▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմության 5 ամենազարհուրելի հոգեբանական փորձարկումները. Մաս I

 

 

 

 

 

 

 

 

 

Պատմության 5 ամենազարհուրելի հոգեբանական փորձարկումները. Մաս I

Հոգեբանությունը որպես գիտություն հարաբերականորեն նոր է և այնմասսայական դարձավ 20-րդ դարի սկզբներին: Ցանկանալով ավելին իմանալ մարդու մտավոր գործընթացի և վարքի մասին ՝ բազմաթիվ հոգեբույժներ շատ «հեռու գնացին»՝ խախտելով բոլոր բարոյական նորմերը: Ստորև ներկայացնում ենք 5 ամենասարսափելի հոգեբանական փորձարկումները, որոնց արդյունքում շատ մարդկանց կյանքերի վրա անդառնալի հետքեր են մնացել։

1. «Հրեշավոր փորձարկում»

1939 թվականին ԱՄՆ-ի Դեյվոնփորթ քաղաքում Ուենդել Ջոնսոնն իր ասպիրանտ Մերի Թյուդորի հետ 22 որբերի վրա խոսքային թերությունների փորձարկում են իրականացնում: Երեխաներին բաժանում են երկու 11 հոգանոց խմբի, որոնցից ամեն մեկում կար 5 կակազող և 6 խոսքային թերություն չունեցող երեխա: Խմբերից մեկը փորձարկման ամբողջ ընթացքում դրական և համբերատար վերաբերմունքի է արժանացել. Թյուդորը կակազող երեխաներին ասում էր, որ երբ նրանք մեծանան բացարձակապես նորմալ և հստակ խոսք են ունենալու։ Խորհուրդ էր տալիս ուշադրություն չդարձնել, թե մյուսներն ինչպես են որակում իրենց խոսքը, քանի որ նրանք անկասկած չեն գիտակցում, որ դա անցողիկ շրջան է:

Մյուս խմբին փորձարարները քննադատել, ստորացրել են իրենց խոսքային թերությունների պատճառով։ Նորմալ խոսող երեխաներին ասում էին, որ իրենց մոտ կակազելու առաջին ախտանիշներն են ի հայտ գալիս։ Նրանք պետք է անմիջապես դադարեն այդպես խոսել, պետք է օգտագործեն իրենց կամքի ուժը բառերը հստակ արտասանելու համար։ Թյուդորը մինչև անգամ երեխաներին ասում էր այլևս երբեք չխոսել, եթե համոզված չեն, որ հստակ կարտաբերեն բառերը։

Խոսքային խնդիրներ չունեցող որբերի մեծ մասը բացասական վերաբերմունքի արդյունքում հոգեբանական լուրջ խնդիրներ է ունեցել և մինչև իրենց կյանքի վերջ կակազել է։

2007 թվականի օգոստոսի 17-ին ողջ մնացած վեց որբերը ստացել են 925,000 դոլար փոխհատուցում Այովա նահանգի կողմից։ Բարեբախտաբար երեխաներից մի քանիսը ի վերջո կարողացան հաղթահարել «հրեշավոր փորձարկման» հոգեբանական ճնշումը և սկսեցին հստակ ու ինքնավստահ խոսել: Մերի Թյուդորը մինչև իր կյանքի վերջը չէր կարողանում իրեն ներելայդ փորձարկումը իրագործելու համար:

2. Պրոյեկտ «Ավերսիա»

1970-1989 թվականներին Հարավաֆրիկյան Հանրապետությունը բանակը ոչ ավանդական սեռական կողմորոշում ունեցող զինվորներից «մաքրելու» գաղտնի ծրագիր էր վարում: Ծրագրի նպատակն էր «բուժել» նույնասեռական կանանց և տղամարդկանց, որի համար կատարվում էին տարատեսակ փորձարկումներ: Նույնասեռական տղամարդկանց ցույց էին տալիս տղամարդու նկարներ և ռեակցիայի ցուցաբերման դեպքում հոսանքով հարվածում նրանց՝ ամեն հաջորդ անգամ ուժեղացնելով լարումը: Եթե այս մեթոդը չէր աշխատում, «հիվանդներին» ներարկում էին թմրանյութեր: Այն դեպքում, երբ տանջանքների վերջում մարդիկ իրենց սեռական կողմնորոշումը չէին փոխում, գործադրվում էր ռադիկալ թերապիան՝ քիմիական կաստրացիա, «ձիու չափաբաժնով» հորմոնալ դեղամիջոցներ, վատագույն դեպքում՝ սեռափոխության վիրահատություններ՝ նոր անձը հաստատող փաստաթղթերի հանձնմամբ: 18 տարվա ընթացքում կատարվել է շուրջ 900 ստիպողական վիրահատություն:

3. Սթենֆորդի բանտային գիտափորձ

Հայտնի հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոն 1971 թվականին «բանտի սիմուլյացիա» է իրականացնում՝ պատահականության սկզբունքով բաժանելով 24 կամավորներին երկու խմբի՝ «բանտարկյալներ» և «բանտապաններ»:

Պայմանական բանտը Սթենֆորդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի բազայի վրա էր կառուցված։ Բարձր կուրսեցի լաբորանտներից մեկը նշանակված էր բանտապետ, իսկ Զիմբարդոն ինքը՝ բանտի կառավարիչ։

Գիտափորձից մեկ օր առաջ բանտապաններին ուղղորդելու համար կազմակերպվել էր կարճատև նիստ, որտեղ ցանկացած ֆիզիկական բռնություն կիրառելու անթույլատրելիությունից բացի որևէ ցուցում չէր տրվել։ Զիմբարդոն նիստի ժամանակ կատարել էր հետևյալ հայտարարությունը.

«Բանտարկյալների համար ստեղծեք տխրության, վախի զգացում, կամայականությունների զգացողություն, որ իրենց կյանքը լիովին ղեկավարվում է մեր կողմից՝ համակարգի, ձեր, իմ կողմից և որ նրանք չունեն որևէ անձնական տարածք... Մենք տարբեր միջոցներով կխլենք նրանց անհատականությունը: Այս ամենն ընդհանուր առմամբ նրանց մոտ կստեղծի անզորության զգացում: Հետևաբար այդ իրավիճակում մեր ձեռքում կլինի ամբողջ իշխանությունը, իսկ իրենց ձեռքում՝ ոչինչ:»

Բանտարկյալներին բաժանել էին իրենց չափերին ոչ համապատասխան չթե խալաթներ, որոնք նրանք պետք է կրեին առանց ներքնազգեստի, և ռետինե չստեր: Բանտարկյալներին դիմում էին ոչ թե իրենց անուններով, այլ՝ միայն այն համարներով, որոնք կարված էին նրանց համազգեստի վրա։ Բանտարկյալները պարտադրված էին գլխներին կրել ամուր նստող կանացի զուգագուլպաներ, որպեսզի նախնական զինվորական պատրաստության գնացող սափրված գլուխներով զինակոչիկների նմանվեին։ Դեռ ավելին, նրանց ոտնաթաթերին փոքրիկ շղթաներ էին ամրացված՝ ի նշան իրենց ազատազրկման և ընկճվածության։

Գիտափորձը մեծ արագությամբ դուրս եկավ վերահսկողությունից։ Բանտարկյալները բանտապանների կողմից ենթարկվում էին սադիստական և նվաստացնող վերաբերմունքի։ Արդյունքն եղավ այն, որ գիտափորձի ավարտին բանտարկյալներից շատերն ունեին խիստ հուզական խանգարումներ։

Բանտն արագ վերածվեց կեղտոտ և մռայլ վայրի։ Բանտապանները կոպիտ էին և անգամ ոչ մարդկային, հիմնականում թշնամական և ագրեսիվ: Լվացվելու իրավունքը արտոնություն դարձավ, որից որպես կանոն զրկում էին։ Որոշ բանտարկյալների ստիպում էին զուգարանները լվանալ մերկ ձեռքերով։ «Վատ» բանտախցերից հանեցին ներքնակները և բանտարկյալները ստիպված էին քնել մերկ հատակի վրա։ Որպես պատիժ հաճախ զրկում էին սննդից։ Զիմբարդոն ղեկավարում էր և ակտիվորեն մասնակցում էր գիտափորձին և որպես բանտի տնօրեն անտեսում էր բանտապանների կոպտությունը։

Բանտարկյալներից երկուսը այնպիսի ուժգին շոկ ապրեցին, որ նրանց հանեցին գիտափորձից և փոխարինեցին ուրիշներով։ № 416-ին փոխարինելու եկած բանտարկյալներից մեկը սարսափեց տեսնելով բանտապանների վերաբերմունքը և հացադուլ հայտարարեց։ Նրան երեք ժամով փակեցին նեղ խորդանոցում, որը նախատեսված էր որպես մեկուսարան: Այդ ընթացքում բանտապանները նրան ստիպում էին ձեռքին պահել այն նրբերշիկը, որը նա հրաժարվում էր ուտել։ Մյուս բանտարկյալները նրան անվանում էին խուլիգան։ Այդ զգացմունքները շահարկելու նպատակով բանտապանները մյուս բանտարկյալներին ընտրություն առաջարկեցին. կա՛մ հրաժարվել ծածկոցներից, կա՛մ № 416-ը կանցկացնի մեկուսարանում ամբողջ գիշեր։ Բանտարկյալները գերադասեցին ծածկոցով քնել։ Զիմբարդոն ավելի ուշ միջամտեց և բաց թողեց № 416-ին։

Չնայած գիտափորձը երկու շաբաթ էր նախատեսված, սակայն հինգերորդ օրը ուշ գիշերով Զիմբարդոն որոշում կայացրեց, և վեցերորդ օրն այն դադարեցվեց:

4. Կապիկների վրա թմրանյութերի փորձարկումը

Չնայած այն փաստին, որ կենդանիների վրա փորձարկումները կարող են անհավանականորեն օգտակար լինել մարդկանց համար կյանք փրկող դեղերի հայտնաբերման մեջ, որոշ փորձարկումներ անցնում են խելամտության բոլոր սահմանները: Այդպիսի փորձարկում էր 1969 թվականին կապիկների վրա թմրանյութերի փորձարկումը: Այս փորձարկման ժամանակ կապիկների մեծ խմբի սովորեցրել են ինքնուրույն ներարկել այնպիսի թմրանյութեր, ինչպիսիք են մորֆինը, ալկոհոլը, կոդեինը, կոկաինը և ամֆետամինները: Երբ կենդանիները սովորեցին ինքնուրույն ընդունել թմրանյութերը, նրանց թողեցին համապատասխան սարքավորումների և թմրանյութերի մեծ պաշարների հետ:

Կենդանիները այնքան ահաբեկված էին (ինչը կանխատեսելի էր), որ մի քանիսն այնքան էին ուզում փախչել, որ այդ ընթացքում կոտրեցին իրենց ձեռքերը: Կոկաին ընդունած կապիկներն ընկնում էին ցնցումների մեջ, դրանցից ոմանք պոկել էին իրենց իսկ մատները (հալյուցինացիաների հնարավոր հետևանք), ամֆետամին ընդունած կապիկն իր թևերից և որովայնից պոկել էր սեփական մորթին: Կոկաինի և մորֆինի միաժամանակ ընդունման դեպքում կապիկները սատկում էին 2 շաբաթվա ընթացքում:

Գիտափորձի ողջ նպատակը թմրանյութերից կախման և օգտագործման ազդեցությունը հասկանալն էր. նպատակ, որը ռացիոնալ մարդիկ հասկանում էին առանց նման սարսափելի փորձարկումներ իրականացնելու:

5. Լենդիսի միմիկաների գիտափորձը

1924 թվականին հոգեբան Քարնի Լենդիսը մի գիտափորձ մշակեց հասկանալու համար, թե արդյոք միևնույն զգացմունքը նույնատիպ դեմքի արտահայտություն է ստեղծում տարբեր մարդկանց մոտ:

Մասնակիցների մեծ մասն ուսանողներ էին: Նրանց տեղափոխեցին լաբորատորիա և դեմքերին սև բծեր նկարեցին՝ դեմքի մկանների շարժումներն ուսումնասիրելու նպատակով:

Նրանց ենթարկեցին տարատեսակ սիմուլյացիաների, որոնք կստեղծեին ուժեղ ռեակցիաներ: Սուբյեկտները պետք է անուշադրի սպիրտից հոտ քաշեին, պոռնոգրաֆիա դիտեին, ձեռքերն ընկղմեին գորտերով լի դույլերի մեջ: Սակայն հիմնական տարաձայնությունն առաջացնում էր թեստի վերջին մասը:

Մասնակիցներին առնետ էին ցույց տալիս և հրահանգում գլխատել այն: Չնայած, որ բոլոր մասնակիցները գարշեցին այդ մտքից, նրանց մեկ երրորդը գնացին այդ քայլին: Սարսափելին այն է, որ ուսանողների մեծամասնությունը գաղափար չուներ, թե ինչպես «մարդկային» կերպով կատարեն հանձնարարությունը և կենդանիները տանջամահ էին լինում: Այն դեպքում, երբ մասնակիցը հրաժարվում էր կատարել հանձնարարությունը, Լենդիսը նրա աչքի առաջ դանակով կտրում էր կենդանու գլուխը:

Հետազոտությունը կարևոր էր այնքանով, որ ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ նմանատիպ իրավիճակներում պատրաստ լինում անել այն ամենին, ինչ իրենց ասում են: Սակայն գիտափորձը չապացուցեց, որ մարդկանց միմիկաները նույնատիպ են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին