▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհում չի եղել. ինչպես հայկական գյուղում Քրիստոսի պատկերով թխված լավաշը դարձավ ինքնատիպ նախաձեռնության հիմք

«Ես եմ հացն կենդանի» խորագիրը կրող ցուցահանդեսը շուտով կբացվի Հայաստանում: 33 լավաշներից բաղկացած ցուցահանդեսն իր տեսակով աննախադեպ է և տարբերվող: Ռեժիսոր Արթուր Վարդանյանը, ով այս գաղափարի հեղինակն է, Asekose.am-ի հետ զրույցում պատմել է հետաքրքիր բացահայտման,  ցուցահանդեսի մտահղացման, դրա յուրահատկության մասին և ոչ միայն:

«Մենք հացի մասին վավերագրական ֆիլմ էինք նկարահանում: Երբ թխվում էր հերթական լավաշը, տեսա, որ լավաշի վրա Հիսուս Քրիստոսի պատկերն էր երևում: Մտահղացում առաջացավ նման ցուցահանդես անել, որը կրելու է «Ես եմ հացն կենդանի» խորագիրը, քանի որ «Խորհրդավոր ընթրիքի» ժամանակ Հիսուս Քրիստոսը, վերցնելով հացը, օրհնում և տալիս աշակերտներին՝ ասելով. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը, ես եմ հացը կենդանի, որ երկնքից եմ իջել: Ուրիշ թոնիրում փորձելու իմաստ չկա, ինձ հետաքրքիր չէ դա, քանի որ այս ամեն ինչը խորհրդանշական է: Հայերիս մոտ թոնիրը համարվել է սուրբ վայր, հարսանեկան արարողությունները, կնունքները կատարվել են թոնրի շուրջ »,- պատմեց մեր զրուցակիցը` հավելելով, որ ցուցահանդեսի նմուշներն իրենց տեսակով ինքնտիպ են.

«Ի տարբերություն այլ նկարների` այստեղ ոչ մի ներկ օգտագործված չէ, սովորական թխված լավաշներ են: Ես որոշեցի, որ 33 լավաշ է ներկայացված լինելու: Սկսեցինք ուշադրություն դարձնել գեղարվեստական կողմին և եփման ու այրման շնորհիվ ստացանք տարբեր տրամադրություններ արտահայտող արվեստի գործեր: Հետաքրքիրն այն է, որ բոլոր նկարիչնեչն իրենց  սրբապատկերներում Հիսուս Քրիստոսին պատկերում են ըստ իրենց երևակայության, որովհետև «Թուրինյան պատանք»-ից բացի ոչ մի ուրիշ տեղ այն արտատպված չէ: Ինչպես շատ արվեստագետներ, այնպես էլ ես փորձում եմ ամեն ինչին այլ կերպ նայել`ավելի երևակայության ռակուրսից, օրինակ` երբեմն նայում ենք ծառին ու տեսնում ինչ-որ կնոջ պատկեր: Բոլոր արվեստագետները ոգեշնչվում են բնությունից, որին հետո ավելանում է նաև երևակայությունը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արթուր Վարդանյանը վստահեցնում է, որ նախաձեռնությունը ֆինանսական ոչ մի նպատակ չի հետապնդում.

«Այս նախաձեռնությունը, իհարկե, ոչ մի կապ չունի բիզնեսի հետ: Այդ լավաշները չեն վաճառվելու, և մարդիկ դրանք չեն ուտելու: Ի տարբերություն բազմաթիվ հայ և համաշխարհային նկարիչների, ովքեր անդրադարձել են Հիսուս Քրիստոսի սրբապատկերին, և դրանք վաճառվել են,սրանք ենթակա չեն վաճառքի»:

Ռեժիսորը չի բացահայտում գյուղի անունը, որտեղ թխվել են լավաշները` վստահեցնելով, որ դրա համար ունի հիմնավոր պատճառ.

«Ես չեմ ուզում շեշտել գյուղի անունը, քանի որ կարծում եմ, որ այն ուխտավայր կդառնա: Յուրաքանչյուր թոնիրում կարող է թխվել լավաշ, որի վրա կարող է նման պատկեր հայտնվել: Իհարկե, հասկանում եմ, րո մարդիկ կցանկանան գնալ ու նձամբ տեսնել ամեն ինչ, բայց այս դեպքում դա կվերածվի առևտրի, ինչը ես չեմ ցանկանում: Կարևորն այս դեպքում ոչ թե նայելն է, այլ` տեսնելը»:

Խոսելով մարդկանց արձագանքների մասին` Արթուր Վարդանյանը նշում է, որ բնական է համարում մարդկանց զարմանքը.

«Միանգամայն հասկանալի էր, քանի որ մարդիկ սովոր են սրբապատկերները տեսնել կտավի վրա: Նման համադրում դեռ չի եղել, նման բան աշխարհում չի եղել: Այս ցուցադրությունը հետաքրքիր է լինելու նրանով, որ հաղորդության խորհուրդ է կրելու իր մեջ, որպեսզի մարդիկ ևս մեկ անգամ հաղորդվեն Աստծո հետ, դրա շնորհիվ կհաղորդվեն նաև միմյանց հետ, քանի որինչպես Աստվածաշնչում է գրված` Աստված մեր մեջ է, այսինքն` հաղորդվելով Աստծո հետ` մենք հաղորդվում ենք միմյանց հետ: Եվրոպական շատ երկրներում քրիստոնյաներն ունեն Հաղորդության տոն, որը շատ բուռն են նշում, ավելին, քան մենք` Նոր տարին: Կարծում եմ, որ ցուցահանդեսը նման տոնի կվերածվի»:

Թե երբ և որտեղ տեղի կունենա ցուցահանդեսը, Արթուր Վարդանյանը դեռ հստակ ոչինչ չնշեց, քանի որ նախապատրաստական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

«2 տարի է, ինչ աշխատում ենք այս նախաձեռնության վրա, բավականին բարդ և ժամանակատար գործընթաց է: Պատրաստվել են շրջանակներ, աշխատել եմ դիզայներների հետ, վերնագրի հետ կապված նույնպես խորհրդակցություններ եմ ունեցել:Կցանականամ, որ ցուցահանդեսը լինի ոչ թե սպիտակ պատերով սովորական ցուցասրահում, այլ մի տեղ, որտեղ ցուցադրության ժամանակ մոմեր կվառվեն, խունկ կվառվի, կերգվեն շարականներ, այսինքն` լինի հաղորդակցության համապատասխան մթնոլորտ: Որոշել ենք, որ ցուցահանդեսը կլինի ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս, որտեղ կներկայացվի թե՛ հայկական լավաշը, թե՛ սրբապատկերը, որը ևս մեկ անգամ կապացուցի, որ մենք առաջինն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունը, որ լավաշը մեր հայկականն է: Ցուցահանդեսը կուղեկցվի ֆիլմի ցուցադրությամբ, ուր զուգահեռ կներկայացվեն Սուրբ Հաղորդության և հացի արարման խորհուրդները, լավաշի ժողովրդական պատկանելիությունն ու Քրիստոնեությունը ոչ միայն համամարդկային, այլ՝ որպես ազգային կրոն: Առհասարակ, ողջ այս երևույթն ունի կարևորագույն նպատակ՝ ելնելով մեր ակունքներից՝ պահել ու պահպանել մեր ազգային արժեքները, որի հիմնավոր կամուրջը հանդիսանում է Քրիստոնեությունը»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր, «Ես եմ հացն կենդանի» ցուցահանդեսի հեղինակ Արթուր Վարդանյանը:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին