▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆլեշ» ՍՊԸ տնօրենը սպառնացել է իր աշխատակցի որդուն. քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առերեւույթ կատարված ինքնիրավչության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2018թ. օգոստոսի 7-ին Երեւան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2011թ. «Ֆլեշ» ՍՊ ընկերության աշխատակիցը, իր հանգուցյալ ամուսնուն մեղադրելով յուրացումներ կատարելու մեջ, խաբեությամբ, սպառնալիքներ տալու եղանակով, հափշտակել է 15 000 000 ՀՀ դրամ գումար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով, որը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական տվյալներով՝ 2010-2011թթ. ընթացքում «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենը՝ ծնված 1954թ., գրասենյակ է հրավիրել ընկերության աշխատակցին՝ բենզալցակայանի վարիչին, վերջինիս մեղադրել հափշտակություն կատարելու մեջ, սպառնացել նրա որդուն՝ ծնված 1982թ., եւ պահանջել որպես փոխհատուցում վճարել 3 000 000 ՀՀ դրամ գումար:

Ստանալով պահանջված գումարը՝ աշխատակցին հայտնել է, թե սխալ հաշվարկ է կատարվել, հափշտակված գումարի չափն ավելի մեծ է՝ պահանջելով եւս 3 200 000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, ՍՊ ընկերության տնօրենը պահանջել է նաեւ, որպեսզի աշխատակցի որդուն պատկանող «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան տեղափոխեն ընկերությանը պատկանող բազա՝ հայտնելով, որ գումարը վճարելուց հետո միայն այն կվերադարձնի: Բենզալցակայանի վարիչն ստիպված վճարել է եւս 3 200 000 ՀՀ դրամ գումար եւ վերցրել հիշյալ ավտոմեքենան:

Այնուհետեւ, ըստ քրեական գործի նյութերի, ՍՊ ընկերության տնօրենը աշխատակցին հրավիրել է ընկերության գրասենյակ եւ վերջինիս որդու կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ պարտադրել է ստորագրել եւս 7 000 000 ՀՀ դրամ գումարի չափով պարտավորագիր: Պահանջվող գումարը վճարելու համար՝ ՍՊ ընկերության աշխատակիցը գրավադրել է իր բնակարանը եւ ՍՊ ընկերության տնօրենին փոխանցել 7 000 000 ՀՀ դրամ գումարը:

 

 

Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ, հարցաքննվել են ընկերության աշխատակիցներ, դեպքի շուրջ, որպես կասկածյալ, ցուցմունք է տվել ՍՊ ընկերության տնօրենը: Քննիչը որոշում է կայացրել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին