▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՇՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահը տեղյա՞կ է ռեկտորի ապօրինությունների մասին

 

«Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ պարոն Ցոլակյան, Դուք  ի պաշտոնե լինելով ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ, իմ կարծիքով պետք է  լինեիք  ՇՊՀ-ի կառավարման խորհրդի օրինակելի  նախագահ: Դուք պետք է Ձեր թափանցիկ գործունեությամբ ցույց տայիք, թե օրենքով պահանջվող  բուհի ժողովրդավարական կառավարման ուղղությամբ  ինչպես պիտի աշխատի  կառավարման խորհրդի նախագահը, նամանավանդ վերջին մի քանի ամսվա իրադարձությունների հետ կապված: Այնինչ  Դուք մինչ օրս հրապարակային ոչ մի քայլ չեք արել բուհում տիրող վիճակը շտկելու ուղղությամբ, Ձեր անգործությամբ Դուք նպաստել եք ՇՊՀ-ում տիրող վերին աստիճանի անառողջ մթնոլորտին ու ռեկտորի ապօրինություններին:

Եթե տեղյակ եք ՇՊՀ հիմնադրամի 2016թ. կանոնադրությանը, ապա Ձեր բազմաթիվ լիազորությունների մեջ մտնում է յուրաքանչյուր տարվա տարեվերջին  կառավարման խորհրդի նիստ հրավիրել ու լսել տարեկան ֆինանսական հաշվետվությունները, Դուք ունեք  նաև ռեկտորի ապօրինի հրամանները չեղյալ համարելու լիազորություն: Այնինչ, Դուք, խախտելով բուհի կանոնադրությունը, որն, ի դեպ տեղադրված չէ ՇՊՀ-ի կայքում, 2017-ի հաշվետվությունը որոշել եք լսել ընդամենը մարտի 24-ին հրավիրված կառավարման խորհրդում: Առկա է արտաքին աուդիտի հաշվետվությունը, այն էլ ոչ անկախ կազմակերպության կողմից իրականացված, որտեղ բազմաթիվ ֆինանսական խախտումներ են արձանագրված, կառավարման խորհուրդը պարտավոր է լսել այդ հաշվետվությունն ու միայն ուսանողների կրթության և բուհի շահերից բխող որոշում կայացնել:

Պատկերացնում եմ, եթե աուդիտն անցկացներ անկախ մի կազմակերպություն, ապա ինչպիսի շատ ավելի լուրջ խախտումներ կարձանագրեր: Այս իրավիճակում ՇՊՀ-ի կառավարման խորհուրդը պարտավոր է անդրադառնալ Գագիկ Համբարյանի ու Հովհաննես Խորիկյանի աշխատանքից ազատման հիմքերի օրինականության խնդրին, դրանք ակնհայտորեն  ապօրինի են  և կառավարման խորհուրդը դրանք կարող է և պե՛տք է չեղյալ համարելու որոշում կայացնի:

Պարոն Ցոլակյան, ՇՊՀ-ում տեղի ունեցող  խայտառակությունները ուղղակի հարվածում են Շիրակի մարզի բնակիչների և հատկապես երիտասարդության շահերին ու Դուք  պարտավոր եք  թե՛ որպես ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ, թե՛ որպես կառավարման խորհրդի նախագահ, վերականգնել բուհին անհրաժեշտ ստեղծարար ու առողջ մթնոլորտն ու որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վերանայել գործող ռեկտորի հետ Ձեր ստորագրությամբ կնքած աշխատանքային պայմանագիրը:

Անահիտ Բախշյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին