▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

armtimes.com-ը գրում է. Նոյեմբերի 7-ին, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին ողբերգական վթարից մահացած 20-ամյա զինծառայող Էդգար Հունանյանի վարած «Կամազ» մակնիշի մեքենան 2 տարի շարունակ, մեղմ ասած, անսարք վիճակում է եղել: Այդ մեքենան, որով վթարի են ենթարկվել զինծառայողները եւ որի հետեւանքով 4 զինծառայողներ են մահացել, զինծառայողն անձամբ, անգամ սեփական միջոցներով փորձել է վերանորոգել:

 

 

 

 

 

Դեպքի նախորդ օրը Հունանյանը ծնողներին տեղեկացրել է, որ չի ցանկանում վարել մեքենան, քանի որ զինծառայողների է տեղափոխում:

Այս մասին երեկ մեր զրույցում պատմեցին Հունանյանի ծնողները՝ պնդելով, որ այդ մեքենան ոչ թե մարդատար է, այլ՝ բեռնատար, այսինքն՝ այդ մեքենան նախատեսված չի եղել զինծառայողներ տեղափոխելու համար: Հունանյանի մայրը՝ տիկին Սուսաննան, մեր զրույցում պատմեց, որ մեքենան ի սկզբանե եղել է ուղղակի անունով մեքենա: «Այդ մեքենան ամենասկզբից մինչեւ վերջ անիվներից մինչեւ դիմապակի, սարքել է իմ որդին՝ հոր օժանդակությամբ, մասնագիտական խորհուրդներով, նյութական մատակարարմամբ: Մենք հանդուրժողականորեն լռել ենք, որովհետեւ իմ երեխան էնքան դաստիարակված ու համեստ էր, որ ասում էր՝ մամ ջան, ծառայում եմ, պետք չի էստեղ ավելորդություններ, խոսակցություններ լինի: Խնդրում եմ՝ պարզաբանեք ես իմանամ, իմ երեխան վարել է մարդատա՞ր, թե բեռնատար անսարք մեքենա»,- ասաց որդեկորույս մայրը: Վերջինս թվարկեց մեքենայի թերությունները, որոնք բազմաթիվ էին, սկսած արգելակների չաշխատելուց: Մայրը պատմեց, որ դեպքից 10 օր առաջ Գորիսում՝ Տեղ գյուղում, այդ նույն մեքենան հրդեհվել է.

 

 

 

«Իմ երեխան տեղեկացրել է ղեկավարներին, նրանք, ինչպես միշտ, ոգեւորել են, թե դու մեկ է՝ կարողանում ես ամեն ինչ անել, սարքի արի հասի, դարձյալ իմ դաստիարակված, խոհեմ, երեխաս արել է: Դրանից առաջ էլի էր հրդեհվել մեքենան, հետադարձ խողովակը ու սալյարկան դուրս էին եկել, լցվել մատոռի մեջ, երեխես ձեռքերը վառել էր, տեւական ժամանակ մեքենան վարել է ձեռքի ափերով, բայց մեզ տեղյակ չի պահել: Ախր գնացած օրվանից դա է եղել, ուղղակի մեզ սաստում էր, ասում էր՝ մամա ջան, ծառայում եմ, մի թողեք մեր վրա խոսակցություն գա:

 

Այս անգամ, որ պետք է արդեն զինվոր տեղափոխեր, երեխաս ասում էր՝ մամա ջան, հեչ չեմ ուզում էս անգամ գնամ Արցախ, որովհետեւ զինվոր եմ տեղափոխելու: Նա, իմանալով մեքենայի անսարքության մասին, չէր ուզում ոչ մի զինվորի մազը ծռվեր, բայց խնդրեմ՝ եղավ այն՝ ինչ որ չպետք է լիներ: Այդ ժամանակ ասացի՝ Էդ ջան, ամենացածր արագության տակ կքշես, ամեն վայրկյան կհիշես մեզ... վերջին խնդրանքս էր: Կան մարդիկ, ովքեր կհավաստեն, որ իմ երեխան արագ չի վարել, ուղղակի միգուցե գիշերվա անքնությունն է ազդել, ով իմանա նաեւ, սոված անսարք մեքենայի ղեկին, ջահել երեխեն հո ամենակարող չէր, մատղաշ երեխա էր: Հիմա ես, իմ նման երեք զինվորների մայրերը, ինչպե՞ս վշտանք»,- պատմեց զինծառայողի մայրը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր էր մահացել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին