▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավաքվել ենք ամենամեծ գյուղատնտեսական մարզում, տվյալ չունենք. Վարչապետը դժգոհեց

Քանի՞ հեկտար կաթիլային ոռոգմամբ տարածք կա և քանի՞ հակակարկտային կայան կա Արարատի մարզում: Այս հարցն այսօր Արարատի մարզպետարանում մի քանի անգամ կրկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն պատասխանատուներն այդպես էլ հստակ տվյալներ չներկայացրեցին:

«Հավաքվել ենք ամենամեծ գյուղատնտեսական մարզում, տվյալ չունենք»,- դժգոհեց Ն.Փաշինյանը:

Մարզպետի խորհրդական Աշոտ Վարդանյանը նշեց, որ 90 հատ հակակարկտային կայաններ կան, հիմնականում Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում են.

«Այսօրվա պայմաններում դրանք որոշ չափով արդյունավետ են»:

Ն.Փաշինյանը նշեց, որ շատ է խոսվում, որ կայաններն անարդյունավետ են, նման եզրակացության են հանգել նաև կառավարությունում քննարկման ժամանակ, սակայն Արմաս գինու գործարանի շրջակայքում խաղողի այգիներ են և դրանց սեփականատերն ասել է, որ հակակարկտային կայաններ տեղադրելուց հետո որևէ ողկույզ չի վնասվել:

 

 

 

 

 

Վարչապետը հետաքրքրվեց՝ մայիսին Սուրենավանում տեղի ունեցած կարկտի ժամանակ կայանները լիցքավորված եղե՞լ են, թե՞, ոչ:

Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը հայտարարեց, թե լիցքավորված եղել են, բայց արևային լիցքավորման սարքը գողացած է եղել:


«Այդպես չէ, մենք խոսել ենք այդ մասին, 4 կայաններից 3-ը լիցքավորված են եղել, 4-րդը լիցքավորված չի եղել՝ ձեր պարտքերի պատճառով»,- միջամտեց մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ նշելով, որ 3 կայաններն աշխատել են, կարկուտն ուղղել 4-րդի տարածք, ու կարկուտը «ջարդվել» է գյուղի վրա:

«Դնում են էդ կայանները, գումարները մսխվում են, չարաշահում են, հետո ասում են՝ չի աշխատում: Հիմա գյուղի ժողովուրդն ակնկալում է, որ կառավարությունը կարկտահարման դիմաց փոխհատուցում տա: Չեք կարծո՞ւմ, որ էդ փոխհատուցումը դուք պետք է տաք»,- գյուղապետին դիմեց վարչապետը՝ նկատելով, որ հրթիռներ բերեն, նույնպես խնդիրներ կլինեն: Նա հանձնարարեց ուսումնասիրել Արմասի փորձը:

Ն.Փաշինյանը դժգոհեց, որ քննարկումների ժամանակ ասվում է՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան կա, որ մենք չունենք, երբ ունենում ենք, ասում ենք՝ չէ, սա էն չէր, ինչ պետք էր:

«Ո՞վ ա ասել, որ դուք ձեր հակակարկտային կայանքները պետք է թալանեք, տեսածին չարձագանքեք, հետո ասեք՝ հրթիռներ բերեք: Ամեն գյուղացի իր պատասխանատվության չափը պետք է զգա: Ընդհուպ՝ ընտրություների ժամանակ: Բայց էդ ընտրությունների ժամանակ ծախսված գումարը ո՞նց պիտի հանի: Պետք է կայանքը չլիցավորի, մաս հանի, ծախի: Սա կախարդական շրջան է, որ պետք է կտրել»,- ասաց Ն.Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին