▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ներբեռնել, ո՞ր երկրից, ո՞ւմ ցուցումով. ահաբեկչություն՝ ԱԱԾ գլխին. գաղտնալսման հետքերով

armlur.am-ը գրում է. 2001 թվականին Ամերիկայի միացյալ նահանգներում տեղի ունեցած ահաբեկչության 17-րդ տարելիցի օրը փոթորկվեց հայաստանյան ներքաղաքական կյանքը: Յութուբյան անանուն մի ալիքում տեղադրված գաղտնալսումը` ՀՀ ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի մասնակցությամբ, երեկ կայծակնային արագությամբ տարածվեց, որին օպերատիվ կերպով արձագանքեցին պաշտոնյաները՝ հանդիպելով լրագրողների հետ:

Քոչարյանը պետք է «նստի»

 

Նախ հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ: Սեպտեմբերի 5-ին անանուն աղբյուրների կողմից համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որը, հետո պարզվեց, տեղի է ունեցել հուլիս ամսին: Այն օրերին, երբ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եղել է Ժնեւում, օդանավակայան գնալու ճանապարհին ավտոմեքենայի միջից իր անձնական հեռախոսով զանգահարում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ կա Ռոբերտ Քոչարյանի գործից, որին ի պատասխան ՀՔԾ պետն ասում է, թե ցուցմունք չի տվել եւ «գժված է»: Իսկ այն դատավորը, որ կալանավորել է Քոչարյանին, Վանեցյանին է զանգահարել վախեցած, վերջինս էլ ասել է, թե հիմքերը նայի մեկ անգամ էլ: ՀՔԾ պետն ասում, որ եթե Քոչարյանը կալանավորվի, մյուսները ցուցմունքներ կգրեն նրա վրա: Իսկ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի մասով Վանեցյանը խորհուրդ է տալիս որեւէ դեպքում չկալանավորել, քանի որ նա ՀԱՊԿ գործող քարտուղարն է, բացի այդ, «ռուսների հետ նոր ենք բարիշել»: Այնուհետեւ ճշտում է ՀՀ վարչապետի հետ, եւ ասում. «Չնայած վարչապետն ասում է՝ Խաչատուրովին փակեք, բայց ռուսները խնդիր են»: Ապա խոսվում է, որ ճիշտ կլինի ՀՀ նախկին Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, ՊՆ նախկին շտաբի պետ Սեյրան Օհանյանին ձերբակալել՝ ՀՔԾ պետը ընդգծում է, որ նրանք մեղավոր են:

Անտեղյակ չինովնիկներ

Մի կողմ թողնելով ձայնագրության բովանդակությունը, որը խայտառակություն էր ե՛ւ զրույցի մակարդակի, ոճի, ե՛ւ միմյանց տրվող խորհուրդների մասով` միայն պետք է արձանագրենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրենն, ինչպես միշտ, չափից շատ անկեղծ էր իր խոսքերում. «ռուսները կնեղանան» եւ այլն, իսկ ՀՔԾ պետը՝ ցինիկ պահվածք է ցուցաբերում: Բայց մեծ հաշվով սա մեր երկրի, պետության համար իրականում կազմաքանդիչ քայլ էր: Որքան էլ պաշտոնյաներն իրենց տված շփոթված ասուլիսի ժամանակ հայտարարեցին, թե իրենք անողոք պայքար են մղում նախկին հանցավոր ռեժիմի դեմ, դրա համար նման դավադրություն է կազմակերպվել, այնուամենայնիվ, իրավիճակի լրջությունը դրանից չի թուլանում: Ինչո՞ւ, որովհետեւ դեռ չգիտեն, թե հրապարակող անանուն կողմը էլ ինչ ձայնագրություններ ունի: Նախ` ԱԱԾ տնօրենը հայտարարեց, թե «2-3 ժամ ա` տարածվել է ձայնագրությունը»: Սա արդեն լուրջ բացթողում էր նման պաշտոնյայի համար, քանի որ այդ ձայնագրությունը յութուբում ներբեռնվել է սեպտեմբերի 5-ին եւ միայն երեկ տարածվեց արդեն լրատվական դաշտով: Ինչո՞ւ ԱԱԾ տնօրենին չի զեկուցվել, թե ինչ է տարածվել համացանցում, ինչո՞ւ նախապես դրա դեմը չեն առել, եթե իրականում նրանք տիրապետում են իրավիճակին: Եւ, վերջապես, ո՞վ է այս ամենի պատասխանատուն:

Սաբոտա՞ժ, թե՞ անիշխանություն

Իհարկե, այս դեպքում երկու բնորոշումներն էլ կյանքի իրավունք ունեն: Ինչպես հայտարարեց Արթուր Վանեցյանը, արդեն իսկ հարուցվել է քրեական գործ՝ կատարվածի մանրամասները բացահայտելու եւ մեղավորներին պատժելու համար: Նա ասաց, թե հակված չէ հավատալ, որ իրենց համակարգում դավաճաններ կան: Բայց չմոռանանք, որ Մանվել Գրիգորյանի բանտային լուսանկարը հենց ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հայտնվեց լրատվամիջոցի ձեռքին:

Ուստի ամենեւին բացառված չէ, որ համակարգում էլի գտնվեն այդպիսի մարդիկ, որոնք աշխատում են դեռ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից եւ մարդկային փոխհարաբերություններ կարող են ունենալ նրանց կամ նրանց թիմի հետ: Ուստի հայտարարել, թե չեմ հավատում, մեղմ ասած, ճիշտ չէ Բայց մինչ այդ, փորձենք հասկանալ, թե ո՞վ կամ ո՞ր կառույցն է մեր երկրում պատասխանատու գաղտնալսումների համար: Եւ այսպես, ՀՀ ԱԱԾ-ում կա Օպերատիվ տեխնիկական վարչություն, Կառավարական պետ վարչություն, որը պաշտոնյաների վերահսկողությունն է ապահովում հատուկ կապի՝ OC-ի միջոցով եւ իհարկե, ԱԱԾ թույլտվությամբ գործող ՀՀ ոստիկանության 7-րդ վարչություն, որը ունի հատուկ գաղտնալսման բաժին: Ահա այս կառույցներն են դատարանի թույլտվությամբ, հատուկ տեխնիկաների միջոցով` կաբելային կամ ապարատային եղանակով, իրականացնում մարդկանց հեռախոսային գաղտնալսումներ, իսկ կառույցների ղեկավարները նախկին աշխատակիցներ են, համակարգի հնաբնակներ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց մասնագետների հետ հասկանալու համար, թե հրապարակված գաղտնալսումից ի՞նչ տպավորություն կարելի է ստանալ. ո՞ւմ հեռախոսն է գաղտնալսվել: Մասնագետի առաջին հայացքից ակնհայտ է, որ գաղնալսվել է Սասուն Խաչատրյանի բջջային հեռախոսը: Ընդ որում՝ գաղտնալսվել է ապարատային ձայնագրության միջոցով: Ի՞նչ է դա նշանակում, որ առավել հավանական է տեխնիկական կայանների օգնությամբ է գործը գլուխ բերվել՝ այսպես ասած` ԱՏԷՍ-ների միջոցով:

Ռուսներն ամեն ինչ գիտեն

Իսկ ի՞նչ կապ ունեն այստեղ ռուսները, որ համացանցում տարածվեց, թե նրանց հատուկ ծառայություններն են կազմակերպել: Չմոռանանք, որ մեր երկու խոշոր բջջային օպերատորները ռուսական ընկերություններ են՝ Բիլայն, Վիվա սելլ: Ուստի մեր ինֆորմացիոն կայանները, կաբելները այսպես թե այնպես անցնում են ռուսաստանի ձեռքի տակով: Իսկ նրանց մեղադրել ինֆորմացիա իմանալու մեջ էլի լուրջ չէ, քանի որ մեր երկրի անվտանգությունը պետք է ապահովեն ՀՀ պետական պաշտոնյաները: Իսկ ի՞նչ պետք է արվի հարուցված քրեական գործի հետ: Նախ` պետք է գործընթացն իրականացվի մաքսիմալ արագ, որպեսզի տաք-տաք հետքերով հնարավոր լինի գնալ: Եթե այս գործն էլ, մյուս քրգործերի նման ամիսներով ձգվեց, մարտահրավերները կարող են ավելի դաժան լինել:

Քայլերի հաջորդականությունը

Ըստ մասնագետների` պետք է առաջնահերթ տեխնիկական փորձաքննություն նշանակել, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե կոնկրետ զանգը եղե՞լ է նշանառության տակ, թե՞ ոչ: Եւ եթե եղել է, ապա ինչ եղանակով: Այնուհետեւ պետք է ճշտել այն անձանց շրջանակը, որոնք հասանելիություն ունեն նման գործընթացների. կարող են լինել, օրինակ, կայանների աշխատակիցներ: Պետք է ճշտել նաեւ կասկածելի անձանց շրջանակը «պիլինգ քարտեզի» միջոցով, որպեսզի պարզվի հեռախոսի շարժը, դրա հետ առնչությունները: Ամենակարեւորը՝ ստուգել` գուցե հենց ԱԱԾ աշխատակիցներն են իրականացրել գաղտնալսումը ներսի սարքավորումներով: Բայց այս ամենը կարող է անպտուղ զբաղմունք լինել, եթե գաղտնալսում իրականացնողը իրականում պրոֆեսիոնալ լինի եւ կարողանա ճանապարհները այրել: Այս եւ այլ քայլերով անհրաժեշտ է անհապաղ պարզել պետական այրերի խոսակցությունը գաղտնալսողներին եւ խիստ պատժել նրանց, քանի որ սա մեր երկրի անվտանգության հարցն է: Վաղն էլ կարող է ՀՀ վարչապետի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի գաղտնալսումը հրապարակվել: Իսկ ինչ վերաբերում է հրապարակելու եղանակներին, այստեղ է, որ բախվում ենք «Ժողովուրդ» օրաթերթի կողմից բազմիցս բարձրացրած հարցին՝ կեղծ էջեր, ֆերք կայքեր, որոնց գործունեությունը վտանգում է յուրաքանչյուր քաղաքացու կյանքը: Ո՞վ է ներբեռնել, ո՞ր երկրից, ո՞ւմ ցուցումով, ինչպե՞ս է ներբեռնողի ձեռքում հայտնվել գաղտնալսումը եւ այլն: Թեեւ արդեն պետք է պարզած լինեին:

Հեղինակ՝ Թամարա Միքայելյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին