▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դիսուկիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Ողջունելով դեսպանին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային փոխգործակցության շարունակական զարգացումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը և անհրաժեշտ համարել տնտեսական համագործակցության համապատասխանեցումը այդ նշաձողին: Մասնավորապես, գործադիրի ղեկավարը կարևորել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը և գործարար կապերի սերտացման նպատակով բիզնես ֆորումների կազմակերպումը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

 

 

 

 

 

Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը հաստատվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ կառավարությունը կհասնի իր հռչակած ծրագրերի իրականացմանն ու հաջողությամբ կիրականացնի տնտեսական հեղափոխություն: Դեսպանը նշել է, որ պատվով է ստանձնում երկկողմ բարեկամական կապերն ամրապնդելու հանձնառությունը և այդ նպատակով կգործադրի առավելագույն ջանքերը: Նա շեշտել է Եգիպտոսի հայ համայնքի կարևորագույն դերը երկրի զարգացման գործում և ավելացրել, որ իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի հետ բազմակողմ կապերի ամրապնդմանը: Դեսպանը վստահեցրել է, որ ակտիվ գործունեությամբ նոր թափ կհաղորդի հայ-եգիտպական տնտեսական համագործակցությանն ու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, Եգիպտոսի բիզնեսի՝ Հայաստան ներգրավմանը: 

Զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և քննարկել Հայաստանի և Եգիպտոսի միջև փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, տարբեր ձևաչափերով շփումների ակտիվացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Բահաա Դիսուկին կարևորել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին