվ, հիստերիկ, տվայտվող, ողբասաց, վախեցած, մանկամիտ էակ, միայն պատրաստի տեղեր կարող է գնալ:

Ինքը չի մտածում, որ էդ «պատրաստի» տեղերը, ուր ինքը սիրում է գնալ ու սիրում է օրինակ բերել Հայաստանի գլխին, պատրաստի են դարձել ոչ թե ինչ որ հրաշքով, կամ էլ, թեկուզ, հրեշտակային վարքով ու բարի ժպիտներով, ոչ էլ նույնիսկ՝ օրենքով ու վեհ գաղափարներով, այլ՝ արյամբ, երկաթով, քրտինքով, դաժանությամբ, հանցագործությամ ու մյուս կոմղից՝ սրբությամբ, նվրվածությամբ, կիրքով: Պատմության օրենքն է սա՝ լավ բաների հիմքում մենակ լավ բաներ չեն կարող լինել, բայց պետք է լինեն ուժեղ բաները՝ լավ կամ վատ, ուժեղ ձգտումները, ուժեղ կամքը, լավի ու վատի՝ ծայրահեղը:

Ամերիկան աշխարհի հզորագույն պետությունը դարձավ որովհետև մարդիկ պատրաստ էին գնալ մի անհայտ, վայրի ու աշխարհի ծերում երկիր, ոչ թե պատրաստի կյանք վայելելու, այլ զրոյից, դաժան պայքարում նոր բան ստեղծելու: Մեկը գնում էր էնտեղ՝ դրդված Նոր Երուսաղեմ կառուցելու կրոնական մոլերանդությունից, մյուսն՝ ընչաքաղցությունից, ոսկու տենդից, երրորդն՝ այլ տարբերակ չուներ, ու բոլորն արկածախնդիր էին: Բոլորը միասին՝ սրբերն ու հանցագործները, պուրիտաններն ու կովբոյները, որքան էլ իրար հակադիր մի ընդհանուր բան ունեին՝ կիրք, այո՝ պաթոս, իրանցը հաստատելու, հանուն՝ գաղափարի ու հոգու, թե հանուն ոսկու ու նյութի կռվելու ցանկություն: Նույնը՝ մյուս տեղերը, որոնք էսօր ծաղկում են, իսկ իրենց ժամանակին եղել են «Մարս»՝ Մարսի պես վայրի, հեռավոր ու անհյուրընկալ:

Էսօրվա հայաստանցին նման հոգեբանությունից ծայրահեղ հեռու է: Նա Մարս կգնա, մենակ էն ժամանակ, երբ էնտեղ ուրիշներն ամեն ինչ կսարքեն, կդասավորեն, կկառուցեն, իսկ նա ուրիշ ստեղծածը վայելելու հնարավորություն կունենա: Բայց ժամանակին, էն՝ ոմանց կոմղից շատ ծաղրելի հայու գենի հիմնադիրները, երբ եկել են Հայկական Լեռնաշխարհ ու հիմնել են այստեղ երկրագործական մշակույթ, այստեղ Մարսի պես բան է եղել, չոլ, հրաբխային մի քարաստան: Բացի հայերից, ով այտեղ բնակվել է, մենակ անսաուն պահել է կարողացել, օրինակ, քրդերը, կամ ընդհանրապես չի կարողանում հարմարվել ցայսօր, ոնց որ վրացիները Ջավախքում:

Ի՞նչ Մարս: Սեփական երկիրը կառուցելու, բովանդակությամբ լցնելու գիտակցություն չունի: Մի կողմից, հենց ինքն իրա պայքարով, անասելի բարդ պայմաններում կարողացել է պետություն ձեւավորել, պատերազմ հաղթել, ուժային գործոն դառալ իրա չափի, մի պայմաններում, որոնք Մարսից շատ հեռու չեն: Բայց մյուս կողմից նույն ինքը չի էլ գիտակցում իրա արածի չափը, իրա բնազդն ու իրա գիտակցությունը հակադրության մեջ են՝ բնազդով ուժեղ, գիտակցությամբ՝ հիմար: Բնազդը հաղթում է, իսկ գիտակցությունը նկարագրում է իրականությունը եղեռնի ոճով, ու կոտրում է կամքը՝ կռվելով երկիր կառուցելու: Ուզում է իր երկիրն էլ պատրաստի վիճակում մատուցվի իրան, ուզում է, որ պատերազմող երկրում, գերխոցելի սահմաններով, նվազող բնակչությամբ, երկու սահման էն կողմ աշխարհի փլուզմամբ հանդերձ՝ ամեն բան համապատասխանի պատրաստի, գրքային ստանդարտներին:

Կարծում է, որ էն պատրաստի ձևերն իրենք իրենցով են կարեւոր, այլ ոչ թե հնարավոր են միայն նախկին նախկինի դաժան կռվի գնով: Կարծում է, որ օրինականությունն ինքն իրանով է իջել երկնքից, այլ ոչ թե հիմնվել է անօրինական միջոցներով: Կարծում է, որ խաղաղասեր են, որովհետև բարի են, այլ ոչ թե որովհետև ուժեղ են ու միլիարդներ են ծաղսում ռազմական կարիքների վրա: Ուզում է ինքն իրան համոզած լինի, որ զենքը ու փողը չեն կառավարում աշխարհն, այլ օրենքն ու արդարությունը:

Ու հիստերիկանում է, դեպրեսիայի մեջ է ինքն իրեն գցում, մի աշխարհում, ուր թույլն ապրելու իրավունք չունի էսօր էլ, ինչպես երեկ ու վաղը: Մի վայրկյան ավել ապրելու իրավունք չունի, նա ով չի ուզում կռվի ապրելու համար:

Իսկ Մա՞րսը: Մարսի վրա կա հրաշալի Հրատ հովիտը: Այո՝ հայկական անվանմաբ, ի պատիվ Մարսի հայկական հին անվան: Մարդիկ դա մեր փոխարեն անվանել են: Էդքան հարգանք դրսևորել են: Ուտոպիա հարթավայրի և Էլիզեում հրաբխային շրջանի արանքում, մի հին գետի հունի երկայնքով փռված է ու սպասում է մեզ Հրատի հովիտը:

Սպասում է, որ այնտեղ մի օր նոր Հայաստան է կառուցվելու: Սպասում է, որ էսօրվանից մեր գրողները, մեր գործիչները, մեր նկարիչները, մեր գիտնականները, մեր լրագրողները գրեն, խոսեն, նկարեն, հեռու ու բարդ նպատակներ դնեն: Սպասում է, որ կլինեն քաջ հայեր, որոնք չեն վախենա դժվարություններից, բարդություններից, կռվից, արյունից, քրտինքից, պետք եղած տեղը՝ օրինազանցությունից, դաժանությունից, խաբեությունից, բայց նաև սրբի ու ճգնավորի մոլերանդություն ու նվիրվածություն կունենան, որ ամեն գնով իրանց ուզածին հասնեն, որ Մարսի վրա իրենց տեղն ունենա վաղը, որ Հայաստան լինի, որ Մարսի սառը, անտարբեր, մանուշագայույն երկիքնը մի օր ժպտա մեզ էլ: Որ մենք էլ արևի տակ տեղ ունենանք: Դրա համար ուրիշ հայություն է պետք: Ավելի ճիշտ՝ ուրիշ գիտակցություն, ուրիշ կրթված խավ, ուրիշ մտավորականություն, ուրիշ գործիչներ: Մարսը լացողներին ու տվայտվողներին չի սիրում»:

Հրանտ Տէր-Աբրահամեան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին