▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ պարզաբանում է ավտոմեքենայի նվիրատվության դեպքում հարկ վճարելու հարցը

Կառավարության շենքի մոտ այսօր ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները բողոքի ակցիա են իրականացրել:

 

 

 

Դժգոհում են, որ 2-րդ մեքենայի առքուվաճառքի դեպքում, երբ այն որպես նվիրատվություն են ձևակերպում, 20 տոկոս հարկ է գանձվում։ Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ օրենքը փոփոխվել է ս.թ. հունիսի 1-ին, սակայն իրենք տեղյակ չեն եղել, ինչի արդյունքում այսօր խոշոր չափի տուգանքներ են ստացել։

Ներկայացնում ենք ՊԵԿ-ի պարզաբանումը տվյալ խնդրի վերաբերյալ:

Ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների` այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու դեպքում եկամտային հարկի հաշվարկման հարցերի վերաբերյալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելով ծանուցել է հարկային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենաներ ձեռք բերած և օտարած ֆիզիկական անձանց՝ իրենց հարկային պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածները:

Այսպես,

ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաների երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ ավտոմեքենաների (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում, համարվում է  ձեռնարկատիրական գործու­նեութ­յան առարկա համարվող գույքի օտարում:

Նույն կետի «դ» ենթակետի համաձայն՝ եթե ավտոմեքենան օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը:

Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 54-րդ կետին համապատասխան` օտարումը մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի և (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփա­կանության իրավունքի փոխանցումն է կամ ծառայության մատուցումը որևէ ձևով կա­տար­վող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց:

Միաժամանակ, մինչև 01.07.2018թ. օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանված եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշ­վառումն իրականացվում էր (հարկի հաշվարկը կատար­վում էր) հաշվառման դրամարկղային մեթոդով, իսկ 01.07.2018թ.-ից վերոնշյալ եկա­մուտ­­ների մասով եկամտային հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով` համաձայն 21.06.2018թ. ՀՕ-338-Ն օրենքով կատարված փոփոխությունների:

Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա ենթակետի համաձայն՝ հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշ­վառումն իրականացնում է՝ ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ հատուցումների ստացման կամվճարումների կատարման պահից:

Հետևաբար` եթե ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ձեռք են բերվում և օտարվում երկու և ավելի թվով ավտոմեքենաներ, ապա այդ ավտոմեքենաների երկրորդ և ավելի թվով օտարումը (այդ թվում` նվիրատվությամբ) օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` համարվում է ձեռնարկատիրական գործու­նեութ­յան առարկա համարվող գույքի օտարում, և ենթակա է հարկման եկամտային հարկով` 20 տոկոս դրույքաչափով, իսկ հարկման բազան որոշվում է ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան:

Մինչև 01.07.2018թ. ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաները անհատ ձեռնարկա­տեր և նոտար չհանդիսա­ցող այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չէր առաջանում, քանի որ հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառման հիմքերի բացակայությամբ պայմանավորված` ֆիզիկական անձի մոտ եկամուտ չէր ձևավորվում:

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ խնդրի կարգավորումը  հնարավոր է միայն օրենսդրական լուծումների ճանապարհով, որը չի գտնվում ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակում:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին