▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխության իրական առաջնորդները մեր քաղաքացիներն էին. Փաշինյանի հարցազրույցը՝ DIE ZEIT-ին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Դի ցայտ» շաբաթաթերթին, որում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրօրինակ է: «Մեր շարժման ամենասկզբից դրա ամենակարևոր խորհրդանիշը մեր վեր պարզած ձեռքերն էին. դա բնութագրում էր մեր նպատակները՝ նույնիսկ եթե կառավարությունը ուժ կիրառեր, մենք ուժով չէինք պատասխանելու»,- ասել է Փաշինյանը: Նա բացառել է, որ որևէ իրավիճակում կարող է բռնությունն արդարացված համարել: «Բռնությունը բացառելը եղել և մնում է մեր համոզմունքը: Մենք ցանկանում ենք Հայաստանում բացառել բռնությունը»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք հաջողության հասնելու համար առաջնո՞րդ է անհրաժեշտ, Փաշինյանը պատասխանել է, որ իր ամենամեծ ներդրումը կայանում է նրանում, որ հայտարարել է, որ ինքը առաջնորդ չէ: «Այդ պահից մեր շարժումն ապակենտրոնացավ և սկսեց աճել: Դա բարդացրեց կառավարության և ոստիկանության առաջադրանքը՝ մեզ վերահսկելու և կանգնեցնելու առումով: Մենք մեր հետևորդներին միայն մի քանի պայման էինք առաջադրել: Մենք ասել ենք, որ բոլոր գործողությունները պետք է լինեն առանց բռնության, չի կարող լինել ատելության որևէ դրսևորում: Մեր հեղափոխության իրական առաջնորդները մեր քաղաքացիներն էին»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

 

 

 

 

 

Անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանում պետք է դրական փոփոխություններ լինեն այն դեպքում, երբ Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած «գունավոր հեղափոխություններից» հետո այդ երկրներում իրավիճակն այնքան էլ լավ չի եղել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանում տեղի ունեցածը «գունավոր հեղափոխություն» չէր: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ իրենց հետ որևէ օտարերկրյա ուժ կապված չի եղել:

«Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ: Մեր հեղափոխության մեջ ներգրավված էին միայն Հայաստանի քաղաքացիները, ովքեր ավելի լավ ապագա են ցանկանում»,- ընդգծել է նա:

 

 

Օլիգարխներից ձերբազատվելու մասին հարցին Փաշինյանը պատասխանել է. «Ես ընտրողներին բացատրել եմ, որ Հայաստանում այլեւս օլիգարխներ չունենք: Շատերին դա զարմացրեց, քանի որ այդ մարդիկ դեռ տեղում են եւ չպետք է նաեւ հեռանան: Բայց ի՞նչ է նշանակում օլիգարխ: Օլիգարխն օգտվում է արտոնություններից: Նրա համար այլ օրենքներ են գործում, նա մուտք ունի, ազդեցություն կառավարության վրա: Այժմ բոլորի համար պայմանները նույն են»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին