▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել. Սերժ Սարգսյանը՝ իրեն տրված ամառանոցի մասին

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ  Զեյնալյանն այսօր վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին  մի քանի հարց ուղղեց:

Առաջին, հասարակական հարցումները ցույց են տալիս, թե 2017-ի քաղաքական մեծամասնությունը ձեւավորվել է ընտրակաշառքով: Ձեր գնահատականը դրա մասին ինչպիսի՞ն է: Ինչպես հավատան ընտրության արդյունքներին հանրությունը, այն քաղաքացիները, որոնք այսօր ընդվզում են փողոցում:

Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր քաղաքական հայացքներով պայմանավորված  հետապնդումներին եւ դրանց համար  օրենքով չնախատեսված պատժին: Եղել են այդպիսի դեպքեր Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ: Որպես նախկին նախագահ՝ ազդե՞լ է  այդպիսի գործերի վրա:

Օրենսդիր մարմնի անդամի մյուս հարցը վերաբերում էր ՄԻԵԴ-ում  Հայաստանի պարտությանը եւ մեր երկրի դեմ դատական գործերին:

Եվ վերջապես մյուս հարցը վերաբերում էր կառավարության ամառանոցից  Սերժ Սարգսյանին տուն հատկացնելուն: Արդյոք այդ որոշումը Սերժ Սարգսյանն է ստորագրել:

Սերժ Սարգսյանը չպատասխանեց   այս պահին փողոցում ընդվզում անող քաղաքացիներին, որոնք Փաշինյանի գլխավորությամբ  պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Ինչ վերաբերում է ընտրությունները կաշառքով գնելուն, Սերժ սարգսյանն ասաց, որ համաձայն չէ դրա հետ, քանի որ  ընտրությունների օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են: «Եթե համատարած կաշառք բաժանվեր, ժամանակակից պայմաններում, երբ շատ ներողություն, ամեն գործիք նկարում է, քաղաքացիական հասարակությունը համացանցը հեղեղած կլիներ ընտրակաշառքի բաժանման դեպքերով: Բարեգործության անվան տակ գուցե եղած լինեն այնպիսի դեպքեր, բայց դրանք այն դեպքերը չեն, որ ազդեն ընտրությունների վրա»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանը հերքեց քաղաքական հայացքների համար քրեական հետապնդման համար ձերբակալվածների մասին լուրերը: Սարգսյանի խոսքով՝  նույնիսկ մեղմ վերաբերմունքի են ենթարկվել դատարանների կողմից այդ մարդիկ:

ՄԻԵԴ-ի մասին խոսելիս  ՀՀԿ ղեկավարն ասաց, որ ՀՀ որեւէ չկատարված պարտավորություն չունի: «Նախնական կալանքի դեպքում ենք մի քիչ շեղվել  եվրոպական չափանիշներից»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Անդրադառնալով իրեն ամառանոց տալու մասին կառավարության որոշմանը՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ որոշումն այս շենքում՝ԱԺ-ում  է ընդունվել: «Օրենքից օգտվել են նախորդ 2 նախագահները: Ես էլ եմ օգտվել: Եթե օրենքով ինձ դա չի հասնում կարող եմ հետ վերադարձնել: Եթե հասնում է, ապա պետք է շնորհավորեք: Ես էլ ունեցա սեփական տուն Երեւանում»,- հայտարարեց ՀՀԿ ղեկավարը:

Արտակ Զեյնալյանի արձագանքին, թե այդ սեփականությունը կառավարության անդմաներին հատկացվող ամառանոցից է, Սերժ Սարգսյանն ասաց, որ իր համար տարբերություն չկա, թե այդ սեփականությունը որտեղից է: Եթե տարբերություն լիներ, ինքը կասեր այդ մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին