▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ

 

 

Փոստային ծանրոցներում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց  և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցները 2019 թվականի հունվարի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Հայաստանից Կանադա արտահանվող՝ հագուստի պարունակությամբ 2 առաքանի՝ ընդհանուր 25 կգ քաշով: Զննման ընթացքում մաքսային ծառայողները պատռել են կասկածելի հագուստը: Պարզվել է, որ դրանց ներքին մասում առկա թաղիքները ներծծված են «ափիոն» տեսակի թմրամիջոցով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջորդ օրը` հունվարի 11-ին, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և օպերատիվ-հետախուզության բաժնի աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանի անցման կետից բերման են ենթարկել ծանրոցը Կանադա ուղարկող Իրանի քաղաքացի Ռ.Ա-ին: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` Զվարթնոց օդանավակայանի մոտակայքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել դեպքի հետ առնչություն ունեցող Իրանի մեկ այլ քաղաքացի՝ Ս.Ե-ն:

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: ԻԻՀ երկու քաղաքացիները կալանավորված են:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին