14-ամյա Հայկ Հարությունյանը, ում անհետ կորելու մասին դեռ հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել ոստիկանության Մասիսի բաժինը, դեռ չի հայտնաբերվել: Աուտիզմ ունեցող երեխայի որոնողական աշխատանքներն արդեն դադարեցվել են:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Նանա Գնդոյանը տեղեկացրել է, որ ԱԻՆ-ը երեխայի փրկարարական աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել հունիսի 18-ին՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ:
«Քանի որ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով, մենք մեր մասով այդտեղ անելիք չունենք: Գործը դրանով հանձնվում է ոստիկանությանը: Այս ամբողջ ընթացքում երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ գրեթե բոլոր տեղեկությունները ապատեղեկատվություն են եղել»,-նշել է նա:
Նշենք, որ սպանության հոդվածով քրգործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ 2004 թ. ծնված Հայկ Հարությունյանը, ով տառապում է աուտիզմով, դուրս է եկել տնից և չի վերադարձել: Հ.Հարությունյանին հայտնաբերելու նպատակով անմիջապես սկսվել էին որոնողական աշխատանքներ։ Ոստիկանության որոնողական աշխատանքներին միացել էին նաև կամավորներ, փրկարարներ, քաղաքացիներ։