▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստորեն Սուրիկ Խաչատրյանը ոչ թե հարձակվել է, այլ՝ պաշտպանվել.Քրեական գործի մանրամասները

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործով ապօրինի որոշում է կայացվել, ասում է փաստաբան Հայկ Ալումյանը։

«Քննչական մարմինը համարել էր, որ Ավետիք Բուդաղյանն է եղել հարձակվողը, սպանության փորձ կատարողը և սրանից էլ բխում էին մյուս հետևությունները: Սուրիկ Խաչատրյանի հարազատներն էլ գործել են անհրաժեշտության սահմաններում: Այս որոշումը Վերաքննիչ դատարանի կողմից ճանաչվեց անօրինական և հետագայում վերացվեց: Մեր ներպետական մարմինները կարծես թե սկսեցին գործել օրենքի սահմաններում: Կրկին հարուցվեց քրեական գործ ու քննություն սկսվեց: Սակայն մեր լավատեսական կանխատեսումները չարդարացան: Փետրվարի 13-ին քննիչի կողմից կայացրած որոշում ստացանք: Նույն գնահատականներն էին տրվել Ավետիք Բուդաղյանին, քննիչը համարել է, որ նա է եղել նախահարձակ ու նրան ճանաչել են սպանության փորձ կատարող: Նաև Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ էին մեղադրում: Մենք բողոքեցինք՝ նշելով, որ քննիչի որոշմամբ նման գնահատականներ չեն կարող տալ: Եթե Սուրիկ Խաչատրյանին համարում են պաշտպանվող կողմ, ուրեմն հետևություններ ու գնահատական պետք է տա դատարանը, ոչ թե քննիչը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով.

«Ուզում եմ դիմել ՀՀ Գլխավոր դատախազին: Հարգելի՛ դատախազ, շատ են մանրացվել միջոցները, որոնցով փորձ է արվում կրկին խախտել Ավետիք Բուդաղյանի իրավունքները»:

Փաստաբանի փոխանցմամբ՝ իրենք քննիչի որոշման դեմ բողոքելուց հետո ստացել են դատախազի ստորագրությամբ մի որոշում, որտեղ գրված է, որ Էմիլ Բուդաղյանը, ով իր սպանված որդու համար բողոքներ է ներկայացնում, և նրա փաստաբանն այլևս չունեն դատավարական կարգավիճակ, այսինքն՝ չեն կարող բողոքներ նեկայացնել, դրանք չեն քննվելու:

«Այս գործով ՄԻԵԴ-ում հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր մեզ տվեցին: Ցավում եմ, որ արդարադատություն ակնկալում ենք միայն Եվրոպական դատարանից Սուրիկ Խաչատրյանի և նման այլ քրեական գործերի դեպքում: Այս ամբողջ ապօրինությունները վիճարկելու ենք ՀՀ դատական համակարգում, ապա ՄԻԵԴ-ում: Հույս չունենաք, որ ինչ-որ փուլում պայքարը դադարեցնելու ենք: Մեղավորները պետք է հայտնվեն ամբաստանյալի աթոռին»,-նկատեց Հայկ Ալումյանը

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին