▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկիր Ծիրանի»-ն ակնհայտ ատելություն է սերմանում հայ ժողովրդի նկատմամբ. Աննա Ասատրյան

 

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության վերջին նախագծերից մեկը, որը վերաբերում էր Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելուն, վերջին օրերին քննարկումների և քննադատությունների առիթ դարձավ: Եվ թեև ծրագրի առաջարկն արդեն մերժվել է ավագանու ՀՀկ անդամների կողմից, բայց, այնուամենայնիվ, խոսակցությունները դեռ չեն դադարում: Թեմայի շուրջ զրուցելու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Երևանի ավագանու անդամ Աննա Ասատրյանի հետ:

«Իմ կարծիքով` այս նախաձեռնությունը միանգամայն մերժելի է և, մեղմ ասած, անբարո: Հայտնի թևավոր խոսք կա՝ «Մեռածների մասին կամ` լավ, կամ` ոչինչ» և ըստ այդմ էլ՝ պարզապես չի կարելի ՀՀ և Արցախի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանափոխելու վերաբերյալ առաջարկություններ անել: Ակնհայտ է, որ նրանք այլ երկրների հատուկ ծառայությունների պատվեր են կատարում»,- նշեց Աննա Ասատրյանը:

Իսկ հարցին, թե այս դեպքում ի՞նչ հատուկ ծառայության մասին է խոսքը գնում, վերջինս նշեց.

«Գիտեք, նրանց ամբողջ գործունեությունը Երևանի 3-րդ գումարման ավագանու երեք նստաշրջանների ընթացքում ակնհայտ ատելություն է սերմանում հայ ժողովրդի, մեր անցյալի և ներկայիս մշակույթի նկատմամբ: Առհասարակ, երևանցիների նկատմամբ «Երկիր Ծիրանի»-ն ունի շատ անթաքույց ատելություն, ինչից ելնելով ես ինքս եզրակացնում եմ, որ նրանք ինչ-որ պատվերներ են կատարում: Շատ ցավալի է, որ մեր քաղաքի օրենսդիր մարմնում կան այս տեսակ էժանագին քաղաքական օրակարգ ներկայացնող ավագանու անդամներ: Վստահ եմ, որ մեր հասարակության գերակշիռ մասը դեմ է այս նախաձեռնությանը, այդ մասին են վկայում մի քանի օր չլռող աղմկոտ քննարկումներն ու ակնհայտ դժգոհությունը. ինչպես կարելի է ազգային հերոսի անվան փողոցն առաջարկել անվանափոխել, սա ուղղակի խայտառակություն է, նույնիսկ ամոթալի»,- ասաց Աննա Ասատրյանը:

Նկատառմանը, որ ըստ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների՝ իրենք են հենց ներկայացնում հայ հասարակության շահերը, Աննա Ասատրյանը նկատեց.

«Գիտեք ինչ, ասելով չէ: Շուտով մեկ տարին կլրանա, ինչ իրենք ավագանու անդամ են, կարո՞ղ եք ասել, թե ինչ նախաձեռնությամբ են նրանք հանդես եկել, ինչ խելամիտ խորհուրդ կամ առաջարկ են արել Երևանի զարգացման կամ երևանցիների շահերից բխող. պատասխանը՝ ոչ մի: Նրանց նպատակը միայն իրավիճակը ապակայունացնելն է թե երկրում և թե ավագանիում, ինչը, բնականաբար, նրանց չի հաջողվի, քանի որ մեր ժողովուրդը շատ իմաստուն և խոհեմ. նրանց ոչ ադեկվատ պահվածքը տեսանելի է բոլորի համար»,- նշեց Աննա Ասատրյանը:

Անդրադառնալով նախագծի առաջարկը մերժելուն՝ Աննա Ասատրյանը շեշտեց, որ այլ տարբերակ պարզապես չէր կարող լինել.

«Կողմ են քվեարկել միայն «Երկիր Ծիրանի»-ի անդամները, ինձ համար զարմանալի էր նաև այն, որ «Ելք» դաշինքը, մնալու և դեմ քվեարկելու փոխարեն, լքեց դահլիճը. սա ակնհայտ քաղաքական պատասխանատվությունից խուսափելու վառ օրինակ էր: Իսկ նախագիծը մերժելու ողջ պատասխանատվությունը մնաց հենց ՀՀԿ-ի ավագանու անդամների վրա»,- մանրամասնեց տիկին Ասատրյանը:

Վերհիշելով նաև որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած դեպքը, երբ «Երկիր Ծիրանի»-ի անդամները կոյուղաջուր էին բերել իրենց հետ, Աննա Ասատրյանն ասաց.

«Դուք ասում եք կոյուղաջուր, իսկ ես՝ որպես այդ ամենի ականատես, դա համարում եմ ահաբեկչություն հիշեցնող գործողություն: Այս ամիսների ընթացքում նրանք անդադար անհիմն մեղադրանքներով, վիրավորանքներով, զրպարտություններով են հանդես գալիս: Ինչպես վերջերս տիկին Բախշյանը շատ դիպուկ նշեց. «Այս ամենը նույնպես ահաբեկչության ինչ-որ ձև է: Չի կարելի անդադար ամենավերջին խոսքերով հանդես գալ մեր նախկին գործիչների, պետական այրերի, արվեստի գործիչների՝ ողջ թե մահացած, մշակույթի ներկայացուցիչների մասին: Իսկ մենք մերժում ենք ու մերժելու ենք նման վարքագիծը՝ արհամարհելով նրանց»,- մեզ հետ զրույցում նկատեց Երևանի ավագանու անդամ Աննա Ասատրյանը:

 

Հեղինակ՝ Ս. Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին