▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սատանան վախենալու է.Ինչո՞վ է զբաղված Առողջապահության նախարարության տեսչությունը

2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի:

«Այս օրենքի նախագիծը հին է, բայց չգիտես, թե ինչո՞ւ Առողջապահության նախարարությունն այսօր հիշեց սրա մասին: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ միտումնավոր ձախողում են ամեն ինչ: Տեսե՛ք, սա ընդունվել է 2016 թվականին ու բոլորը կողմ էին, բայց հիմա դեմ են: Նույնը նաև ծխելու դեմ նախագծի մասին: Մարդիկ շատ լավ հասկանում էին, որ ծխելը վնաս է, բայց դեմ են ներկայացվածին: Առողջապահության նախարարությունն ասում է, թե տեսչություն ունեն: Բա ո՞ւր է: Ձեր տեսչությունն ի՞նչ է արել: Մարդկանց պետք է իրազեկեն, որ սա կոռուպցիա չի պարունակում: Խոսում են բաներից, որոնք այսօր չունենք: Օրինակ՝ էլեկտրոնային դեղատոմս: Խոսք կա չէ՞, ասում են՝ սատանան այնքան էլ վախենալու չէ, որքան թվում է իրականում, սա այն դեպքն է, որ վախենալու է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված» սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ նման օրենքի արդյունքում քաղաքացիները դեղեր փորձելու են դրսից ձեռք բերել:

Ինչ վերաբերում է դեղերի գների բարձրացմանը, Բաբկեն Պիպոյանը նշեց, որ հնարավոր է նման բան լինի, քանի որ Հայաստանում ամեն ինչ անկանխատեսելի է:

Նշենք, որ սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվում է։ Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, ապա թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս: Միաժամանակ, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ուժի մեջ են նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձևերը: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերին, ապա ցանկը հասանելի է այստեղ:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին