▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տպավորված եմ հայ կինոլոգների կատարելագործվելու մեծ ցանկությամբ․ Ալեքսանդր Ալեքսանդրով

Հունիսի 14-ին ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնում կայացավ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ-կինոլոգիական ջոկատի 8 կինոլոգների որակավորման բարձրացման հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողությունը:

Հավաստագրերը հետախույզ-կինոլոգներին շնորհեց ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը:

Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում մայիսի 20-ից հունիսի 14-ն ԱԻՆ կինոլոգների համար կազմակերպվել էին «Տեխնածին փլուզումների դեպքում տուժածների որոնման ժամանակ կինոլոգիական հաշվարկների կիրառումը» թեմայով որակավորման բարձրացման դասընթացներ:

Ուսուցման գործընթացի կազմակերպման նպատակով Հայաստան էին ժամանել ՌԴ ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության Սանկտ-Պետերբուրգի համալսարանի դասախոսներ, միջազգային որակավորում ունեցող մասնագետներ Ալեքսանդր Ալեքսանդրովը և Նադեժդա Նիկոլաևան:

144-ժամյա դասընթացի ավարտից հետո այսօր Արզնիում տեղակայված ԱԻՆ ուսումնական վարժահրապարակում անցկացվեցին որակավորման քննություններ, ինչպես նաև հետախույզ-կինոլոգների՝ «Հակատեռոր» խորագրով ցուցադրական վարժանքներ:

Ըստ վարժանքի սցենարի՝ բնակելի շենքում տեղի է ունեցել պայթյուն: Տեղեկություններ են ստացվել, որ կիսափլուզված շինության փլատակների տակ կան տուժածներ, շինության մեջ առկա է պայթուցիկ նյութ:

Հետախույզ-կինոլոգների և իրենց կողմից վարժեցված շների առջև խնդիր էր դրվել պայթուցիկ նյութերի առկայության մասով ստուգել շինության առջև կայանված մեքենան, շինության շրջակայքը, ինչպես նաև հայտնաբերել փլատակների տակ գտնվող մարդկանց:

Հետախույզ-կինոլոգները թե՛ քննության ընթացքում և թե՛ վարժանքի ժամանակ կարողացան հստակ կատարել իրենց առջև դրված խնդիրները:

«Շատ տպավորված եմ հայ գործընկերների աշխատունակությամբ, սովորելու և կատարելագործվելու մեծ ցանկությամբ,- ամփոփելով շուրջ երեքշաբաթյա դասընթացները՝ նշեց ՌԴ ԱԻՆ հարավարևելյան դաշնային շրջանի կինոլոգիական ծառայության ղեկավար Ալեքսանդր Ալեքսանդրովը:

«Ուրախ էի հանդիպել մարդկանց, ովքեր ոչ միայն ցանկանում են սովորել, այլև անում են դա»,- ասաց Ալեքսանդր Ալեքսանդրովը:

Մասնագետի խոսքով կինոլոգի աշխատանքի հիմքը պետք է հանդիսանա շների ճիշտ ընտրությունը և վարժեցումը:

«Այս ոլորտում մասնագետների ուսուցումը և շների վարժեցումը պետք է կրի շարունակական և անընդհատ բնույթ: Եթե կինոլոգի և իր անբաժան գործընկերոջ՝ շան գիտելիքները և ունակությունները տարիներ շարունակ չկիրառվեն և մի օր փրկեն անգամ մեկ մարդու կյանք, ապա մեր ջանքերը ապարդյուն չեն լինի»,-նշեց Ալեքսանդր Ալեքսանդրովը:

Հետախույզ-կինոլոգներին ունակությունների և գիտելիքների կիրառման անհրաժեշտության բացակայություն մաղթեց նաև Արկադի Բալյանը:

«Տա Աստված, որ ձեր գիտելիքները երբեք չկիրառվեն, հաջողություն ձեզ և ամենայն բարիք»,- նշեց Արկադի Բալյանը:

ԱԻ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն հայտնեց ՌԴ-ից ժամանած մասնագետներին բեղուն և արդունավետ աշխատանքի համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին