▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցն ամենևին էլ փողը չէ, փիլիսոփայությունն է. Նիկոլ Փաշինյան

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որպեսզի «Հայաստան» համահայկական հիմնադրամը լինի ոչ թե առանձին վերցված ծրագրերի իրականացման հնարավորություն, այլ դառնա համազգային բյուջե: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում:

 

 «Մենք ընդհանրապես պետք է մտածենք համազգային բյուջե ունենալու մասին: Եվ մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը այդ համազգային բյուջեի նկատմամբ: Մեր կառավարության գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկն այն է, որ մենք ուզում ենք փոխել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը Հայաստանի պետական բյուջեի նկատմամբ: Եվ այդ վերաբերմունքի կարևոր փոփոխությունը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի ընկալի, որ այդ փողը ոչ թե ինքը տալիս է ուրիշին, այլ այդ փողը տալիս է ինքն իրեն: Ինչպես ընտանիքում փողերը ծախսվում են տարբեր նպատակներով, այդպես էլ բյուջեում: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընկալի, որ պետական բյուջեի միջոցները ծախսվում են հենց իր համար: Իհարկե, այս գաղափարաբանության շոշափելի ազդեցությունը պետք է ապահովեն այդ գումարները ծախսողները: Ընդհանուր առմամբ, հարցն ամենևին էլ փողը չէ, փիլիսոփայությունն է: Պետք է շատ ավելի անմիջականորեն ցույց տալ, որ ամբողջ հայությունը կանգնած է Հայաստանի ու սփյուռքի կողքին»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 20-րդ դարում դրված խնդիրները լուծվել են, բայց պետք է հաշվի առնել, որ 21-րդ դարում մարտահրավերներն ավելի են լրջանում, ահագնանում, և այդ ահագնացող մարտահրավերներին արձագանքը պետք է լինի համարժեք: «Նախագահները, վարչապետները, կառավարություններն անցողիկ են, իսկ հայրենիքն ու ժողովուրդը հավերժ են: Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենիքի ու մեր ժողովրդի հավերժությանը: Հայրենիքի և ժողովրդի հավերժությունը մի հարց է, որը լուծում պետք է ստանա այսօր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի էության և բովանդակության փոփոխությունը ես տեսնում եմ հենց այս խնդրի լուծման մեջ, և ես համոզված եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, միասնություն, հմտություն և իմաստություն մեր հայրենիքի ու մեր ժողովրդի հավերժության օրակարգը սպասարկելու, այդ հավերժությունն ապահովելու համար»,- նշեց Փաշինյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

 

Կարդացեք նաև՝ Հայկական ներուժի դեմ ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին