▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն աշխարհին հայտնել է, թե քանի վստահելի մարդ ունի ՀՀ խորհրդարանում

 

Փաշինյանը ՄԱԿ–ում պատմել է հեղափոխության ու արտահերթ ընտրությունների ու նաև իր վարչապետ ընտրվելու մասին։

Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում հնչեցրած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու ներքաղաքական ներկա վիճակին:

 

 

 

 

 

 

 

 

Ներկայանալով որպես հայկական թավշյա հեղափոխության արդյունքում ընտրված Հայաստանի վարչապետ` Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացրել է առանց բռնության, զոհերի կամ հասարակական անկարգությունների ավտորիտար իշխանության նկատմամբ տարած հաղթանակին:

«Մեր նպատակը սիրո և համերաշխության հեղափոխություն կատարելն էր: Ի սկզբանե մենք հայտարարեցինք, որ բացառելու ենք ցանկացած բռնություն: Մենք հայտարարեցինք, որ եթե նույնիսկ բռնություն գործադրվեր մեր դեմ, մենք չէինք արձագանքի բռնությամբ: Մենք հայտարարեցինք, որ մեր պատասխանը դրսևորվելու էր վեր բարձրացրած բաց ձեռքերով, սիրով ու ժպիտով»,- ասել է նա:

Փաշինյանն անդրադարձել է նաև իր` վարչապետ ընտրվելուն։

«Ես ընտրվեցի մի խորհրդարանում, որտեղ ունեի ընդամենը չորս վստահելի ձայն, այդ թվում` իմ սեփականը»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով իրեն ընտրած խորհրդարանին` վարչապետն ասել է, որ օրենսդիր մարմինը շարունակում է աշխատել, բայց չի ներկայացնում ժողովրդի կամքը, քանի որ այն ընտրվել է ընտրական գործընթացի կոպիտ խախտումներով, վարչական ռեսուրսի և ճնշումների գործադրմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Իրապես ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու համար կարևոր քննություն էին Երևանի ավագանու ընտրությունները, որոնք տեղի ունեցան Նյու Յորք մեկնելուցս անմիջապես առաջ: Այն, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուները շնորհավորեցին հաղթող թեկնածուին, խոսում է Հայաստանում միանգամայն նոր քաղաքական մշակույթի հաստատման մասին»,- ասել է Փաշինյանը` հավելելով, որ նույն ոգով Հայաստանն այսօր պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների:

«Ստանձնելով պատասխանատվություն` մեր թիմն ունի հստակ տեսլական և հզոր քաղաքական կամք` իրականացնելու հիմնարար բարեփոխումներ՝ ուղղված կոռուպցիայի վերացմանը, թափանցիկ, հաշվետու և արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության ապահովմանը, ինչպես նաև խթանելու տնտեսական աճն ազատ և մրցակցային գործարար միջավայրի ու ներդրումների համար նպաստավոր մթնոլորտի միջոցով»,- ասել է Փաշինյանը:

Այդուհանդերձ, իր ելույթում ՀՀ վարչապետը նաև շեշտել է, որ ներքին փոփոխություններով հանդերձ, ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխվել։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Նյու Յորք է մեկնել սեպտեմբերի 23-ին, ԱՄՆ–ից նա կմեկնի Տաջիկստան և Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 29-ին։

Աղբյուրը՝ Armeniasputnik.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին