▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խուսափում նոր ընտրություններից

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանում, առաջին հայացքից է ինքնաբուխ թվում կամ արտահայտում «ժողովրդի» ցանկությունը: Սերժ Սարգսյանի վարչապետությունը մերժող ակցիան հենց այնպես չէր կարող վերածվել հեղափոխության: Դրա համար կիրառվեց և այս օրերին կիրառվում է գունավոր հեղափոխությունների ողջ զինանոցը: Ապակենտրոնացված ցույցեր քաղաքի տարբեր հատվածներում զանգվածայնության տպավորություն թողնելու եւ «սաղ ժողովուրդն ա միացել» գոռալու համար՝ «եթե չես միանում ուրեմն դու սաղ ժողովրդից չես» հոգեբանական գրոհի համար, քաղաքի տարբեր հատվածներում մեծ ու փոքր փողոցներ փոքրաթիվ մարդկանցով փակելը, տարատեսակ սադրանքներ ոստիկանության ծառայողների նկատմամբ, պարբերաբար կեղծ տեղեկությունների հրապարակումը, որը դեռ չհերքված՝ նորն է հրապարակվում և այլն: Այս շարքը կարելի է շարունակել:

Ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաները կիրառող անձի որդեգրած դիրքորոշումն է՝ վերջնագրային և ցինիկ: Այն, որ Սերժ Սարգսյանը առանց արյունահեղության հրաժարվեց վարչապետի պաշտոնից, չբավարարեց նրան: «Մերժիր Սերժին» միակ պահանջով հանդես եկող Նիկոլ Փաշինյանը իր պահանջի բավարարմանը հասնելու հաջորդ իսկ օրը նոր քաղաքական պահանջ դրեց՝ «մենք պահանջել ենք ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ՀՀԿ-ի հեռացումը», իր խոսքն ուղեկցելով ակնհայտ վիրավորական արտահայտություններով՝ բացահայտելով որ արդեն ինքն է կորցնում իրականության զգացումը և չհասկանալով մի քանի պարզ ճշմարտություններ: 

Բանն այն է, որ եթե կարող ես ճնշման միջոցով հրաժարական հարկադրել, նույն ձևով չես կարող հարկադրել պատգամավորին սեփական ցանկությանը հակառակ քվեարկել: Թերևս միայն զենքը քունքին դնելու միջոցով, որին հուսով ենք չենք հասնի:  Այսինքն, վարչապետ դառնալու մարմաջը այնքան է գրավել «հրապարակի թեկնածուին», որ նա սկսել է իրեն վեր դասել երկրի Սահմանադրությունից և օրենքներից: Հաջորդը՝ առնվազն վայրենություն է հրապարակում վարչապետ նշանակելու գաղափարը, որին, ըստ այդ գաղափարի հեղինակի, անվերապահ պետք է կողմ քվեարկի Ազգային Ժողովը: Այսինքն, մենք գրողի ծոցն ենք ուղարկում ժողովրդավարությունը, պառլամենտարիզմը, իրավական պետությունը և դառնում Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներով կառավարվող երկիր:

Հարց է առաջանում, եթե Նիկոլ Փաշինյանն այդքան վստահ է իր ժողովրդականության վրա, ապա ինչո՞ւ չի համաձայնվում նոր ընտրությունների միջոցով ձեռք բերել խորհրդարանական մեծամասնություն և հետագայում դառնալ վարչապետ: Կա հերթապահ պատճառաբանություն՝ իշխանություններ այնպես կանեն, որ իրենք նորից ընտրվեն: Սակայն չէ՞ որ 2017-ի ընտրությունների արդյունքները Նիկոլ Փաշինյանն ու նրա ներկայացրած դաշինքը ընդունեցին, մանդատները վերցրեցին և չբողոքարկեցին: Այդ դեպքում ո՞րն է հիմա կասկածելու պատճառը: Այն, որ նրան ուղեկցող զանգվածը և անգամ ցույցերին չմասնակցող զանգվածը, դա դեռ ողջ ժողովուրդը չէ, ավելին՝ անգամ ժողովրդի մեծամասնություն չէ: Հակառակ դեպքում «անչափահասների հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ամենաշահագրգիռ մարդը պետք է լիներ իր դիրքերը ընտրություների միջոցով ամրագրելու և հետագայում լեգիտիմության հետ կապված որեւէ խնդիր չունենալու համար:

 

Արսեն Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին