Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց ինքը հնարավոր է այս շաբաթ լքի զբաղեցրած պաշտոնը, իսկ պատճառը հավաքագրված մեծ գումարների անհետացումն է, որի մասին վարչապետին համակարգից են տեղեկացրել, նշեց, որ վարչապետի հետ քննարկում է եղել խիստ աշխատանքային՝ կապված ՊԵԿ-ի ընթացիկ հարցերի շուրջ. դժգոհություն չի եղել:
Դավիթ Անանյանը նշեց, որ դրանից ոչ ինչն է տեղյակ, ոչ էլ վարչապետը. «Ես չգիտեմ՝ ինչ գումարների մասին է խոսքը, ճիշտն ասած: Ո՞նց եք պատկերացնում, ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարները ինչպես կարող են ահետանալ: Դուք տեղյա՞կ եք այդպիսի մեթոդների: Դուք ունե՞ք այդպիսի տվյալներ, որ հավաքագրված գումարներն անհետանում են, նույնիսկ նախկինների ժամանակ: Եթե որեւէ մեկն ունի այդպիսի տեղեկատվություն, այդ հարցերով զբաղվող մարմիններին ներկայացրեք»,-ասաց ՊԵԿ նախագահը: