▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց լեզվի ու գրականության ուսուցիչների վիճակն ահավոր է

«Զանգակ» հրատարակչության թարգմանչական բաժնի պատասխանատու, բանաստեղծ, թարգմանիչ Արթուր Մեսրոպյանը դժգոհ է՝ դպրոցներում գրականությունը մնացել է 1990-ական թվականների վիճակով:

«Դասագրքերը գրեթե չեն թարմացվում: Նոր անուններ, ստեղծագործություններ քիչ են ընդգրկվում: Աշակերտների մոտ այն տպավորությունն է, որ գրողը պետք է լինի մեռած: Կենդանի գրողի նրանք չեն պատկերացնում»-ասում է  նա:

Իսկ ովքե՞ր են այն գրողները, որոնց ստեղծագործություններն արժանի են հայտնվել հայ գրականության գրքերում.

«Տպավորություն է, որ մենք 1991 թվականից հետո գրող չունենք, ոչ էլ գրականություն: Դասագրքերը դեռ սովետական ֆիլտրացիայի մեջ են: Սովետական պրոպագանդայի ֆիլտրն առաջին պլան էր մղում հիմնականում այնպիսի գրողների (Շիրազ, Կապուտիկյան), որոնց ստեղծագործությունները չէին հակասում խորհրդային գաղափարախոսությանը և  հասարակությանը չէին շեղում պետական քարոզչության ուղեծրից»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Մեսրոպյանը:

Գրականագետ Հասմիկ Հակոբյանի կարծիքով՝ ոչ թե 90-ական, այլ 60-ական թվականներից ստեղծագործող մարդիկ կան, որոնք էլ են այդ վիճակում:

«Արտեմ Հարությունյանի, Հենրիկ Էդոյանի, Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործություններից որևէ մեկը չկա: Դրանք դասագրքային պոեզիայից դուրս են և այստեղ կա  ուսուցիչների խնդիրը, որոնք գիտելիքներ պետք է ունենան՝ գործը  ներկայացնելու համար»:

Դիտարկմանը՝ ասում են, որ թույլ ստեղծագործություններ են, դրա համար դասագրքերում չեն հայտնվում, գրականագետը նկատեց.

«Նույն Հովհաննես Գրիգորյանը Պարույր Սևակից հետո շարունակում է մեր պոեզիայի ընթացքը: Լուրջ գրականագետներ են ուսումնասիրություններ կատարել ու նրան Տերյանին, Չարենցին շարունակող են համարում: Հայոց լեզվի ու գականության ուսուցիչների վիճակը շատ վատ է, ահավոր: Վերջերս մի քանի գրականագետներ այցելել էին դպրոցներ, չեք պատկերացնի, թե ի՞նչ կատարվեց: Նրանց նաև դասականների ստեղծագործությունները նոր հայացքով չեն նայում: Եթե ճիշտ ներկայացնեն՝ երեխայի մոտ մեծ հետաքրքրություն կառաջանա գրականության նկատմամբ, որ կարող է գնալ ու հետաքրքրվել, թե Շիրազից, Բակունցից հետո ո՞վ է եղել: Իսկ իրենք հարցնում են, թե ո՞վ էր այս կամ այն պատմվածքի հերոսը: Չգիտեն, որ անգիր անել տալով, վերլուծական միտքը չզարգացնելով ավելի շատ ատելություն են առաջացնում գրքի նկատմամբ: Ունենք Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը, որը արցախյան պատերազմի մասին լավագույն ստեղծագործությունն է: Ո՞նց կարելի է Հրանտ Մաթևոսյանից հետո արձակում կատարվածը բաց թողնել»:

Արթուր Մեսրոպյանը կարծում է, որ ընթերցողը պետք է տեսնի, թե ի՞նչ են գրում այս ժամանակահատվածում, ոչ թե գրողը տեսնի, թե ի՞նչ են կարդում:

«Մինչև 2500 թվականը Ակսել Բակունցի նման չեն գրելու չէ՞»:

Նրա հետ համամիտ է գրականագետ Հասմիկ Հակոբյանը.

«Հո չե՞ն կրկնօրինակելու: Այսօվա ու 30 տարի առաջվա ժամանակի ընկալումը նույնը չէ: Նրանք ապրում էին հանգիստ, ապահով, ամեն ինչ կանխատեսելի էր: Հիմա այդպես չէ, ամեն ինչ փոխվել է: Մի կողմից պատերազմի, մյուս կողմից սոցիալ-տնտեսական, քաղաքական հարցերն են: Բնականաբար, փոխվում է մշակութային փիլիսոփայությունը: Եթե ժամանակակից գրականությունը չեն հասկանում, ուրեմն այդպես է նաև երաժշտության, նկարչության դեպքում, որովհետև շատերի ընկալմամբ՝ գուցե միայն Մոցարտն է երաժշտություն ստեղծում»:

Անի Կարապետյան

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին