▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարգալույծ է հռչակվել կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամ Կորյուն աբեղա Առաքելյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար:



Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաև սահմանված մեկշաբաթյա շրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ դարձի գալու հորդորի անտեսումը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Առաքելյան ավազանի անունով:



Մայր Աթոռից հիշեցնում են, որ հայտնի նախաձեռնության մեջ ընդգրկված Կորյուն աբեղայի և մի խումբ աշխարհականների պահվածքի և գործողությունների առնչությամբ անցնող շաբաթների ընթացքում իրենց անհանգստության և դատապարտության խոսքն էին հնչեցրել եպիսկոպոսաց դասը, բազմաթիվ եկեղեցականներ և հավատացյալներ ինչպես Հայաստանից, այնպես և Սփյուռքից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները հուլիսի 6, 2018 թվակիր խնդրագրով դիմել էին Վեհափառ Հայրապետին կարգազանց հոգևորականին պատասխանատվության ենթարկելու խիստ միջոցների ձեռնարկման վերաբերյալ։


 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում որոշում էր կայացվել Նորին Սրբության հորդորով մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո։

Նշենք նաև, որ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են. «Ամենայն հավանականությամբ տխրահռչակ նախաձեռնության ներկայացուցիչներից ոմն մեկի մոլի ջանքերով, կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել: Ակնհայտ է, որ հատվել են ողջամտության ու բարոյականության բոլոր սահմանները։ Այդ են վկայում նաև մի քանի կեղծ էջերը, որոնց նպատակն է վարկաբեկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Անշուշտ, այդ գրառումը կապ չունի ոչ միայն իմ, այլև եկեղեցու որևէ սպասավորի` սարկավագից մինչև եպիսկոպոս, կամ որևէ հավատավոր հայորդու զգացումների հետ»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով Կաթողիկոսի հետ կապված վերջին իրադարձություններին՝ նշել է. «Ես հանձնարարել եմ ոստիկանության ուսումնասիրել, մասնավորապես, Վայոց ձորում տեղի ունեցածը։ Եթե վեհափառի դեմ բողոքի գործողություններում գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա»։

Կարդացեք նաև՝ Եթե Վեհափառի դեմ բողոքի գործողություններում մարդիկ գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա. Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին