▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ էր «Ընտրական oրենսգրքի» տապալման մեղավորը

Հոկտեմբերի 24-ին Երևանում կայանալու է ԱԺ հատուկ նիստը, որտեղ քննարկվելու է վարչապետի ընտրության հարցը: «Ելք» դաշինքն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Սա ֆորմալ ընթացակարգ է, որով նախատեսում է Ազգային ժողովը երկու շաբաթվա ընթացքում 2 անգամ վարչապետ չընտրվելու պարագայում խորհրդարանն ինքնալուծարել է և կազմակերպվել արտահերթ ընտրություններ: Մինչ այդ, խորհրդարանական ուժերը պետք է հասցնեն ընդունել «Ընտրական oրենսգրքի» ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը: Ահա, այս հարցի շուրջ է, որ քաղաքական կուսակցությունները կոնսենսուսի չեն գալիս: Հոկտեմբերի 22-ին Կառավարության հրավիրած արտահերթ նիստում փոփոխությունները չընդունվեցին, տապալվեցին, մեկ օր հետո  արդեն «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ԱԺ քարտուղարություն հանձնեցին ստորագրությունների ձևաթուղթը` Ընտրական օրենսգրքի վերաբերյալ երկրորդ արտահերթ նիստը հրավիրելու մասին: Այսպիսով, երկուշաբթի օրը կրկին արտահերթ նիստ է կայանալու: ՀՅԴ խմբակցության պատգամավորներն, ի դեպ, չեն միացել ստորագրահավաքին, թեև ասել են, որ արտահերթ նիստի կայացման պարագայում իրենք կողմ կքվեարկեն նոր Ընտրական օրենսգրքին:







Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 կողմ ձայն: Նշենք, որ օրենքը սահմանադրական է, և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն: Այդ կապակցությամբ Facebook սոցիալական ցանցի իր էջում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գրել է «Ուզում եմ հստակ արձանագրել, որ ԸՕ-ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին առաջին հերթին հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար»։ Իսկ մինչ այդ արտահերթ նիստի «անդորրը խաթարել էր» ՀՀԿ խմբակցությունից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ելույթով ու լրագրողներին տված մեկնաբանություններով: «Բոլոր նախկին ընտրությունները քըխ էին, այս ընտրությունները լավն են լինելու:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օքեյ. ո՞նց, այս ձեւո՞վ: Կներեք, մարդիկ կոմպոտ զակատ անելու համար տանը ավելի երկար են պատրաստվում, այստեղ 24 ժամում ուզում են երկրորդ ընթերցմամբ Ընտրական օրենսգիրք անցկացնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում իր վրդովմունքն արտահայտեց Արմեն Աշոտյանը: Նա նկատեց, որ Ազգային ժողովի արտահերթ նիստը կայացավ հենց ՀՀԿ-ական պատգամավորների ներկայության շնորհիվ. «Մեր այսօրվա իշխանությունները չեն կարողանում կայացնել քաղաքական ստույգ որոշում` իրենք ի՞նչ են ուզում՝ արտահերթ ընտրություննե՞ր, թե՞ փոփոխված Ընտրական օրենսգիրք»: Արմեն Աշոտյանը կարծում է, որ նման փոփոխություններով ԸՕ-ն եթե ընդունվի, այն կընդունվի քաղաքական կոնսենսուսի բացակայությամբ: Մինչդեռ ԸՕ-ն բոլոր ուժերի կողմից քաղաքական կոնսենսուսով ընդունելու մասին խոսել էր նաև Վենետիկի հանձնաժողովի ղեկավարը: Հակառակը հակասելու է ժողովրդավարության դասական կանոններին։

 

 

 

 

 

 

 

«Այսօր մենք, երևի թե, դա չենք զգում, բոլորս ուրախ ենք, հետհեղափոխական ենք, էյֆորիայի մեջ ենք, վարչապետը լայվ կմտնի, նորից մի բան կդզի կանցնի` կգնա. բայց դա հարցն ուղղելո՞ւ է»,-հարցադրում արեց Արմեն Աշոտյանը` նկատելով, որ ոչ մի թավշյա իշխանափոխություն չի կարող փոխել եվրոպական դասական ժողովրդավարության կանոնը. «Ինչքան ուզում է իմ գործընկեր Արարատ Միրզոյանը գնա Վենետիկ, ինչքան ուզում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտնի լայվ, ինչքան ուզում եք մարդ բերեք պատուհանի տակ ինձ հիշատակեք, դա չի փոխվելու, դա դասական քաղաքագիտական կանոն է: Կարող եք քվեարկել տալ, կարող եք էլի ճնշել պատգամավորներին, համոզել, բերել, նստեցնել, խնդրել, բայց դա չի լինելու այն, ինչի մասին դուք խոստանում էիք հայ հասարակությանը»:

 

 

 

 

 

 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով, ԸՕ-ի փոփոխությունների շուրջ խորհրդարանում կոնսենսուս չկա: Լրագրողներից մեկը հիշեցրեց հոկտեմբերի 2-ին` ԱԺ կանոնակարգ-օրենքի ընդունման ժամանակ տեղի ունեցածը եւ հարցրեց` մտավախություններ չկա՞ն, որ խորհրդարանը նորից կպաշարեն: «Թող պաշարեն: Որ պաշարեցին` ինչ ստացվեց, ինչ որ հարց լուծվե՞ց: Մենք մեր վարկը գցեցինք` ամբողջ աշխարհի առաջ: Դրա «թթու ջուրը» հետո կխմենք»,- ասաց նա: Այն, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում «կողմ» քվեարկել նախագծին, Արմեն Ռուստամյանը սաբոտաժ չի համարում. «Իրենք իրենց տեսակետն ունեն»: Նաև հստակեցնում է ՀՅԴ-ի մոտեցումը` ԸՕ-ը փոխելը ճիշտ է, բայց այն փոխելուց հետո էլ պետք է ժամանակ հատկացվի քաղաքական ուժերին, որպեսզի պատրաստվեն: Ինքը կարծում է, որ այս հապշտապությունը նոր իշխանությունների կողմից` անպայման դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկապես ական է դնելու այդ ընտրությունների տակ ու ինքը չի հասկանում թե գործող իշխանության ինչի՞ն է պետք այդ ականապատ դաշտով մեծամասնություն ստանալ խորհրդարանում:

 

 

 

 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀՀԿ-ն «մանր քինախնդրություն» ցույց տվեց` չապահովելով իր պատգամավորների ներկայությունը քվեարկությանը:

Նա ՀՀԿ-ին զգուշացնում է` չփորձել վերջին անգամ սեպ խրել այն բարեփոխումների մեջ, որոնք հնարավորություն են տալու համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններ անցկացնել: Կուսակցական շահի տեսակետից, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ԸՕ-ով առաջարկվող փոփոխությունները ՀՀԿ-ին հարմար են: Բայց ինքը կարծում է, որ ՀՀԿ-ականներն առաջնորդվեցին զուտ վերջին վատությունն անելու սկզբունքով: «Սեփական անզորության ցուցադրում եղավ հերթական անգամ, չեմ կարծում, թե սեփական կշիռը ցույց տալու հարց կար: Այն, ինչ իրենք արեցին երեկ, որեւէ քաղաքական տրամաբանության չէր ենթարկվում»:

Շատ սպասեցնել չտվեց Արմեն Աշոտյանի կանխատեսումը և ընդամենը ժամեր անց Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ և հայտարարեց. «ԱԺ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Սաբոտաժը շարունակվում է, բայց հեղափոխության հաղթանակը անխուսափելի է»։ Իսկ ՀՀ կրթության և գիտության նախարար, ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանն արդեն երեկոյան հարցազրույցներից մեկում նշեց. «Չեմ բացառում, որ կրկին կդիմենք հանրության օգնությանը, որովհետև հանրային պահանջը ի վերջո պետք է նյութականացնենք»: Հավանաբար հենց դրան էր ուղղված ՔՊ մեկ այլ պատգամավորի՝ Լենա Նազարյանի հայտարարությունը, որով կոչ արեց պատգամավորներին Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրել, ինչին Արմեն Ռուստամյանը հակադրաձեց. 

«Չես հասկանում, մե՛կ պաշարում են, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մե՛կ պաշարում են, ասում են՝ մի՞ ընտրեք»: Նա ասաց, որ ոչինչ չի բացառում եւ որ հնարավոր է՝ Փաշինյանն ընտրվի վաղը: «Այս իրավիճակն այնքան արհեստական է, որ այստեղ չես իմանում՝ ինչ կստացվի այս ամեն ինչից»,- եզրափակեց նա:

 

 

Դե իսկ «Ընտրական oրենսգրքի»  նախագծի մշակման մասնագիտական հանձնաժողովի անդամը վստահեցնում է, որ «Ընտրական oրենսգրքի»  տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն կամ «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու Հոյիդան են, այլև գործադիր իշխանությունը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, քանի որ ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, նա էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց Ընտրական օրենգրքի նախագծի մշակման մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը։ «Ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների պրոցեսը: Հույս ունեմ, որ դեռևս կարելի է փրկել իրավիճակը և փոփոխել օրենսգիրքը»,–գրել էր Դանիել Իոաննիսյանը:

Դե ինչ, իսկ մենք հուսանք, որ ֆորս-մաժորային իրավիճակներ այնուամենայնիվ չեն լինի «Ընտրական oրենսգրքի»  փոփոխությունների շրջանակում: 

 

Արման Խարազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին