▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն այն երկիրն է, որը հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի և խղճի ազատությանը. Նիկոլ Փաշինյան

Կրոնի ազատությունը ամենակարևոր ազատություններից մեկն է։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող Հայաստանում, Վրաստանում և Աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 

«Գոնե ես համոզված եմ, որ մարդն Աստծուն հավատալով առաջին հերթին հավատում է ինքն իրեն: Հետևաբար, կրոնի ազատությունը, Աստծուն հավատալու ազատությունը, իմ պատկերացմամբ, առաջին հերթին ամեն մարդու ինքն իրեն հավատալու ազատությունն է»,- ասաց վարչապետը։

Նա միաժամանակ նշեց, որ ժամանակակից աշխարհում և դրանից առաջ էլ կան մարդիկ, որոնք իրենք իրենց հավատում են, ընդհակառակը, Աստծուն չհավատալով, բայց միևնույնն է, այս պարագայում էլ մարդն ինքն իրեն հավատալու գործընթացում առանցքային դերակատար է դարձնում մարդուն:

«Սա չափազանց կարևոր է: Նկատի ունեմ, որ կրոնի ազատությունը, իհարկե, մարդու ազատությունն է: Կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է և դա առնչվում է ուղիղ այն բոլոր արժեքների հետ, որոնք համընդհանուր կերպով այսօր ճանաչված են մարդկության կողմից՝ լինի դա ժողովրդավարությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքները, ազատությունները, արդարությունը և այդպես շարունակ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

 

 

Նրա խոսքով՝ Հայաստանն այն երկիրն է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի ազատությանը, խղճի ազատությանը: Ըստ նրա՝ Նոր Հայաստանն առավել ևս,  լիարժեք հավատարիմ է այս արժեքներին:

«Կարծում եմ՝ այսօր  Հայաստանի ազգային և կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի կարևորագույն ապացույցներից մեկն է: Մեզ համար սա սկզբունքային հարց է, որ ազգային կրոնական փոքրամասնությունները Հայաստանում պետք է երաշխավորված լինեն, իրենց զգան լիարժեք, իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու և իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն պետք է ունենան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հաջորդ ամենակարևոր թեման համարեց կրոնը և միջկրոնական հարաբերությունները, քանի որ, ըստ նրա, երկար ժամանակ ընդունված է եղել մտածել, որ կրոնը և կրոնական պատկերացումների տարբերությունները սովորաբար բաժանում են մարդկանց իրարից:

«Մենք այս իրավիճակը բավականին տարօրինակ ենք համարում նաև այն առումով, որ հանրահայտ կրոնների կամ ամենատարածված կրոնների մեծ մասն, ըստ էության, բխում են միևնույն Աստծուց: Եվ սա մեզ ստիպում է ասել, որ բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ, քանի որ մեր հավատքը և համոզմունքն այն է, որ կրոնն իրականում մարդկանց միավորելու համար է, կրոնն իրականում խաղաղություն և ներդաշնակություն հաստատելու համար է, կրոնը երջանկության հասնելու համար է, մարդկանց օգնելու համար է, և եթե բաժանարար գծերը կառուցվել են այս կամ այն կրոնի տեսության բերումով, այսինքն՝ մարդկանց տարբեր մեկնաբանությունների բերումով, դա նշանակում է, որ այդ բաժանարար գծերը կարող են վերացվել նաև նույնպիսի մարդկանց նոր մեկնաբանություններով, նոր մոտեցումներով, իրենց իսկ կողմից քաշված և ստեղծված բաժանարար գծերը վերացնելու միջոցով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ուստի, ըստ վարչապետի, դրա ամենակարևոր նախապայմանը փոխադարձ հարգանքն է միմյանց ունեցած համոզմունքների, զգացմունքների, հավատքի, պատկերացումների և ընկալումների վերաբերյալ:

«Ես հատկապես այս առումով եմ կարևորում այսօրվա համաժողովը, քանի որ այս համաժողովում փոխադարձ հարգանքն առավել ևս ընդգծվում է, և այսպիսի համաժողովները պետք է օգնեն, որ մենք կրոնի խաղաղության, ազատության, սիրո և ներդաշնակության կրոնական պատկերացումների մասին հասնենք ընդհանուր մեկնաբանության, ընդհանուր հայտարարի: Ես հավատում եմ, որ սա հնարավոր է, թեև նաև գիտեմ ինչքան դժվար է, բայց դժվարությունները, հատկապես նոր Հայաստանում, երբեք և ոչ մեկին չեն վախեցնում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին