▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ արտասահմանյան ԶԼՄ-ների համար

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանում քաղաքական «վենդետա» չի լինելու.

«Մարտի 1-ի սպանությունները պետք է բացահայտվեն, մեղավորները կպատժվեն, սակայն դրա համար նրանց մեղքը պետք է անվերապահորեն ապացուցվի։ Անմեղության կանխավարկածը հետևողական կերպով կիրառվելու է։ Մենք շատ մարդկանց մասին կարող ենք շատ բան մտածել։ Կարող ենք ու մտածում ենք։ Սակայն արդար դատն այն է, երբ դատում են միայն այն մարդկանց, որոնց մեղքն ամբողջովին ապացուցված է: Այդ սկզբունքը 100%-ով աշխատելու է։ Հակառակ դեպքում այս փոփոխություններն իմաստ չունեն»,- նշել է նա։

Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

 

Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ։ Այդ մասին օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ 

 

Փաշինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն ասում էր, որ 7 տոկոս հավաքած հավաքած ուժը չի կարող հաղթել։ «Հայաստանում այժմ կատակում են, որ յոթ տոկոսն ավելին էր, քան 93 տոկոսը։ Մեր շարժումը վայելում է Հայաստանի բնակչության 90 տոկոս աջակցությունը, սփյուռքի անվերապահ աջակցությունը։ Հանրապետական կուսակցությունից որևէ թեկնածու չի լինելու Հայաստանի վարչապետ։ Հայաստանում հանրապետական կուսակցության իշխանությունն ավարտվել է։ Այդ կուսակցությունը վերածնելու որևէ փորձ չի հաջողելու»,- նշել է Փաշինյանը։

Հարցին, արդյոք հնարավոր է Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրեն, եթե նա լքի ՀՀԿ-ն, Փաշինյանը պատասխանել է. «Ոչ»։

Հարցին, թե կարող է ինքը լինել վարչապետ, Փաշինյանը պատասխանել է. «Եթե ժողովուրդը նման պատասխանատվություն դնի, չեմ հրաժարվի։ Կարծում եմ այդպես էլ կլինի։ Մենք պետք է երաշխավորենք ազատ ընտրություններ Հայաստանում։ Քաղաքական ճգնաժամը սկսվեց, երբ մարդիկ սկսեցին տոտալ կերպով չվստահել ընտրություններին։ Առաջին բանը, որ պիտի անենք, բարեփոխենք ընտրական օրենսգիրքը»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը և իր թիմը պատրաստ են ՀՀ-ն առաջնորդելու, և այս պահին դեռ խոսում են ժամանակավոր կառավարության մասին:

Հարցին, վարչապետ ինչպե՞ս եք դառնալու, հրապարակո՞ւմ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես ասացի, որ վարչապետը պետք է լինի ժողովրդի թեկնածու, դա նշանակում է, որ ՀՀԿ-ից ոչ ոք չի լինելու: Իսկ վարչապետի ընտրությունը կարվի շատ հեշտությամբ` կկազմակերպենք հրապարակում, կներկայացնենք թեկնածություն և ժողովուրդն իր ձայնով, պահվածքով կհաստատի»,- ասաց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին