▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ․ՀՀԿ շտաբի հայտարարությունը

ՀՀԿ ընտրական շտաբը հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է կազմավորվի 7-րդ գումարման խորհրդարանը։ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ: Կառավարման խորհրդարանական համակարգի անցման հիմնական նպատակներից մեկը հենց տարբեր, անգամ հակադիր կարծիքների համադրման հնարավորության ստեղծումն է: Հետևաբար, ցավալի է, որ ընտրարշավն այդքան խորը բաժանարար գծեր ստեղծեց:

 

 

 

 

 

 

 

 

 

Մենք հաջողություն ենք մաղթում խորհրդարան անցած ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը, քանի որ դրանից է կախված մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հեռանկարը: Ընտրապայքարի ընթացքում մեր հնչեցրած մտահոգությունները չէին կրում քարոզչական բնույթ, այլ արտահայտում էին մեր խորին անհամաձայնությունն արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության, սոցիալ-տնտեսական միտումների, ազգային արժեքների խաթարման և, ամենակարևորը, Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հնչեցված մոտեցումների և առաջին տեսանելի քայլերի առումով: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքն այս ուղղություններով որպես արտախորհրդարանական ուժ:

Ներքին քաղաքական այս թեժ մրցակցությունը չպետք է ոգևորի Հայաստանի և Արցախի թշնամիներին։ Անկախ միջկուսակցական պայքարում բոլոր տարաձայնություններից` Հանրապետականը հանձնառու է մնում մաս լինելու մեր ժողովրդի խնդիրների լուծմանը և շարունակելու է ամուր կանգնել մեր փառապանծ Զինված ուժերի կողքին։

 

 

 

 

 

 

 

 

 

Եվ վերջապես, շնորհակալություն ենք հայտում մեր բոլոր աջակիցներին։ Դուք վստահեցիք և քվե տեվեցիք մեզ բարդ իրավիճակում: Անշուշտ, ընտրություններն ամփոփող պաշտոնական տվյալները չեն արտահայտում այն արդյունքը, որի համար պայքարում էինք։ Վստահ եղեք, որ անելու ենք մեզանից կախված ամեն բան, որ պոպուլիզմի աղմուկը չխլացնի ձեր ձայնը և ձեզ մտահոգող հարցերը շարունակեն ներառված մնալ երկրի քաղաքական օրակարգում: 
Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։

ՀՀԿ ընտրական շտաբ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին