▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսվել է հասարակական և արտադրական շենքերի աղբահանության վճարների վերահաշվարկը

Ոչ բնակելի տարածքների՝ հասարակական և արտադրական շենքերի աղբահանության վճարը փոխվել է և հաշվարկվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի: Սա «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում դեռևս 2018թ. մայիսին կատարված փոփոխությունն է, որն ուժի մեջ է մտել հունվարից: Մասնավորապես, եթե նախկինում նույն շինության տարածքում գործում էին առևտրային տաղավարներ, սրճարաններ, գրասենյակներ, և յուրաքանչյուրն իր գործունեության տեսակից ելնելով, վճարում էր աղբահանության սահմանված առանձին՝ տարբեր վճարներ, ապա այժմ միասնական մոտեցում է ցուցաբերվում. «Նույն տարածքում մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն իրականացնողների համար աղբահանության վճարը հաշվարկվում է այդ գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով»: Թե կոնկրետ որքա՞ն՝ օրենքն արդեն որոշելու հնարավորություն է տալիս համայնքին:

«Պետք է անպայման նշել, որ բնակչի վրա որևէ լրացուցիչ բեռի ավելացում չկա: Այստեղ խոսքը բացառապես հասարակական նշանակության օբյեկտների կողմից ձևավորվող աղբի ծավալների և դրան համարժեք աղբահանության վճարի գանձնման մասին է: Ցանկացած խանութ, բիզնես կենտրոն, կրթական ու մշակութային օջախ, հիվանդանոց նոր վերաբաշխման պարագայում կունենա համաչափ վճարման մեխանիզմեր: Այսինքն, եթե ըստ զբաղեցված մակերեսի է իրականացվում աղբահանության վճարը, ապա սա արդեն արդար է»,-ասում է Հայկ Սարգսյանը: 

 

 

 

Երևանի ավագանու դեկտեմբերի որոշմամբ առևտրային կենտրոնների, այդ թվում շուկաների, հանրային սննդի կետերի աղբահանության վճարը 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով սահմանվեց 70, հյուրանոցների համար՝ 30, արտադրամասերի համար՝ 8 դրամ:
«Մենք ամեն տարի աղբահանության, սանմաքրման աշխատանքների համար տարեկան վճարում ենք շուրջ 5 մլրդ դրամ, իսկ փաստացի հավաքագրում՝ շուրջ 3 մլրդ դրամ: Այս թերհավաքագրումը բեռ է համայնքային բյուջեի վրա, որը ուզում ենք թոթափել: Վստահ ենք, որ հասարակական տարածքների վերահավաքագրման և օրենքի լրացումների շնորհիվ կունենանք մեր ծախսին մոտ հավաքագրում: Դա կմոտենա ինքնածախսածածկման մակարդակին»,-նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
Հունվարից Երևանի քաղաքապետարանը սկսեց աղբահանության վճարների վերահաշվարկը: Որպես օրինակ դիտարկվեցին 80 խոշոր առևտրային կենտրոններ: Այսպիսով՝ միայն այս 80 դեպքով պարզվեց, որ գանձման ենթակա գումարների չափն ավելանալու է տարեկան 150-160 մլն դրամով:
«Վերագույքագրման արդյունքում ստացանք շուրջ 135 տոկոսի տարածքների և դրանց դիմաց գանձվելիք գումարների աճ: Սա նոր բեռ չէ, ուղղակի նախկին վարչարարության փոփոխության հետևանքով առաջացող նոր մուտքեր են: Մենք ունենք Դավթաշեն վարչական շրջանում դեպք, երբ 15 000 քմ տարածք ունեցող առևտրի կենտրոնը վճարել է 6000-ի դիմաց: Այս տարի ծանուցվել է, որ պետք է վճարի ամբողջ տարածքի համար, որովհետև մենք պահպանելու ենք օրենքի տառը», - ընդգծում է Հայկ Սարգսյանը:
Քաղաքապետարանն առաջիկայում հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով, որոնք աղբահանության վճարների հավաքագրումը կդարձնեն առավել արդյունավետ:
Մինչ այդ վարչական շրջաններում աղբահանության վճարների փոփոխության մասին պատրաստվում և տնտեսվարողներին են ուղարկվում ծանուցումներ: Չնայած, տնտեսվարողներն իրենք են պարտավոր հետևել օրենքի փոփոխություններին:
Հաշվի առնելով ոլորտի խնդիրները՝ քաղաքային իշխանությունը գիտակցում է՝ գործընթացը մեկ օրում կյանքի կոչել հնարավոր չէ, բայց նաև հուսով է, որ տնտեսվարողներն ինքնուրույն կերպով կգան օրենսդրական դաշտ: Չէ՞ որ յուրաքանչյուր փոփոխություն արվում է քաղաքի զարգացման և բնակիչների համար:

 

Երևանի քաղաքապետարան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին