ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որն այսօր ԱԱԾ կողմից ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու կասկածանքով, չի ընդունում մեղադրանքը:
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է այս մասին հայտնել aysor.am-ին՝ նշելով. «Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը»:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այցելել էին ԱԱԾ։
«ՀՀԿ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է, որ սա անհիմն մեղադրանք է, և սա ոչ միայն 1937 թվականի Բերիայի, Սովետական Միության մեղադրանքներն է հիշեցնում, այլ ավելի ճորտատիրական կարգերի, որովհետև ԱԺ պատգամավորին իրավունք ունեն ձերբակալեն կամ հանցագործության պահին կամ անմիջապես դրանից հետո», - նշել է Շարմազանովն ու ընդգծել է, որ այն, ինչ կատարվում է՝ շինծու է ու անթույլատրելի։
«Գեներալ Գրիգորյանին թուրքերը չեն կարողացել ընկճել։ Ինքը նման փոքր բաներից չի ընկճվում, շատ համարձակ է, պարզապես անթույլատրելի է, ադրբեջանցիներին ենք ուրախացնում», - ասել է Շարմազանովը։
Նշենք, որ ադրբեջանական մամուլն արդեն գրել է, որ Հայաստանում ձերբակալվել է «ադրբեջանական հողերի գլխավոր զավթողը»։