▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչափահաս երեխաս տուժում է պետական մարմինների սխալ գործունեության պատճառով. մայրն ահազանգում է

Անչափահաս երեխան փաստացի չի ցանկանում շփվել հոր հետ, սակայն պետական մարմինների ոչ կոմպետենտ գործունեության հետևանքով ստիպված է լինում պարբերաբար սթրեսի ենթարկվել՝ հոր հետ հանդիպումների արդյունքում: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց երեխայի մոր՝ Ի. Մարգարյանի փաստաբան, Դի Էլ Լեգալ Քընսալթինգի  հիմնադիր-տնօրեն Իրինա Դանիելյանը: Վերջինս ներկայացրեց պատմության մանրամասները, այն խնդիրները, որոնց ստիպված են լինում առնչվել իր պաշտպանյալն ու նրա 9-ամյա երեխան՝ պետական մարմինների ոչ ճիշտ գործունեության պատճառով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ի. Մարգարյանն ու Գ. Մարգարյանն ամուսնալուծվել են դատական կարգով, համատեղ երեխա ունեն, որի խնամքի հարցը լուծելու հարցի հետ կապված  2 կողմ էլ դիմել է դատարան՝ պահանջելով երեխայի խնամքը հանձնել հենց իրեն: Ինչպես օրենքի պահանջն է ՝ որպես 3-րդ անձ նախ ներգրավվել է խնամակալության և հոգաբարձության մարմնի հանձնաժողովը և տալիս է իր եզրակացությունը, որն այս դեպքում տրվել է հօգուտ մորը: Այս պահին մենք դեռևս քննության նախնական փուլում ենք: Խնդիրն այն է, որ գրեթե 1 տարի է, ինչ գործը քննվում է, չափազանց դանդաղ է առաջ գնում: Սա արդեն իսկ խախտում է, քանի որ Ի. Մարգարյանն իր գործի՝ ողջամիտ ժամկետում լուծում ստանալու իրավունք ունի»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Վերջինիս խոսքով՝ տղան ցանկություն չունի շփվելու հոր հետ, խուսափում է նրա հետ հանդիպումներից, իսկ դրանց դեպքում՝ ամեն անգամ սթրեսի է ենթարկվում:

«Հայրը մի քանի անգամ գնացել է երեխայի դպրոց, ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, հայհոյանքներ է հնչեցրել երեխայի մոր հասցեին և այդ բոլորն արել է նրա դասընկերների ներկայությամբ:  Բնականաբար, երեխան դրանից հետո հոգեբանական լուրջ սթրես է տարել: Դպրոցի հոգեբանը երեխային կանչել էր իր մոտ, զրուցել նրա հետ և տվել եզրակացություն, որ երեխան վախենում է հորից և չի ցանկանում նրա հետ շփվել: Քանի որ երեխան չի ցանկանում շփվել հոր հետ, Ի. Մարգարյանը, բնականաբար, չի կարող նրա կամքին հակառակ նրան ստիպել հանդիպել հոր հետ: Գ. Մարգարյանը դա այլ կերպ է մեկնաբանում, որ իբր Ի-ն է խոչընդոտում, որպեսզի երեխան շփվի հոր հետ. նա դիմել է դատարան՝ հայցի ապահովում կիրառելու միջնորդությամբ, այսինքն՝ Գ.Մարգարյանը խնդրել է, որ դատարանը պարտավորեցնի Ի. Մարգարյանին չխոչընդոտել, որպեսզի  երեխան հանդիպի հորը: Գործն ուղարկել է հարկադիր, ընդ որում՝ տեսակցության որևէ ժամ կամ հաճախականություն դատարանը չի սահմանել: Սա հակասում է որոշակիության սկզբունքին. նույն հարկադիր կատարողն այսօր  չգիտի, թե ինչ հաճախականությամբ և ինչ տևողությամբ պետք է կազմակերպի այդ հանդիպումները, որն է համարվում ողջամիտ ժամկետ, որն է համարվում խոչընդոտ, այսինքն՝ անհասկանալի իրավիճակ է»,- պատմեց փաստաբանը:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ հոգեբանի տված եզրակացությունը, սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի, ավելին՝ էլեմենտար եզրակացության ձևաչափին այդ եզրակացությունը պարզապես չի համապատասխանում:

«Հարկադիր կատարողը մի քանի անգամ հանդիպում կազմակերպեց իրենց՝ հատուկ հանդիպումների համար նախատեսված սենյակում: Երեխան  չէր ցանկանում հանդիպել հորը, անընդհատ ասում էր այդ մասին, հարկադիր կատարողն արձանագրեց այդ ամենը: 2 անգամ նման արձանագրություն կազմվեց, որ երեխան հրաժարվում է հոր հետ շփվելուց, որից հետո հարկադիրը գործն ուղարկեց հոգեբանի մոտ՝ փորձաքննության: Փորձաքննության անցկացումը հանձնվեց հոգեբան Մարիամ Մեհրաբյանի «Ժեստ» հոգեբանական խորհրդատվության և մանկական կենտրոնին:  Հանդիպումներ կազմակերպվեցին, ինչ-որ թեստեր անցկացվեցին, որից հետո  մենք ստացանք եզրակացություն, որում հոգեբանը՝ Լուսինեն նշել էր, որ անչափահաս տղայի՝ հոր հետ չշփվելու պատճառները պայմանավորված են մոր կողմից հոգեբանական ճնշմամբ: Այդ եզրակացությունը, բնականաբար, որևէ կերպ չի համապատասխանանում իրականանությանը, քանի որ նախ՝ այս եզրակացությունից հետո ևս մեկ հանդիպում կազմակերպվեց երեխայի և հոր հետ, որտեղ ներկա չէին ո´չ Ի-ն, ո´չ նրա դուստրը: Այդ հանդիպմանը ներկա էին միայն երեխան, հայրը, հոր փաստաբանը և հարկադիր կատարողը, այսինքն՝ մայրն օբյեկտիվորեն որևէ հնարավորություն չի էլ ունեցել ժեստերով կամ միմիկայով «հրահանգներ» տալու երեխային: Այդ հանդիպման ժամանակ էլ երեխան դարձյալ հրաժարվեց հոր հետ շփվելուց, ինչը հարկադիրն արձանագրեց: Հոգեբանի տված եզրակցությունը պատշաճ եզրակացություն չի կարող համարվել. նախ՝ փորձագետի եզրակացությունը պետք է պարունակի նշում փորձաքննություն կատարած անձի, նրա ունեցած որակավորման և մասնագիտական ստաժի մասին, իսկ այդ եզրակացության մեջ վերը թվարկածներից որևէ նշում չկա այսինքն՝ էլեմենտար եզրակացության ձևաչափին այս եզրակացությունը պարզապես չի համապատասխանում, ինչն արդեն կասկած է հարուցում: Բացի դրանից, փորձագետի եզրակացության մեջ պետք է հստակ դրվի  կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը, հետազոտությունների արդյունքում որոշակի հետևությունների հանգելու պատճառները: Այս պարագայում մենք ունենք ընդամենը մեկ էջանոց  եզրակացություն, որը որևէ պատճառաբանական մաս իր մեջ չի պարունակում»- պարզաբանեց Իրինա Դանիելյանը:

 

 

Փաստաբանի խոսքով՝ այս ամենը պետական մարմինների ոչ կոմպետենտ գործունեության արդյունքն է:

«Երեխայի իրավական շահն այսօր խախտվում է, որովհետև դատարանն անհիմն կերպով կիրառել է հայցի ապահովում, որն ընդհանրապես պետք է չկիրառեր, որով պարտադրում է երեխային, որ նա իր կամքին հակառակ հոր հետ տեսակցի: Բացի դրանից՝ դատարանը չի սահմանում տեսակցության հաճախականություն, հստակ ժամ: Գ. Մարգարյանն ինքն է թելադրում ժամերը, քանի որ զանգահարում է հարկադիր և նշում, որ ցանկություն ունի տեսնելու երեխային: Սակայն այդպես չպետք է լինի. պետք է հստակ կարգ և հստակ օրեր սահմանվեն, հաճախականություն և տևողություն սահմանվի, այլ պարագայում՝ խախտվում են նաև Ի. Մարգարյանի իրավունքները, քանի որ նրան ցանկացած պահի կարող են զանգահարել հարկադիրից, որպեսզի երեխային տանի հորը տեսնելու, և եթե Ինեսսան չտանի, դա նրա կողմից կարող է դիտվել որպես հոր և երեխայի շփման համար խոչընդոտ, ինչը կարող է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության հիմք առաջացնել: Երեխան փաստացի չի ցանկանում շփվել հոր հետ,  սակայն նրան անընդհատ տանում են հարկադիր, հոգեբանի մոտ, այսինքն՝ երեխայի լավագույն շահը խախտվում է:  Անընդհատ արձանագրվում է, որ երեխան չի ցանկանում շփվել հոր հետ, սակայն գործն ավարտել չենք կարողանում: Ցանկացած գործ քննելիս դատարանը պետ է ելնի երեխայի լավագույն շահերից, որն այս դեպքում չի պահպանվում»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երեխայի Իրինա Դանիելյանը:

 

 

 

 

Երեխայի մայրը՝ Ի. Մարգարյանը նույնպես իր վրդովմունքն արտահայտեց ստեղծված իրավիճակի և պետական մարմինների ոչ պատշաճ աշխատելաոճի վերաբերյալ.

«Պետությունը պետք է պաշտպանի երեխայի լավագույն շահերը, բայց այսօրվա դրությամբ իմ 9-ամյա երեխան տուժում է հենց պետական մարմինների սխալ գործունեության պատճառով, քանի որ հարկադիրը, կատարելով իր աշխատանքը, վնասում է երեխայի հոգեկան վիճակը՝ ստիպելով նրան իր կամքին հակառակ հանդիպել հորը, նույնը տեղի է ունենում նաև այն դեպքում, երբ որդուս տանում են հոգեբանի մոտ: Ես համաձայն եմ, որ հայրն ունի նույն հավասար իրավունքները, բայց նա դրանք պետք է ունենա նաև մյուս հարցերում, այլ ոչ թե պարտադրի երեխային հանդիպել իր հետ իր ուզած օրն ու իր ուզած ժամին: Այս դեպքում պետությունը պաշտպանում է ոչ թե երեխայի շահերը, այլ կատարում է հոր՝ չափահաս մարդու կամակորությունը: Ես դեմ եմ դրան, քանի որ տղա երեխա է մեծանում, ես չեմ ուզում, որ նա հոգեբանորեն ընկճված լինի ու վախ ունենա պետական մարմինների նկատմամբ»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Ի. Մարգարյանը:

Հեղինակ՝ Ա.Գրիգորյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին