▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Վանո Սիրադեղյանը չվստահեց Արթուր Մեսչյանին

Երեկ Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակվեց երգահան, բանաստեղծ, ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Այս նշանակումը եւս, ինչպես իշխանությունների մի շարք այլ առանցքային նշանակումներ, սոցիալական ցանցերում տարաբնույթ քննարկումների առիթ է դարձել։

 

 

 

hraparak.am-ն է գրում այս մասին ու հիշեցնում,որ ԽՍՀՄ օրոք այլախոհ, 1990-95 թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը ժամանակին աշխատել է Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի հետ, եղել է նրա տեղակալը եւ հիշում է, որ այդ տարիներին Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակվեց Արթուր Մեսչյանը, որը հրավիրվել էր ԱՄՆ-ից։

 

-Փաստորեն Արթուր Մեսչյանին երկրորդ անգամ են հրավիրում եւ նշանակում Երեւանի գլխավոր ճարտարապետ։ Խնդրում եմ պատմեք, թե ինչպես ծագեց նրան ԱՄՆ-ից Հայաստան հրավիրելու գաղափարը։

-Դա եղել է Վանո Սիրադեղյանի ծրագիրը՝ հրավիրել անբասիր մարդկանց։ Երեւան քաղաքը հայտնի էր իր բյուրոկրատիայիով՝ բարեկամներով, ծանոթներով, որոնց թիկունքում կանգնած էին նշանակողները։ Եվ Վանոն որոշել էր հավաքել նոր, թարմ թիմ։ Դա 1996 թվականի վերջերին էր։ Երեւանի քաղաքապետարանի քարտուղարը Պողոսյան Սերգեյն էր, եւ նա հրավիրեց Սամվել Սեւադային ու Արթուր Մեսչյանին։ Երկուսն էլ աշխարհ տեսած, բարձր ճաշակի տեր մտավորականներ էին, համաշխարհային հզոր քաղաքաշինության նորմերին ծանոթ մարդիկ էին։

 

 

 

 

 

 

 

 

 

-Իսկ հրավիրելու ժամանակ հաշվի՞ էիք առել իր աշխատանքները։

-Ոչ։ Ես կարծում եմ, որ «Ո՞ւր էիր Աստված» -ն էր կարեւորը։ Կարծում եմ, որ ո՛չ հրավիրողը գիտեր, ո՛չ էլ երգողը, որ Աստված շքեղ դահլիճներում չի լինում, ճոխ հանդեսների ժամանակ։ Աստված այնտեղ չի լինում, այլ այնտեղ, որտեղ մարդիկ դիմում են Աստծուն։ Հուսահատների, լքվածների մոտ է լինում Աստված։ Իսկ բիզնես ծրագրով դահլիճում Աստված չի լինում։ Արթուր Մեսչյանն ուներ կիսադիսիդենտական բրենդ, եւ Վանո Սիրադեղյանն այդ բրենդն էր հրավիրել։ Այդպիսի նրբություն կար․ ճաշակը, ճարտարապետությունը, նախագծելը, խզմզելը չէին կարեւոր։

-Որքա՞ն ժամանակ աշխատեց Արթուր Մեսչյանը։

-Չեմ կարող ասել, որովհետեւ ես ավելի շուտ եմ ազատվել։ Իսկ հիասթափությունն առաջացավ նրանից, որ Արթուր Մեսչյանն առաջարկեց, որ Նորքի հատվածի անտառային հատվածը կառուցապատվի։ Վանո Սիրադեղյանի համար, որը Տավուշի մարզի անտառներում մեծացած մարդ էր, Երեւան քաղաքի թոքերը հանելն անընդունելի էր։ Եվ դա պատճառ դարձավ, որ նա չվստահի։ Բայց Արթուրն ուներ մի լավ ծրագիր՝ կառուցել ստորգետնյա կայանատեղիներ եւ կառուցապատել Նորքի լանջը։ Այդ ծրագրերը չիրականացան, որովհետեւ Վանո Սիրադեղյանը խորապես հիասթափվեց։ Հետո թե ինչ եղավ՝ չգիտեմ։ Իսկ այդ ընթացքում այլ մեծ նախագիծ չիրականացվեց։ Նախ եւ առաջ այն պատճառով, որ Երեւան քաղաքը չուներ այդպիսի ռեսուրս, ինչպես Մատենադարանը կառուցվեց։

 

 

 

 

 

 

 

 

 

-Բայց գոնե ապօրինի կառույցները կանխելու ռեսուրս ունե՞ր։

-Արթուր Մեսչյանն այդպիսի բաներով չէր զբաղվում։ Ով այդ պահին լինում էր Վանո Սիրադեղյանի մոտ, նրան էր հանձնարարում զբաղվել նման բաներով։ Քաղաքացիական պարտքի գիտակցում ունեցող մարդիկ զանգահարում էին, ասում էին՝ ծառը կտրել են, նա էլ ասում էր՝ տեսե՛ք ինչ է դա, կասեցրեք։ Գնում, ասում էինք, այդ քաղաքացին էլ հետեւություններ էր անում, դադարեցնում այն։ Մեծ մասշտաբի ապօրինի կառույցների համար այն ժամանակ վարչապետ, այժմ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ, կառավարության որոշումով ստեղծվել էր մի հանձնաժողով, (մենք ասում էինք՝ եղյալ-չեղյալ), որը բոլոր ապօրինի, քաղաքաշինական, ճարտարապետական, բնապահպանական, հակահրդեհային կանոնները խախտող շինթույլտվություններն էր քննարկում, հանձնաժողովում կային մտավորականներ, որոնք քննարկում էին՝ պիտանի՞ էին այդ կառույցները, թե՞ ոչ։ Իսկ այն որոշումները, որոնք կոռուպցիոն ծագում ունեին, չեղյալ էին համարվում։ Գիտեմ, որ շատ ծանր քննարկումներ էին ընթանում, որովհետեւ այդ բոլոր որոշումների հետեւում կանգնած էին ազդեցիկ մարդիկ՝ ՀՀՇ-ի նոմենկլատուրայից եւ Վազգեն Սարգսյանի հովանավորյալներից։ Վերջիններիս դեմ շատ ծանր էր որոշում կայացնելը, ճարտարապետը որոշող չէր։ Մի քանի այգիներում թույլատրված էր ինչ-որ սրճարաններ կառուցել, դրանք, սակայն, մանրակրկիտ քննարկվում էին այդ հանձնաժողովում։ Եվ շատ բաներ վերագրվում էին չկամությանը։ Դրա համար էլ ասում էին, որ Վանո Սիրադեղյանի ադմինիստրացիան չկամ է։ Դրանից հետո էր, որ Ռոբերտ Քոչարյանը ասաց՝ փողի վրա նստած փող եք ուզում։ Օրինակ, այն ժամանակ Կենտրոնի կառուցապատումը առանց գլխավոր հատակագծի չէր լինի։ Ես հիշում եմ, որ հանձնաժողով հրավիրվեց եւ պատվիրվեց գլխավոր հատակագիծ պատրաստելը։ Տեղակալներից մեկը կամ քարտուղարը գնաց Լիոն՝ փորձի փոխանակման համար։ Լիոնում հանրաքվե էր անցկացվում ճարտարապետական խախտման համար, եթե հանրային գերակա շահ էր ճանաչվում, այնտեղ անցկացվում էր հանրաքվե դրա համար։ Այն թաղամասում, որտեղ պետք է իրականացվեր կառուցապատում, որը բախվում էր քաղաքացիների շահերին, իրականացվում էր հանրային հարցում։ «Ժուռնալ» էին լրացնում ճարտարապետական խախտման համար, բոլոր քաղաքացիները լրացնում էին՝ «այո» կամ «ոչ»։

 

 

 

-Իսկ այն ժամանակ կա՞ր «Երեւան» հիմնադրամը։

-«Երեւան» հիմնադրամը կար, մի բանկ էր, պարզվեց, որ այնտեղ եղել են խարդախություններ, եւ այդ բանկի ղեկավարները հեռացան անհայտ ուղղությամբ։ Իսկ «Երեւան» հիմնադրամի փողերն այդ բանկում էին։ Այն ժամանակ կար մի հետաքրքիր բան՝ յուրաքանչյուր նորածնին հիմնադրամը տասը դոլար էր նվիրում, ծննդատներ էինք գնում, ծնողներին հանձնում էինք այդ տասը դոլարը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին