▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծնողներին խնդրում ենք ուշադիր լինել». ՀՀ ոստիկանություն

Այս օրերին երթեր ու ցույցեր են տեղի ունենում Երևանի մի շարք հատվածներում, մասնավորապես` կենտրոնի որոշ խաչմերուկներում ու Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը, իր լիազորությունների շրջանակում իրականացնելով հասարակական կարգի ապահովման գործառույթներ, նույնպիսի իրավահարգություն է ակնկալում նաև զանգվածային միջոցառումների կազմակերպիչներից:

Ակնկալությունը, սակայն, ցավոք, հաճախ համապատասխան արձագանք չի ստանում: Մասնավորապես, ցուցարարների շարքում քիչ չեն դեռահասներն ու պատանիները, որոնց մասնակցությունը քաղաքացիական անհնազանդության գործողություններին ոչ միայն անցանկալի, այլև հղի է վտանգավոր հետևանքներով: Հասարակական կարգի կոպիտ խախտումների և այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ սպառնալու դեպքում ոստիկանական ուժերը իրավունք ունեն դիմելու համապատասխան միջոցառումների և հատուկ միջոցների կիրառման, ու բացառված չէ, որ առաջացած խուճապի դեպքում, ինչպես և ցուցարարների անհնազանդության անկանխատեսելի ու վտանգավոր գործողությունների հետևանքով առաջին հերթին լրջորեն տուժեն դեռահասները:

Զանգվածային միջոցառումների պատասխանատուներին կոչ ենք անում նկատի ունենալ այս հանգամանքը և կանխել ու բացառել պատանիների մասնակցությունը երթերին ու հանրահավաքներին` ապահովելով նրանց անվտանգությունը: Ծնողներին խնդրում ենք ուշադիր լինել իրենց զավակների գտնվելու վայրի ու գործողությունների հանդեպ և նրանց հետ պահել վտանգավոր իրավիճակներից, որոնց դեպքում կարող է վտանգվել նրանց կյանքն ու առողջությունը:

Չմոռանանք, որ ցանկացած իրավիճակում պատանիների ու երիտասարդների համար պատասխանատու ենք բոլորս, և նրանց անվտանգության ապահովումը յուրաքանչյուրիս պարտականությունն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին