▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանի կառավարությունը զիջել է. հացահատկի փոխադրումն ավտոտրանսպորտով չի արգելվի

Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտով հացահատկի փոխադրումն թույլատրված կլինի նվազագույնը մինչև 2019թ-ի հոկտեմբեր

 Հացահատիկն ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրելու արգելքի մասին Վրաստանի կառավարության որոշումը չեղարկվել է մեկ տարով:

Այսպիսի որոշում է կայացրել ֆինանսների նախարար Վանո Մաճավարիանին այն բանից հետո, երբ հացահատիկ ներկրող վարորդների բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկն իր վրա բենզին է լցրել և սպառնացել այրել իրեն:

Սեպտեմբերի 15-ին Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն՝ ուժի մեջ է մտել Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտային միջոցներով հացահատկի և ալյուրի փոխադրման արգելքը: Այդ որոշումը թույլատրում էր նշված բեռնափոխադրումներն իրականացնել միայն նավահանգիստների և երկաթուղային մագիստրալների միջոցով: Որոշումը, որն ավտոտրանսպորտով հացահատիկ և ալյուր փոխադրողներին և տարանցմամբ զբաղվողներին զրկում էր գործունեություն ծավալելու հնարավորությունից, պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 1-ից:

Կառավարության միակ փաստարկը, որը նշվում էր ի ապացույց ներմուծվող կարգավորման անհրաժեշտության, հսկիչ անցակետերում կուտակվող հերթերն էին հացահատիկով բեռնված մեքենաների պատճառով, ինչպես նաև խցանումները, որոնք դրանք ստեղծում են ճանապարհներին, ինչն անհարմարություն է ստեղծում տարեցտարի աճող զբոսաշրջային հոսքի համար:

Կառավարության որոշումը գործազուրկ էր դարձնում բեռնատարների հարյուրավոր վարորդների, որոնք զբաղվում են հացահատկի փոխադրմամբ: Սեպտեմբերի 17-ին վարորդները հավաքվել էին Լիլոյում՝ տնտեսական գործունեության ձևակերպման գոտում, և հանդիպում էին պահանջում նախարար Մաճավարիանիի հետ:

Եռօրյա ցույցից հետո նրանք ստիպեցին կառավարությանը զիջումների գնալ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցներից մեկը բարձրացավ Լիլոյի տերմինալի տանիքն ու սպառնաց ինքնահրկիզման ակտ իրականացնել:

«Մենք ի գիտություն ենք ընդունել վարորդների դրությունն ու որոշել մեկ տարով հետաձգել կարգավորման ընդունումը: Ապագայում փոխադրումների սահմանափակումները սեզոնային կամ այլ բնույթ կկրեն. դա տեղի կունենա հարցը բեռնատարների վարորդների հետ քննարկելուց հետո», — հայտարարել է ֆինանսների նախարարը, որը հանդիպել է ինքնահրկիզման ակտ իրականացնելու սպառնալիք հնչեցրած վարորդի հետ:

 

 

 

 

 

Բեռնատարների վարորդներից և հացահատկի բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններից զատ Վրաստանի կառավարությունը բարդ դրության մեջ էր դնում նաև հարևան Հայաստանին:

Վրաստանը Հայաստանի համար միակ տարանցիկ տարածքն է, որի միջոցով երկիր հացահատիկ է մտնում: Այդ պատճառով էլ Վրաստանում հացահատկի ավտոտրանսպորտային փոխադրումները կարող էին զգալիորեն թանկացնել հացը Հայաստանում:

Աղբյուր՝ jam-news.net

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին